Բանակը պարտավոր է կատարել իր ուղիղ պարտականությունը․ ՀՓՇ
145
Շաբաթ, 15 մայիսի, 2021 թ., 15:50
«Հայրենիքի փրկության շարժման» հայտարարությունը
Արդեն մի քանի օր է՝ Ադրբեջանի զինված ուժերը շարունակում են օկուպացված պահել ռազմավարական նշանակության տարածքներ ՀՀ Սյունիքի և Գեղարքունիքի մարզերում: Հայաստանի իշխանությունները ոչ միայն ի զորու չեն եղել կանխել մեր տարածքների զավթումը թշնամու կողմից, այլև մինչ այս պահը չեն կարողացել մեր տարածքներն ազատել ադրբեջանական զինուժից: Այս ամենը 2020 թ. նոյեմբերի 10-ի կապիտուլյացիայի շարունակությունն է: Կապիտուլյացիոն փաստաթղթի ստորագրումից և դրա իրագործումն ուժի մեջ մտնելուց անմիջապես հետո Հայաստանի իշխանությունները, խախտելով նույնիսկ մեզ համար անընդունելի այդ փաստաթուղթը, շարունակեցին զիջել նոր տարածքներ: Դուրս հանելով ՀՀ Զինված ուժերը Զանգելանից և Որոտանից (Կուբաթլու)՝ Հայաստանի իշխանությունները Ադրբեջանի հետ սկսեցին սահմանները գծել GPS-ով՝ ի վնաս մեզ: Հետագայում պարզվեց, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև կան ստորագրված նաև գաղտնի փաստաթղթեր, որոնցից մեկը պատահաբար բացահայտվեց 2020թ. դեկտեմբերին: Այժմ, ըստ հավաստի տեղեկությունների, կան այլ փաստաթղթեր ևս՝ ստորագրված 2021թ. հունվարի 11-ին: Մայիսի 12-ին Ադրբեջանի զինված ուժերը, առանց հայկական կողմից որևէ դիմադրության, խախտելով նույնիսկ GPS-ով ապօրինի գծած սահմանները, ներխուժում և գրավում են ՀՀ ռազմավարական նշանակություն ունեցող նոր տարածքներ: Եվ ո՛չ մի համարժեք պատասխան Հայաստանի իշխանությունների կողմից: Նիկոլ Փաշինյանի դրդապատճառները՝ հանցավոր ձևով շարունակելու կապիտուլյացիան, ոչ մի տրամաբանական բացատրություն չունեն, ինչպես բացատրելի չէ ՀՀ նախագահի վարքագիծը, որն ի պաշտոնե մեր պետության գլուխն է և մեր երկրի շահերի պաշտպանն ու երաշխավորը: Մեր տարածք ներխուժած թշնամուն համարժեք պատասխան չտալը իշխանությունների կողմից բացատրվում է նրանով, որ դա կարող էր դառնալ նոր լայնածավալ պատերազմի բռնկման պատճառ: Սակայն մեր բանակը պարտավոր է կատարել իր ուղիղ պարտականությունը՝ պաշտպանել ՀՀ տարածքային ամբողջականությունը: Միջազգային փորձը ցույց է տալիս, որ փոքր ընդհարումներից խուսափելու նպատակով զիջումների քաղաքականությունն ամենակարճ ճանապարհն է դեպի լայնածավալ պատերազմ (հիշենք 1938թ. Մյունխենի համաձայնագիրը): Բանակն ունի պարտականություններ՝ ենթարկվել իշխանության հրամաններին և պաշտպանել երկիրը: Սակայն այս երկու պարտականությունների միջև հակասության դեպքում պարտավոր է ընտրել հայրենիքի պաշտպանությունը, ինչը չանելու դեպքում մեղավորները վաղ թե ուշ ենթարկվելու են պատասխանատվության: Եթե բանակն իր վրա չվերցնի Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը թշնամու ոտնձգություններից պաշտպանելու իր պարտականությունը, ապա մենք պարտավոր ենք նախաձեռնել աշխարհազորայինների հավաքագրման գործընթաց, որպեսզի ժողովուրդն իր վրա վերցնի երկրի պաշտպանության գործը: