Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +9 °C

«Այսպես ռուսները կիսելու են ամեն ինչ, որտեղ ոտք կդնի հարևանը. հերթը Սևանինն է». Նիկա Բաբայան

«Այսպես ռուսները կիսելու են ամեն ինչ, որտեղ ոտք կդնի հարևանը. հերթը Սևանինն է». Նիկա Բաբայան
769
Երկուշաբթի, 17 մայիսի, 2021 թ., 00:05

«Կանադս» երաժշտության կենտրոնի հիմնադիր և գործադիր տնօրեն Նիկա Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ինչպես պարզվեց, Սև լիճը կիսով չափ հարևանների տարածքն է: Ասում են՝ այսօր լճին հարակից տարածքը ռուսների հերոսական ջանքերով կիսվել է «եղբայրական» երկրների միջև:

Ու այդպես լինելու է ամենուրեք, որտեղ ոտք կդնի հարևանի ոտքը: Ռուսաստանն ու ՀԱՊԿ-ը արագ կվերականգնեն խաղաղությունը՝ մեր՝ անսպասելիորեն վիճելի դարձած տարածքի կեսը տալով հարևանին:

Հիմա հերթը Սևանինն է: Այնտեղ նույն քաոսն է նույն սցենարով, ինչ որ Սև լճի մոտ:

Ես տեղի ունեցածից պարզ հետևություն եմ անում:

Ռուսաստանը հասկացել է, որ Հայաստանի նկատմամբ ծաղրուծանակի չափն անցել է: Ծաղրածուն՝ ծաղրածու, բայց պարզվեց՝ Հայատանում, բացի այդ բարոյական հիվանդից, կան էլի մտածող մարդիկ, ովքեր սկսել էին օգնություն կանչել ԱՄՆ-ից, Ֆրանսիայից, Եվրոպայից՝ ընդդեմ Ռուսաստանի ու նրա ստրատեգիական դաշնակիցներ Ադրբեջանի ու Թուրքիայի ապօրինությունների:

Հարցը հասավ նրան, որ Ֆրանսիան խոստացավ ՄԱԿ ԱԽ-ում բարձրացնել Ադրբեջանի ապօրինի գործողությունների հարցը: Այս պարագայում Ռուսաստանը նախընտրեց մի թեթև տեղից շարժվել՝ հօգուտ Հայաստանի, ձեռքի հետ էլ ՀԱՊԿ-ն աշխուժացավ:

Ռուսներն, իհարկե, չեն ուզում նեղացնել իրենց դաշնակցին և մեր հաշվին նրան նվիրեցին մեր հողերից հերթական չափաբաժին:

Ու հիմա ձեզ կներշնչեն, թե Ռուսաստանը հերթական անգամ փրկեց Հայաստանին ու կփրկի այնքան, մինչև Հայաստանից շատ քիչ բան կմնա:

Հիմա նաև մեզ կներշնչեն, որ ստորություն է փոխել «հավատարիմ» Ռուսաստանին ինչ-որ ԱՄՆ-ով կամ Ֆրանսիայով, կամ մնացյալ քաղաքակիրթ աշխարհով:

Աստված իմ, մեզ մի օր թույլ կտա՞ն հանգիստ ապրել ու բարեկամություն անել նորմալ երկրների հետ»: