Ուրբաթ, 26 ապրիլի, 2024 թ.
|
Ստեփանակերտում`   +22 °C

«50-60 տարի առաջ բացված հանքը դեռևս չգործող հանքավայրի հետ համեմատելը կամ կարճամտություն է, կամ՝ մանիպուլյացիա». բնապահպան

«50-60 տարի առաջ բացված հանքը դեռևս չգործող հանքավայրի հետ համեմատելը կամ կարճամտություն է, կամ՝ մանիպուլյացիա». բնապահպան
366
Շաբաթ, 14 սեպտեմբերի, 2019 թ., 13:50

«Մի խնդիր կա, որի մասին մինչ այժմ չի ասվել: «ՀՀ բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ Ամուլսարի նման նախագծերը պետք է անցնեն սանիտարական փորձաքննություն, որն իրականացնողը առողջապահության նախարարությունն է: Դա չի արվել»,- սեպտեմբերի 14-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց բնապահպան-իրավաբան Նազելի Վարդանյանը: Ըստ նրա՝ մինչ այժմ տրված բոլոր թույլտվությունները, շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատումը և փորձաքննական գնահատումը տրվել են օրենքների խախտումներով: Խախտվել են ՀՀ սահմանադրությունը, «Ջրային օրենսգիրքը», «Ընդերքի մասին» օրենսգիրքը. «Հողային օրենսգիրքը», «Սևանա լճի մասին», «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին», «Կենդանական աշխարհի մասին», «Բուսական աշխարհի մասին» օրենքները և 10 միջազգային կոնվենցիաներ: Այդ խախտումներրը Ն. Վարդանյանը անցյալ տարի ներկայացրել է կառավարություն, սակայն մինչ օրս ոչինչ չի արվել:

«Մի կասկածելի հիմքով քրեական գործ է հարուցվել, որ չգիտենք՝ ինչ ճակատագրի է արժանանալու:Մեկ հայտարարեցին, որ հիմքեր չկան շարունակելու, պետք է կարճվի, հիմա էլ մի նոր քննչական խումբ են ձևավորել, շարունակում են: Սա անհասկանալի իրավիճակ է: Երբ ես վարչապետին ասացի, որ «Էլարդի» ուսումնասիրության հիման վրա չեք կարող գործը կարճել, նա ասաց, որ 35 հազար փաստաթուղթ կա գործում: Ես հաջորդ հարցը տվեցի. եթե 35 հազար փաստաթուղթ կար, և դրա հիման վրա կարող էիք կարճել, ապա ինչո՞ւ էիք 400 հազար դոլար ծախսում և նոր փորձաքննություն նշանակում»,-ասաց բնապահպան-իրավաբանը:

Բնապահպան Լևոն Գալստյանն էլ նշեց, որ Ամուլսարի ծրագիրն իրագործելու դեմ խոսվում էր դեռ 2010թ., մինչդեռ ոմանք պնդում են, թե բողոքողները հեղափոխությունից հետո են արթնացել:

«Այդպես չէ, ուղղակի հեղափոխությունը տվեց այն շանսը, որ ջերմուկցիները կարող են վերականգնել իրենց խախտված իրավունքները»,-ասաց բնապահպանը:

«Քաջարանի, Ագարակի, Կապանի, Ախթալայի, Ալավերդու, Սոդքի և մյուս բոլոր հանքավայրերը բացվել են խորհրդային տարիներին: Շատ բնապահպաններ այդ ժամանակ չէին էլ ծնվել, չէին կարող այդ հանքերի բացման դեմ պայքարել: Ու հիմա համեմատել 50-60 տարի առաջ բացված հանքը դեռևս չգործող հանքավայրի հետ, կամ կարճամտություն է, կամ՝ միտումնավոր մանիպուլյացիա»,-գնահատեց Լ. Գալստյանը: