Շաբաթ, 20 ապրիլի, 2024 թ.
|
Ստեփանակերտում`   +16 °C

Դատախազությունն ուսումնասիրում է Պողոս Պողոսյանի սպանության ականատեսի հայտարարությունները

Դատախազությունն ուսումնասիրում է Պողոս Պողոսյանի սպանության ականատեսի հայտարարությունները
385
Հինգշաբթի, 05 սեպտեմբերի, 2019 թ., 20:45

Գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը «Ազատությանը» փոխանցեց, որ Վրաստանի 43-ամյա քաղաքացի, դաշնակցական Պողոս Պողոսյանի սպանությանը 18 տարի առաջ ականատես եղած Ստիվեն Նյուտոնի՝ լրատվամիջոցներում արած հայտարարությունները դատախազությունում ուսումնասիրվում են:

Նյուտոնը «Ազատության» հետ զրույցում ասել էր, որ պատրաստ է դատարանում կրկնել այն ցուցմունքը, որը 2001 թվականին դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահած դատարանը որոշեց հաշվի չառնել՝ հիմնավորմամբ, որ այն անգլերեն է եղել։ Երեկ «Ազատությանը» տված հարցազրույցից հետո Նյուտոնն իր բացատրությունն ներկայացրել է Գլխավոր դատախազությանը:

Գործով հիմնական վկա համարվող Մեծ Բրիտանիայի քաղաքացին, որը 2001-ին որպես հրավիրյալ դասախոս դասավանդել է կառավարման դպրոցում, պատմում է, որ տեսել է, թե ինչպես է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի թիկնազորը «Առագաստ» սրճարանի զուգարանում դաժանաբար ծեծելով սպանել Պողոս Պողոսյանին այդ օրը սրճարան եկած Շառլ Ազնավուրին և Ռոբերտ Քոչարյանին մոտենալու և «պրիվետ, Ռոբ» ասելու համար:

«Քոչարյանը եկավ իր շքախմբով։ Նրա հետ էր Ազնավուրը, և բոլորը ծափահարեցին հաճելի ծերուկին։ Նրանք նստեցին սեղանի շուրջ։ Բայց այդ երեկո ավելի վաղ այդտեղ էին երկու տղամարդիկ, ովքեր ենթադրաբար Քոչարյանին գիտեին, ինչ-որ առիթ էին նշում։ Ըստ երևույթին, նրանք մոտեցան Քոչարյանի սեղանին՝ ասելով՝ «Բարև, Ռոբ» կամ նման մի բան։ Եվ նա դրանից վիրավորվեց։ Երբ Քոչարյանը գնաց, մենք այստեղ էինք նստած՝ ներքևում, ուղիղ տղամարդկանց համար նախատեսված զուգարանի և դեպի ճանապարհ տանող աստիճանների դիմաց։ Քոչարյանին բարևող տղամարդիկ նրա հետևից գնացին ու հետո հետ եկան, նրանց թիկնապահները հետ հրեցին, հրեցին տղամարդկանց զուգարանը։ Կինս ասաց, որ նրանց կսպանեն։ Ես վազեցի, մտա ներս։ Այդ Կուկու կոչվածը ատրճանակի կոթով ծեծում էր երկրորդ տղամարդուն։ Ես նրան հրեցի։ Երբ մտա ներս, երկրորդ տղամարդը՝ Պողոս Պողոսյանը, ընկած էր հատակին, նա համարյա մեռած էր, նրա գլուխն ուռած էր»:

74-ամյա Ստիվեն Նյուտոնը պատմում է, որ հաջորդ օրն իսկ Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանը օգնել է իրեն մեկնել Ռումինիա, քանի որ իր անվտանգության հետ կապված անհանգստություններ են ունեցել: Նյուտոնը սակայն կնիքով հաստատված իր ցուցմունքը այդ երկրում բրիտանական հյուպատոսի ներկայությամբ ստորագրել և ուղարկել է Հայաստան: Ցուցմունքը, որի իր օրինակը Նյուտոնը մինչև հիմա պահում է, Պողոս Պողոսյանի իրավահաջորդների փաստաբան Ռուբեն Սահակյանին այդպես էլ չի հաջողվել կցել գործին: Նկատենք, Ռուբեն Սահակյանը այժմ Քոչարյանի շահերը պաշտպանող փաստաբաններից մեկն է: Իսկ այն ժամանակ ներկայացնում էր սպանված Պողոս Պողոսյանի եղբորը:

Ռոբերտ Քոչարյանի թիկնազորից միայն «Կուկու» մականունով հայտնի Աղամալ Հարությունյանը նստեց մեղադրյալի աթոռին, այն էլ՝ Քրեական օրենսգրքի 103-րդ հոդվածի՝ անզգույշ սպանության հատկանիշներով, և դատապարտվեց երկու տարվա պայմանական ազատազրկման:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում: