Չորեքշաբթի, 09 հուլիսի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +24 °C

ԵՄ ԱԳ նախարարները կքննարկեն «Ուկրաինայի շուրջ Ռուսաստանի ռազմական ակտիվությունը»

ԵՄ ԱԳ նախարարները կքննարկեն «Ուկրաինայի շուրջ Ռուսաստանի ռազմական ակտիվությունը»
678
Երկուշաբթի, 05 ապրիլի, 2021 թ., 10:36

ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը մտահոգված է Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակով, մտադիր է այն քննարկման դնել Եվրոմիության արտաքին գործերի նախարարների առաջիկա խորհրդակցության ժամանակ:
«Լուրջ մտահոգությամբ հետևում եմ Ուկրաինայի շուրջ Ռուսաստանի ռազմական ակտիվությանը»,- գրել է Բորելը Twitter-ում՝ ամփոփելով Ուկրաինայի ԱԳ նախարար Դմիտրի Կուլեբայի հետ հեռախոսազրույցի արդյունքները:
Նրա խոսքով՝ այդ թեմայի քննարկումը կշարունակվի ապրիլի 19-ին կայանալիք Եվրոմիության ԱԳ նախարարների հերթական խորհրդակցության ժամանակ։
Ավելի վաղ Կուլեբան հայտնել էր, որ եվրոպական դիվանագիտության ղեկավարի հետ քննարկել Է Դոնբասում իրավիճակի սրումը:
Ուկրաինացի ուժայինները մարտի վերջին հայտարարել էին, որ Դոնեցկի Շումա ավանի մոտ գնդակոծության ժամանակ զոհվել է 4 զինվորական, ևս 2-ը վիրավորվել են: Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ մոտ ժամանակներս իրավիճակը կքննարկի «նորմանդական քառյակի» (Ուկրաինա, Գերմանիա, Ռուսաստան և Ֆրանսիա) առաջնորդների հետ:
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Ռուսաստանը, չլինելով հակամարտության կողմ, չի կարող Դոնբասում համապարփակ զինադադար ապահովել, բայց օգտագործում է իր ազդեցությունը համաձայնագրերի կատարման համար: