Ուրբաթ, 22 սեպտեմբերի, 2023 թ.
|
Ստեփանակերտում`   +15 °C

«Նա է լինելու այն արյան պատճառը, որ վաղն է թափվելու»․ Հայկ Մարտիրոսյան

«Նա է լինելու այն արյան պատճառը, որ վաղն է թափվելու»․ Հայկ Մարտիրոսյան
284
Չորեքշաբթի, 06 հունվարի, 2021 թ., 01:15

Քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Միլիոնանոց քաղաք Մոսուլը Իսլամական Պետության ահաբեկիչները վերցրեցին ընդամենը շուրջ հարյուրհիսուն հոգով: Մեկ գիշերում: Առանց մարտերի: Առանց զոհերի: Առանց որևէ ջանքի:
Քաղաքն ընկավ առանց կռվի: Իրաքյան սարսափահար տասնյակ հազարանոց բանակային կորպուսները, որ տեղավորված էին քաղաքում՝ համազգեստները նետեցին ասֆալտին և մայրուղով փախան դեպի Բաղդադ:
ԻՊ-ն, նախքան հարձակումը, արդեն ՅուԹյուբով տասնյակ գլխատումների և հարձակումների տեսանյութեր էր տարածել և քաղաքի պաշտպաններն ու կառավարական բանակը վստահ էին, որ թշնամուն այն հանձնելով՝ անվտանգություն ձեռք կբերեն, խնդիրը կավարտվի և իրենք կփրկվեն:
Մոսուլը դարձավ ԻՊ ամենակարևոր քաղաքը Իրաքում: Հաստատվեց ծանրագույն շարիաթ, սկսվեցին զանգվածային և ցեղասպանական սպանություններ, հողին հավասարեցվեցին հարյուրավոր պատմամշակութային կոթողներ: Առաջին իսկ օրը սկսվեցին հարյուրավոր ոստիկանների, զինվորականների և քաղաքացիական իշխանությունների, ինչպես նաև մնացած շիա բնակչության զանգվածային, ինդուստրիալ մակարդակի մահապատիժներ: Փողոցներում, ջրի մոտ, բակերում և հրապարակներում: Չփրկվեց ոչ ոք: Ոչ ոք և ոչինչ:
Մոսուլը դարձավ նաև ԻՊ պաշտոնական հիմնադրման վայրը և մայրաքաղաքը, որտեղից պսևդոպետությունը սկսեց տարածվել ողջ տարածաշրջանով մեկ ու գրավել մնացյալ Իրաքը:
Կարճ ժամանակ անց, երբ Մերձավոր Արևելքն այլևս պայթյունի եզուին էր կանգնած՝ Իրաքի պետական բանակը՝ ցամաքից ուժեղացված շիա կամավորական մարտունակ գնդերով, իսկ օդից՝ ամերիկյան հարվածային օդանավներով՝ սկսեց քաղաքի ազատագրումը:
Բաղդադում հասկանում էին, որ առանց Մոսուլ չկա Բաղդադ: Չկա և Իրաք: Առանց Իրաքի՝ չկա Մերձավոր Արևելք, չկա խաղաղություն:
Ազատագրման օպերացիան նախատեսվում էր ավարտել ընդամենը մի քանի շաբաթվա ընթացքում: Բայց այն մեկ տարի տևեց:
Կառավարական զորքերը քաղաքը մաքրում էին տուն առ տուն, բակ առ բակ: Օդից ամերիկյան օդուժը, իսկ ցամաքից իրաքյան հրետանին թաղամաս առ թաղամաս հողին էր հավասարեցնում Մոսուլը:
Եվ այդ ամենը ամեն օր՝ մեկ տարի շարունակ: Ամեն օր ...
Մոսուլն ազատագրվեց: Բայց Մոսուլ այլևս չկար: Չկային նաև տասնյակ հազարավոր կյանքեր, որ զոհաբերվեցին Իրաքի զարկերակը հետ բերելու համար:
Այդ մահերի պատասխանատվությունն ընկած է այն տասնյակ հազարավոր անողնաշար զինվորների, գեներալների և քաղաքական ղեկավարության ուսերին, որ ընդամենը հարյուրհիսուն ահաբեկչի՝ գրեթե առանց կրակոցի հանձնեցին իրենց հայրենիքի կարևորագույն այդ մասը:
Մի օր, եթե իհարկե այդ օրը գա, որովհետև թշնամին պատրաստվում է իր վերջնական և Հայաստանն անէացնող հարվածին՝ Հայաստանում վերջապես իշխանության կլինեն հայրենանվեր և խելացի ուժեր: Այդ ուժերը Հայաստանն ազատագրելու ուղի կբռնեն: Որովհետև չկա և չի կարող լինել Հայաստան՝ առանց այսօրվա կորցրածի:
Եվ կլինեն զոհեր: Ծանր զոհեր:
Եվ թե´ այդ զոհերի և թե´ այն զոհերի, որ դրան նախորդող թշնամական հաջորդ հարվածի ժամանակ են լինելու՝ պատասխանատուն այսօրվա Հայաստանի դավաճանն է լինելու:
Սեպտեմբեր-նոյեմբեր խայտառակության ողջ արյունն, անշուշտ, նրա ձեռքերին և շուրթերին է նստած, նա է խմել կյանքերը մեր հերոսների: Բայց նաև նա է լինելու այն արյան պատճառը, որ վաղն է թափվելու: Եվ չի լինելու դժոխքում նրա համար մի անկյուն, որտեղ այնտեղ գտնվող հազարամյակների մեջ իր արածով և որակներով եզակի այս հրեշը հանգիստ է գտնելու:
Բայց բացի դավաճանից՝ նաև մենք և նախևառաջ մենք ենք լինելու: Որովհետև այսօր լուռ ենք, երբ առանց մի կրակոցի՝ խաղաղություն մուրալու խաբկանքի ներքո լռելյայն հետևում ենք հայրենիքի հանձնմանը թշնամուն: Եվ ապագա նահատակների արյունը նաև մեր խղճին է անպայմանորեն լինելու:
Իսկ նա ... նա հեռու կլինի: Եվ իր հրեշավոր ժառանգության ու մեր հրեշավոր անգործության գինը էլի մենք ենք վճարելու»: