Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +9 °C

Պատերազմին մասնակցած, այնուհետև գերությունից վերադարձած տղամարդը մինչ օրս ոչ մի աջակցություն չի ստացել

Պատերազմին մասնակցած, այնուհետև գերությունից վերադարձած տղամարդը մինչ օրս ոչ մի աջակցություն չի ստացել
873
Հինգշաբթի, 18 փետրվարի, 2021 թ., 10:15

Պատերազմի մասնակից Ռազմիկ Ազիզբեկյանը դիմել է MAMUL.am-ի խմբագրություն՝ նշելով, որ Պաշտպանության և Աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարարություններից ոչ մի աջակցություն չի ստացել:

Սեպտեմբերի 27-ին երեք ընկերներով կամավորագրվել և մեկնել են առաջնագիծ, գերեվարվել են, իսկ գերությունից վերադառնալուց հետո ՊՆ-ն հայտնել է, որ բազայում նրանց տվյալները բացակայում են:

Տղամարդու խոսքով՝ մինչ այսօր ծառայության դիմաց սահմանված, այսպես կոչված, մոբի գումարն անգամ չի ստացել:

«Ամսի 27-ին երեք ընկերով գնացինք Մաշտոցի զինկոմիսարիատ, ասացինք՝ մեզ ուր ուզում եք՝ ուղարկեք, մենակ թե՝ երեք ընկերով… Վերադառնալուց հետո ասացին՝ ձեր անունները բացակայում են: Ճշտման համար գնացինք զինկոմիսարիատ. մինչև հիմա մեր զինգրքույկները չկան…Մեկ ասում են Ղարաբաղում է, ուղղակի Ղարաբաղը չի հաստատում, ասում եմ՝ ուրեմն Բաքո՞ւ եմ ապրել… Հետո ասացին՝ անունդ կգրենք, գոնե մոբի փողը կստանաս»,- ասաց տղամարդը՝ հավելելով, որ այս ընթացքում ԴԱՀԿ-ից չվճարված ակտերի վերաբերյալ ծանուցումներ է ստացել, որից միայն մեկն է ներվել:

«Գնացի ԴԱՀԿ, ասում է՝ Կառավարությունը ակտերի հետ կապված հրաման ունի, որ սեպտեմբերի 27-ից հետո նկարվածներն են ներվում, ասում եմ՝ ես ստեղ չեմ եղել, չեմ ծանուցվել, հակառակ դեպքում կվճարեի… ասում եմ՝ գոնե կալանքները հանեք, ժամկետ տվեք, կվճարեմ...»,- նշեց նա:

«Իմացանք, որ գերեվարված անձանց միանվագ 300 հազար դրամի չափով գումար է տրամադրվելու, զանգեցի սոցապ նախարարություն, ասում են՝ հա, տենց բան կա. զանգեք էս համարին, ու մեկը մյուսի վրա են գցում… Երկու անգամ վիրավորվել եմ, գերությունից վերադառնալուց հետո Դիլանյան Հայկի ու Համբարձումյան Վարդանի հետ բուժզննում անցանք, երևաց, որ ասկոլկաներ կան բոլորիս մարմիններում: Վարդանի աչքը չի տեսնում, իմ մարմնի միջից մի ասկոլկա ես եմ հանել Բաքվում…»,- նկատեց տղամարդը:

«Մեկ էլ օրենք հանեցին, որ պատերազմի մասնակիցներն, ովքեր վիրավորվել են, 500 հազար դրամ միանվագ աջակցություն կստանան: Դա էլ չենք ստացել, քանի որ մեր տվյալները ՊՆ բազայում պակասում են»,- հավելեց նա: