Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +5 °C

«Սպասում ենք հրամանի՝ գնանք, կռվենք». Խոզնավարի գյուղապետ

«Սպասում ենք հրամանի՝ գնանք, կռվենք». Խոզնավարի գյուղապետ
325
Շաբաթ, 22 մայիսի, 2021 թ., 18:15

Սյունիքի մարզի Խոզնավար գյուղի ղեկավար Վարո Գրիգորյանը «Սպուտնիկ Արմենիայի» եթերում նշել է, որ Խոզնավարի սարերը հսկող զինվորականներին օգնության է եկել նոր խումբ։

Խոզնավարում ևս 1.5 կմ առաջ եկած ադրբեջանցի զինվորականներին հայկական կողմը հետ է շպրտել։ Տեղեկությունը հաստատել է Խոզնավարի վարչական ղեկավար Վարո Գրիգորյանը։

«Որ 1.5 կմ առաջացել են, մերոնք հետ են մղել, գնացել են։ Հիմա ադրբեջանցիները գտնվում են մայիսի 12-ի դրությամբ հատած տարածքներում, այսինքն՝ դեռ 3.5 կմ մեր տարածքում են»,- ասել է նա։

Նրա խոսքով՝ Խոզնավարի սարերը հսկող զինվորականներին օգնության է հասել նոր խումբ։

«Երեկ Գորիսում ահագին զինվորականներ կային, մի մասը եկել են, ոտքով բարձրացել արոտավայրերի վերևի սարը՝ Վալերի դյուզ։ Այդպես ենք ասում այդ սարին։ Ադրբեջանցիների դիմաց կանգնած են»,- նշել է Գրիգորյանը։
Դեռ երեկ թշնամու նոր առաջխաղացումից փոքր-ինչ սրտնեղած խոզնավարցիներն այսօր արդեն սպասում են հրամանի՝ եթե պետք լինի, պատրաստ են նաև կռվով պաշտպանել սեփական տարածքները. «Սպասում ենք, տեսնենք՝ ինչ են ասում՝ գնանք, կռվենք, թե հետ են գնում ելման դիրքեր»,- հավելել է նա։

Վարչական շրջանի ղեկավարի խոսքով՝ ադրբեջանցիներին ամեն գնով պետք է դուրս բերել հայկական տարածքներից, եթե մնան, ամռանը անասուններին արածեցնելը, ձմռան համար էլ խոտ ամբարելն անհնար կլինի։

«Զոռով պահում են էլի։ Ամառն էլի մի կերպ յոլա կտանեն, բայց ձմեռը սարսափելի է լինելու։ Այն տարածքում, որ իրենք կանգնած են մեր խոտհարքերն են, խոտ ենք հնձում, գյուղացին էլ դրանով է ապրում։ Հրե՜ն նստած են...: Հետ գնան՝ լավ կլինի, հետ չգնան՝ չգիտեմ... »,- հավելել է Գրիգորյանը։