«Միայն այդ դեպքում Մոսկվան հաշվի կառնի Հայաստանի շահը». Հակոբ Բադալյան
![]() 232 Չորեքշաբթի, 24 մարտի, 2021 թ., 11:44 Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Երբ խոսվում է Ռուսաստանի ռեգիոնալ քաղաքականության մասին և փորձ արվում հասկանալ Հայաստանի համար դրա վտանգավոր հանգամանքները, դիտարկել Հայաստանի շահին հակադիր վեկտորներն ու միտումները, հանդիպակած արձագանքը մի զգալի մասով լինում է «հակառուսականության» մասին գնահատականը: Հետաքրքիր է այն, որ, օրինակ, երբ Պուտինն ասում է՝ Աթաթուրքը եղել է մեր եղբայրը, հիմա էլ Էրդողանն է եղբայր, նույն շրջանակը չի խոսում հակահայկականության մասին: Ընդ որում՝ կարծում եմ, իհարկե, ճիշտ է անում, որովհետև խոսքը քաղաքականության մասին է, իսկ քաղաքականությունը բազմաշերտ է, ամենատարբեր, հակոտնյա բաղադրիչներով, հետևաբար անգիտություն, անմտություն կամ նույնիսկ երբեմն չարամիտ դիտավորություն է քաղաքականությունը գնահատել այդպիսի միարժեք ու զգայական եզրերով՝ հակահայկականություն կամ հակառուսականություն: Ըստ այդմ՝ Ռուսաստանի քաղաքականությունից և մոտեցումներից բխող վտանգների մատնանշումը «հակառուսականություն» որակելը կամ իրավիճակի քաղաքականապես անհամարժեք գնահատում է, կամ դիտավորություն, որով փորձ է արվում նենգափոխել խնդիրը և փաստարկային քննարկման փոխարեն տեղափոխել հակա-ի ու մետ-ի անպտուղ դաշտ: Հայաստանը չի կարող հակա լինել Ռուսաստանին, և բացարձակ պետք էլ չէ լինել հակա: Բայց Հայաստանը պարտավոր է Ռուսաստանի հնարավորություններն ու ցանկությունները, մոտիվներն ու ռազմավարությունը գնահատել առավելագույնս ամբողջական և համարժեք, հասկանալու համար, որ Ռուսաստանը կարող է շատ հարցերում լինել Հայաստանին գործընկեր, բայց չի կարող լինել փրկիչ: Որովհետև Ռուսաստանն ինքն իրեն այս ռեգիոնում փրկելու համար կա՛մ պետք է ապավինի Արևմուտքի օգնությանը, կա՛մ Թուրքիայի հետ որևէ կերպ լեզու գտնելուն: Հետևաբար, եթե Ռուսաստանն ինքը՝ Արևմուտքի հետ հակադրության պարագայում, փրկություն է փնտրում Թուրքիայի հետ պայմանավորվելու մեջ, չի կարող լինել թուրքական վտանգից Հայաստանի փրկիչ: Այդ ամենի մասին պետք է խոսել, հատկապես հանրային, քաղաքական դաշտում, որովհետև հասկանալի է նաև, որ Հայաստանի որևէ իշխանություն չի կարող այդ մասին խոսել լիարժեք: Հայաստանի իշխանությունները պարտադրված են, օբյեկտիվ ու սուբյեկտիվ հանգամանքներից ելնելով, պարտադրված են այդ հարցերը թողնել լռության դաշտում: Բայց այդ ամենով հանդերձ էլ, հանրային պատասխխանատու շրջանակները պարտավոր են խոսել, ձևավորել հանրային կարծիք, միջավայր, որը կօգնի Հայաստանի իշխանություններին այդ հարցում լինել ավելի ազատ: Խոսքը Հայաստանի նոր իշխանության մասին չէ, այլ ընդհանրապես՝ իշխանության մասին որպես ինստիտուտ, նախկինում, այսօր, վաղը՝ ով էլ լինի այդ իշխանության կրողը: Հանրությունը պարտավոր է իր մտածողությունը դուրս բերել Ռուսաստանի «գրպանից», և այդ դեպքում միայն Մոսկվան կգնա գործակցային տրամաբանության ու հաշվի կառնի Հայաստանի շահը և անվտանգությունը լիարժեք, այլ ոչ այնքանով, որքանով դա պետք է Թուրքիայի հետ հաջող պայմանավորվելու համար»: |

«Իրանական կողմն այժմ աշխատում է միջուկային համաձայնագրի առաջարկի տեքստի վրա». Արաղչի
333Երեկ, 21:37
«Եվրոպական պատվիրակությունները Ժնևում բանակցությունների ժամանակ նստել էին նախասրահում և սուրճ էին խմում». Լավրով
334Երեկ, 16:16
«Եվրոպացիները ոչնչով չեն կարող օգնել Ուկրաինայի շուրջ բանակցություններին». Պեսկով
340Երեկ, 15:52
«Իրանը բոլորովին դեմ չի լինի խաղալ Թրամփի PR-ի վրա, եթե հաջողվի նրա հետ գալ շահեկան գործարքի». Հակոբ Բադալյան
224Երեկ, 14:06
Արաղչին Գրոսսիի հետ քննարկել է Թեհրանի և Վաշինգթոնի միջև անուղղակի բանակցությունները
292Երեկ, 12:57
Չարլզ 3-րդը իրավապահ մարմիններին տրամադրել է հասանելիություն Էնդրյուի փաստաթղթերին
263Երեկ, 11:07
«Պուտինը միշտ անկեղծ է եղել ինձ հետ». Ուիթքոֆ
248Երեկ, 10:45
«Հուսով եմ՝ առաջիկա շաբաթներին լավ լուրեր կլսեք». Ուիթքոֆ
299Երեկ, 09:52
