Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.
|
Ստեփանակերտում`   +6 °C

Փաշինյանն ու Ալիևը՝ Ադրբեջանի կողմից կռվող օտարերկրյա վարձկանների և ահաբեկիչների մասին

Փաշինյանն ու Ալիևը՝ Ադրբեջանի կողմից կռվող օտարերկրյա վարձկանների և ահաբեկիչների մասին
1358
Հինգշաբթի, 15 հոկտեմբերի, 2020 թ., 20:50

«Россия сегодня» միջազգային տեղեկատվական գործակալության գլխավոր տնօրեն Դմիտրի Կիսելյովը հարցազրույցներ է վերցրել Հայաստանի ու Ադրբեջանի առաջնորդներից։

Կիսելյովը հետաքրքրվել է Ադրբեջանի կողմից կռվող օտարերկրացի վարձկանների ու ահաբեկիչների մասին, ինչին ի պատասխան Նիկոլ Փաշինյանն ասել է. «Այդ մասին արդեն ողջ աշխարհն է խոսում։ Դա շատ կարևոր նրբություն է, և կարևոր է նաև այն պատճառով, որ կօգնի հասկանալ՝ ով ինչ նկատառումներով է սկսել ռազմական գործողությունները։ Իհարկե, կան կոնկրետ ապացույցներ, որ Սիրիայից բերված ահաբեկիչ գրոհայինները մասնակցում են Լեռնային Ղարաբաղի դեմ մղվող մարտերին։ Ապացուցող տեսագրություններ կան, որոնք հրապարակվել են սոցցանցերում ու լրատվամիջոցներում։ Ու հիմա ակնհայտ է, որ Թուրքիան այդ պատերազմի գլխավոր հովանավորն է։ Թուրքիան է վարձել ու տեղափոխել գրոհային ահաբեկիչներին Ղարաբաղյան հակամարտության գոտի։ Թուրքիայի հովանու ներքո է Լեռնային Ղարաբաղի դեմ հարձակում սկսելու որոշում կայացվել։

Կարևոր է հասկանալ՝ ինչո՞ւ։ Քանի որ ակնհայտ էր՝ Ադրբեջանի բանակը միայնակ չի կարող կռվել Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի դեմ։ Այդ պատճառով Թուրքիան որոշել է ներգրավել ահաբեկիչների, թուրքական զորքերը ոչ միայն ներգրավված են ռազմական գործողությունների ղեկավարման մեջ, այլև անմիջական մասնակցություն ունեն թուրքական բանակի հատուկ ստորաբաժանումները։ Որոշ տվյալների համաձայն՝ մարտական գործողություններին մասնակցում են նաև Պակիստանի բանակի հատուկ ստորաբաժանումները։ Կարծում եմ, առնվազն Թուրքիայի կողմից գրոհայինների մասնակցությունն ամբողջ աշխարհում ապացուցված է, քանի որ բազում միջազգային ԶԼՄ-ներ արդեն գրում են այդ մասին։

Վերջին օրերի ընթացքում շատ հետաքրքիր տեղեկություն եկավ Ռուսաստանից, Հյուսիսային Կովկասից, որ Չեչնիայում ու Դաղստանում գրոհայինների են ոչնչացվել։ Տեղեկություն կար, որ այդ գրոհայիններն արտասահմանից՝ Սիրիայից են Ռուսաստան եկել։ Եվ ես այստեղ անմիջական կապ եմ տեսնում․ Թուրքիան գրոհայիններին Ղարաբաղյան հակամարտության գոտի է տեղափոխել՝ Լեռնային Ղարաբաղի դեմ պատերազմելու համար, իսկ հիմա նրանք արդեն Հյուսիսային Կովկասում են։ Այս հատկանշական փաստը ցույց է տալիս, որ տվյալ իրավիճակն արդեն ոչ միայն Լեռնային Ղարաբաղի հակամարտության մասին է, այլ դուրս է եկել լոկալ սահմաններից։ Սա արդեն լիարժեք տարածաշրջանային հակամարտություն է, որը շոշափում է տարածաշրջանի երկրների կոնկրետ շահերը։ Կարծում եմ, հատկապես Ռուսաստանում պետք է մեծ ուշադրությամբ վերաբերվեն այդ փաստին։

Ինչ վերաբերում է հայկական կողմին, իհարկե Լեռնային Ղարաբաղի կողմից կռվող օտարերկրացիներ չկան։ Կարող են լինել հայեր, որոնք սփյուռքից եկել են՝ հայրենակիցներին աջակցելու։ Բնականաբար, նրանց չի կարելի վարձկան համարել»:

Հարցի վերաբերյալ եթերի ընթացքում Ալիևը կրկին հերքել է վերոնշայլ փաստերը՝ ասելով, թե իբր Ադրբեջանի կողմից վարձկան ահաբեկիչներ ներգրավված չեն:

Մանրամասները՝ տեսանյութում:

Փաշինյանն ու Ալիևը՝ Ադրբեջանի կողմից կռվող օտարերկրյա վարձկանների մասին