Ուրբաթ, 27 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   0 °C

«Արտավազդ» մրցանակաբաշխությունն ամփոփեց թատերական տարին

«Արտավազդ» մրցանակաբաշխությունն ամփոփեց թատերական տարին
1155
Չորեքշաբթի, 27 մարտի, 2019 թ., 23:40

«Արտավազդ» մրցանակաբաշխությունն այսօր ամփոփեց թատերական տարին: Մրցանակաբաշխության լավագույն դերասան անվանակարգում հաղթեց Խորեն Լևոնյանը «Սասնա ծռեր» ներկայացման համար, իսկ լավագույն դերասանուհի ճանաչվեց Տաթև Մելքոնյանը՝ «Անպարկեշտ Թոմի մեկնաբանությունները» բեմադրության համար:

Այս տարի «Արտավազդ» մրցանակաբաշխությունը տեղի ունեցավ Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում. այն նվիրված էր թատերական գործիչ, Պատանի հանդիսատեսի թատրոնի հիմնադիր Տիգրան Շամիրխանյանի 120-ամյակին:

Լավագույն երիտասարդ դերասան անվանակարգում մրցանակներ ստացան Սենիկ Բարսեղյանը «Սև արկղ» և Վիգեն Թադևոսյանը «Իուարշայի սուրը» ներկայացումների համար:

Լավագույն երիտասարդ բեմադրիչ դարձավ Արմեն Մարգարյանը «Դու էիր պակաս» ներկայացմամբ:

Լավագույն սցենոգրաֆիա անվանակարգում հաղթեց Վիկտորյա Ռիեդո-Հովհաննիսյանը «Սասնա ծռեր» բեմադրության համար,

Լավագույն երաժշտության հեղինակ համարվեց Վաչե Շարաֆյանը «Սասնա ծռեր» ներկայացման երաժշտություն համար,

Երկրորդ պլանի լավագույն դերասան անվանակարգում հաղթեց Դավիթ Գասպարյանը «Սասնա ծռեր»-ի համար,

Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի անվանակարգում մրցանակների արժանացան Սաթենիկ Հախնազարյանը «Թակարդ Ստալինի համար» և Աննա Բալանդինան «Խաղաղության փողոցում» ներկայացումներում դերակատարումների համար:

Լավագույն մանկական ներկայացում ճանաչվեց Աբովյանի դրամատիկական թատրոնի «Պոչատ աղվեսը» ներկայացումը:

Լավագույն ներկայացում անվանակարգում մրցանակը հանձնվեց Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի «Չիպոլինո» բալետային ներկայացման համար:

Հայաստանի թատերական գործիչների միության «Արտավազդ» հատուկ մրցանակի արժանացավ Գյումրու Վ. Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնի նախկին տնօրեն, Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանը «Հարսանիք թիկունքում» ներկայացման համար: Հատուկ մրցանակաների աժանացան նաև Համլետ Ղալեչյանը և Գ. Սունդուկյան թատրոնի տնօրեն Վարդան Մկրտչյանը:

Տիգրան Շամիրխանյանի անվան հատուկ մրցանակը հանձնվեց ՀԹԳՄ նախագահ Հակոբ Ղազանչյանին «Թակարդ Ստալինի համար» ներկայացման համար: