Ուրբաթ, 22 սեպտեմբերի, 2023 թ.
|
Ստեփանակերտում`   +20 °C

«Վերաբնակեցումը ցույց կտա՝ Փաշինյանի իշխանությունը հող հանձնո՞ղ է, թե՞ հող պահող». Նարեկ Սարգսյան

«Վերաբնակեցումը ցույց կտա՝ Փաշինյանի իշխանությունը հող հանձնո՞ղ է, թե՞ հող պահող». Նարեկ Սարգսյան
303
Երկուշաբթի, 27 ապրիլի, 2020 թ., 03:10

Ջութակահար Նարեկ Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Կասկած չկա, որ Քարվաճառի բնակեցումը միակ ճանապարհն է, որը հնարավորություն կտա Ղարաբաղի հարցի լուծման ժամանակ այդ շրջանը պահել մեր վերահսկողության տակ։ Քարվաճառը բնակեցնելը տեխնիկապես զգալիորեն ավելի հեշտ է, քան, օրինակ, Լաչինի բնակեցումը։ Քարվաճառը Երևանից հեռու է ընդամենը 3,5 ժամ (Սիսիանի չափ), ունի տուրիստական մեծ պոտենցիալ, իսկ Քարվաճառից հարավ ընկած տարածքը խորհրդային տարիներին թուրքերեն կոչվում էր «Իստիսու», այսինքն՝ «Տաք ջուր» և մեծ առողջարանային կենտրոն էր, ինչպես Ջերմուկը։ Իստիսուի ավերակները մինչև հիմա կան։ Եթե որպես հեռանկարային պլան դրվի շրջանի բնակչությունը 50.000-ի հասցնելը, մոտավոր հաշվարկով այդքան մարդու համար բնակարանաշինությունը կարժենա 300-400 միլիոն դոլար։ Բնական է, որ նոր բնակեցվածներին պիտի տրվի նաև աշխատելու և հարմարվելու համար անհրաժեշտ բոլոր հնարավորությունները։ Կոպիտ հաշվարկով Քարվաճառի բնակեցումը կնստի միլիարդ դոլարից ոչ ավելի։ Թվում է, թե դա Հայաստանի ու Արցախի համար շատ մեծ ծախս է, բայց անկախությունից ի վեր միայն Հայաստանում կառուցվել է մի 100 միլիոն դոլարի եկեղեցի։ Մեկ միլիարդը տասը տարվա վրա բաշխելու դեպքում տարեկան 100 միլիոն դոլար գտնելն իմ կարծիքով իրատեսական է։ Բացի դա անպայման արժի դիտարկել Ջերմուկ-Իստիսու-Քարվաճառ և Վարդենիս-Նորաբակ Քարվաճառ ճանապարհների կառուցման հարցը։ Դրանք անվտանգության առումով անգնահատելի նշանակություն կունենան։

Հայաստանի գլխավոր ռազմավարական հարցը հայ-թուրքական և հայ-ադրբեջանական ապաշրջափակումն է, որով միայն Հայաստանը լիարժեք երկիր կդառնա։ Իսկ դրա բանալին Ղարաբաղի հարցի լուծումն է։ Այս հարցում Հայաստանը ոչ մի օգնող չունի, մենք մենակ ենք մեր եղած ուժերով։ Միամտություն կլինի խաբնվել այն բանին, որ այսօր Հայաստանի նկատմամբ ճնշումներ չկան։ Մի օր լինելու են ճնշումներ ու երբ էդ մի օրը գա, մենք տեսնելու ենք, որ իմունիտետ չունենք։ Ավելի լավ լուծում, քան նախկին ԼՂԻՄ-ի շրջան գումարած Լաչինի միջանցքի միջանկյալ կարգավիճակ, ապաշրջափակում և փոխարենը 6 շրջանների վերադարձ, ոչ մեկը մեզ չի առաջարկելու։ Հայաստանի որ մի ղեկավարին հաջողվեց ԼՂԻՄ-ի ու Լաչինի հետ պահել նաև Քարվաճառը, այդ ղեկավարի ոսկե արձանը կարելի է տեղադրել Հանրապետության հրապարակում՝ Լենինի արձանի տեղում։ Գործից հասկացող մարդիկ գիտեն ասածիս լրջությունը։

Բայց եկեք հարցին նայենք «Ոչ մի թիզ թշնամուն» տեսանկյունից։ Հող չտալը շատ լավ բան է, եթե կարողանաս։ Բայց եկեք սահմանենք՝ ի՞նչ է նշանակում «Հող չտալ»։ Եթե դու տարիներով ձգձգում ես փոխզիջումը, բայց բնակեցում տեղի չի ունենում, դու ամենամեծ հող տվողն ես։ «Հող չտալ» նշանակում է՝ «Բնակեցնել»։ Ասա քանի մարդ ես բնակեցրել դու, ասեմ՝ դու հող տվո՞ղ ես, թե՞ պահող։ Քոչարյանի ու Սարգսյանի ժամանակ զրո բնակեցում է տեղի ունեցել։ Ավելին, Լաչինում բնակվող շատ մարդիկ հեռացել են։ Էդ երկուսի ամենամեծ հանցանքը մեր երկրի նկատմամբ ո՛չ թե լուծումից խուսափելն է եղել, այլ բնակեցման համար 20 տարի կորցնելը։ Թող էլի՛ հարցը չլուծեին, բայց գոնե բնակեցնեին։

Այսպիսով՝ Քարվաճառի բնակեցումն այլ բան չէ, քան հողերը պահելու ակտիվ գործողություն։ Այս հարցում փոխզիջման կողմնակիցների և ոչ մի թիզ ասողների դիրքորոշումները փաստորեն նույնն են։ Եթե մենք կարողացանք 90-ականների աղքատ վիճակում Լաչինը բնակեցնել, ի՞նչն է մեզ խանգարում ներկայիս պայմաններում, երբ Հայաստանում դեռ կան բազմաթիվ անտուն մարդիկ, սիրիահայերի հսկայական հոսք կա տարբեր երկրներ, Իրանից, Ռուսաստանից, այլ երկրներից եկած հայերով մի քանի տարում վերաբնակեցնել Քարվաճառը, Ղարաբաղի հարցում ստեղծել հավելյալ ուժեղ խաղաթուղթ և մեկընդմիշտ հայկականացնել ռազմավարական առումով անգնահատելի այդ շրջանը։

Քարվաճառի և առհասարակ ազատագրված տարածքների բնակեցումն այն չափանիշն է, որով պատմությունը կգնահատի՝ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը հող հանձնո՞ղ է, թե՞ հող պահող։ Պատմության համար խոսքերը ոչինչ չեն նշանակելու։ Նշանակություն է ունենալու վերաբնակների թիվը։ Մինչև հիմա անցումային շրջան էր, բայց հիմա, երբ Ղարաբաղն ունի նորընտիր նախագահ, Փաշինյանի իշխանությունն էլ արդեն հունի մեջ ընկած է, այս հարցը հույս ունեմ, որ կդառնա օրակարգ։ Սա այն հարցն է, որում իշխանությունները լիակատար աջակցություն են ունենալու, դրանում էլ կասկած չունեմ»։