Փաշինյանը ՄԱԿ-ի ամբիոնից դիմեց Իլհամ Ալիևին
![]() 1040 Հինգշաբթի, 26 սեպտեմբերի, 2019 թ., 09:40 Ինչպես արդեն հայտնել էինք, վարչապետ Նիկոլ Փաշինյանը ելույթ է ունեցել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 74-րդ նստաշրջանում: Ստորև ներկայացնում ենք ելույթի՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը վերաբերող հատվածը, որտեղ նա կոչով դիմում է Ալիևին. «Հակամարտության խաղաղ կարգավորումն առանցքային նշանակություն ունի մեր տարածաշրջանի կայունության և անվտանգության համար: Իմ պաշտոնավարման առաջին իսկ օրվանից ես քայլեր եմ ձեռնարկել հենց այս համատեքստում: Այս նպատակով, ես հանդես եկա հայտարարությամբ, որում ասվում է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության ցանկացած լուծում պետք է ընդունելի լինի Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի ժողովուրդների համար: Հատկանշական է, որ ես առաջին հայ ղեկավարն էի, ով նման դիրքորոշում հայտնեց հակամարտության կարգավորման վերաբերյալ: Ինձ խստորեն քննադատեցին իմ երկրում լուծման այնպիսի բանաձևի համար, որը հավասարության նշան է դնում հակամարտության 3 կողմերի միջեւ: Այդուամենայնիվ, ես հավատում եմ, որ դա հակամարտության խաղաղ լուծման բանալին է, քանի որ այն ենթադրում է փոխզիջման, փոխադարձ հարգանքի և հավասարակշռության հնարավորություն: Ես այդ բանաձևը ներկայացրեցի ոչ միայն հանրությանը, այլև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ներքո անցկացվող բանակցությունների շրջանակում: Առաջ ընթանալու համար ես ակնկալում էի նման հայտարարություն նաև Ադրբեջանից: Այնուամենայնիվ, Ադրբեջանի բարձրագույն իշխանությունները մնացին իրենց դիրքորոշմանը՝ ձգտելով ղարաբաղյան հիմնախնդրի այնպիսի լուծման, որն ընդունելի կլինի միայն Ադրբեջանի ժողովրդի համար: Ի՞նչ է դա նշանակում իրականում: Դա նշանակում է, որ Ադրբեջանի իշխանությունները մտադրություն չունեն լուծել այս հակամարտությունը: Փոխարենը, նրանք ցանկանում են հաղթել Լեռնային Ղարաբաղի ժողովրդին: Նրանք չեն ցանկանում գնալ որևէ փոխզիջման: Նրանց նպատակը վրեժխնդրությունն է 1990-ականներին և 2016 թվականին Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ ագրեսիայի անհաջող փորձի համար: Այդ իսկ պատճառով նրանք բորբոքում են հակահայկական տրամադրություններ իրենց ժողովրդի մեջ, այդ պատճառով նրանք հսկայական ռեսուրսներ են ծախսում սպառազինության վրա, այդ իսկ պատճառով հայատյացությունն արդեն դարձել է Ադրբեջանի պաշտոնական քաղաքականությունը: Փաստորեն, մեր հակառակորդները ցանկանում են հետ բերել Լեռնային Ղարաբաղի խորհրդային ժամանակների կարգավիճակը: Բայց դա ապարդյուն ջանք է, քանի որ խորհրդային շրջանում Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի ժողովուրդը հռչակել է իր անկախությունը և ինքնորոշում իրականացրել այնպես, ինչպես դա արեց Ադրբեջանը՝ դուրս գալով Խորհրդային միության կազմից: Ադրբեջանի այս դիրքորոշումը հավասարազոր է Խորհրդային միության վերականգնման գաղափարին։ Ադրբեջանի կառավարությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը ներկայացնում է որպես Հայաստանի և Ադրբեջանի միջև տարածքային վեճ: Մենք բնավ համաձայն չենք հակամարտության այդպիսի մեկնաբանության հետ: Դա վեճ չէ Հայաստանի և Ադրբեջանի միջև: Այս վեճը տարածքային պահանջների մասին չէ: Խոսքը մարդկանց մասին է, տղամարդկանց, կանանց և իրենց հայրենիքում ապրելու նրանց իրավունքի մասին, այնպես, ինչպես ապրել են իրենց նախնիները դարերի ընթացքում: Ցավոք, Ադրբեջանի իշխանությունները չեն ցանկանում խոսել այդ մարդկանց հետ և բանակցել նրանց հետ, քանի որ նրանք ցանկանում են ունենալ տարածքներ, բայց ոչ ժողովուրդ: Ավելի ճիշտ՝ տարածքներ, առանց ժողովրդի: Տիկնայք եւ պարոնայք, կարևոր եմ համարում բացատրել, թե ինչու եմ ես անդրադառնում այս թեմային: Կարող է թվալ, թե ես կամենում եմ նպաստել տարածաշրջանում լարվածության աճին: Իհարկե՝ ոչ, ընդհակառակը, ես ուզում եմ ասել, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը շատ բարդ և ցավոտ հարց է տարածաշրջանի ժողովուրդների համար, որն անհնար է լուծել առանց ծանր և հետևողական աշխատանքի, առանց փոխզիջման, փոխադարձ հարգանքի և հավասարակշիռ մոտեցման: Ուստի ես կոչ եմ անում իմ գործընկերոջը՝ նախագահ Իլհամ Ալիևին, ընդունել բանաձևը՝ պայմաններ ստեղծել խաղաղ գործընթացում առաջընթացի համար: Լեռնային Ղարաբաղի հակամարտության ցանկացած լուծում պետք է ընդունելի լինի Հայաստանի ժողովրդի, Լեռնային Ղարաբաղի ժողովրդի և Ադրբեջանի ժողովրդի համար: Մենք պետք է միասին աշխատենք՝ այս բանաձևը իրականություն դարձնելու համար»: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
146Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
217Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
254Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
210Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
171Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
280Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
310Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
378Երեկ, 15:22
