Ուրբաթ, 22 սեպտեմբերի, 2023 թ.
|
Ստեփանակերտում`   +16 °C

«Թուրքիան Ադրբեջանի դեմքով ՌԴ-ին հասկացնում է, որ դու խնդիրներ ես ունենալու»․ Կ․ Հովհաննիսյան

«Թուրքիան Ադրբեջանի դեմքով ՌԴ-ին հասկացնում է, որ դու խնդիրներ ես ունենալու»․ Կ․ Հովհաննիսյան
282
Չորեքշաբթի, 31 մարտի, 2021 թ., 18:32

Ռազմագետ Կարեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Պաշտոնական Բաքուն հայտարարում է, որ Շուշիում կիրառվել է Իսկանդեր։
Փորձենք հասկանալ, թե ինչ է ասվում պաշտոնական հաղորդագրությունում։
Նախ սկսենք նրանից, որ Շուշիում ականազերծման աշխատանքներ իրականացնող գործակալությունն ադրբեջանական է, որն էլ հայտարարել է Իսկանդերի օգտագործման մասին։
Իսկանդերի հրթիռների բեկորներ, ըստ ադրբեջանական Ականազերծման գործողությունների գործակալության (ANAMA), հայտնաբերվել է մարտի 15-ին։ Այսինքն՝ 15 օրվա փորձաքննությունը ոչինչ չի ասել՝ բացի նույնականացման համարից, որը բաց ինտերնետային հասանելիության համար է։ Նախ 15 օրում չեն կարող փորձագիտական աշխատանք կատարել և նույնականացնել հրթիռի բեկորները։ Դրանք դեռևս չունեն միջազգային նմանատիպ գործակալությունների վերստուգիչ եզրակացություն, որը սովորաբար կատարվում է։
Հետաքրքիր է նաև այն փաստը, որ շեշտում են ՊԱՅԹԱԾ տերմինը։
Ադրբեջանը մի կողմից պաշտոնական Մոսկվային է հակադրվում՝ պնդելով, որ Շուշիում կիրառվել է Իսկանդեր, մյուս կողմից էլ ՀՀ վարչապետին է հակադրվում՝ պնդելով, որ հրիթեները պայթել են։
Հետաքրքիր է, որ դեկտեմբրից Շուշիում իրականացվող ականազերծման աշխատանքների արդյունքում ավելի շուտ չէին հայտնաբերվել այդ բեկորները։ Համեմատաբար փոքր տարածքում ականազերծման աշխատանքների նմանատիպ արդյունք ինչո՞ւ հենց այս շրջանում պետք է հրապարակվեր։
Ակնհայտ է, որ Բաքուն փորձում է ինչ-որ բան հասկացնել ՌԴ-ին, ինչ-որ գործընթացների հետ կապված։ Բոլորս էլ գիտենք, որ Իսկանդերը չէր կարող կիրառվել Շուշիում, քանի որ այն գտնվում էր ՀՀ զինանոցում, իսկ եթե կիրառվել է , ուրեմն ՌԴ-ն կարող է խնդիրներ ունենալ։ ՀՀ-ից իբրև թե միամիտ վարչապետի մակարդակով խոսվեց Իսկանդերի կիրառման մասին, բայց այլ լույսի ներքո՝ չպայթելու, կամ մասամբ պայթելու լույսի ներքո, սակայն հետագայում այն հերքվեց արդեն բոլորիս հայտնի հայտարարությամբ և այդ հերքումն էլ հաստատեց Մոսկվան։ Հարցը, կարծես թե, փակված էր, սակայն Թուրքիան Ադրբեջանի դեմքով ՌԴ-ին հասկացնում է, որ դու խնդիրներ ես ունենալու, եթե ես մինչև վերջ պնդեմ Իսկանդերի կիրառության մասին թեզը։ Իսկ իրենց ինչի՞ն է պետք դա, ի՞նչը Բաքվի և Անկարայի դուրը չի գալիս այս փուլում, ինչո՞ւ են փորձում շանտաժի ենթարկել ՌԴ-ին․․․ Հաջորդիվ կփորձեմ տալ հենց այս հարցի պատասխանը»։