Հինգշաբթի, 25 ապրիլի, 2024 թ.
|
Ստեփանակերտում`   +21 °C

«Այս ընտրությունները կենսական են բոլորիս համար». ՄԻՊ

«Այս ընտրությունները կենսական են բոլորիս համար». ՄԻՊ
169
Շաբաթ, 19 հունիսի, 2021 թ., 23:00

ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Սիրելի՛ հայրենակիցներ,
Մեզ համար ամենից թանկը մեր պետականությունն է: Մենք կարող ենք ավելի պաշտպանված լինել ու մեզ ավելի ապահով զգալ միայն մեր սեփական պետության մեջ:
Բայց դրա համար պետք է ճիշտ սկզբունքներով ձևավորել պետությունը կառավարող մարմիններ, պետք է գնալ միայն ժողովրդավարության ու մարդու իրավունքների ուղիով:
Վաղվա քվեարկությամբ ձևավորելու ենք բարձրագույն օրենսդիր մարմին՝ Հայաստանի Ազգային ժողովը, որ մեր պետության կառավարման հարցում ունի հիմնարար դեր: Դրա համար էլ խորհրդարանական ու հատկապես այս ընտրությունները կենսական են բոլորիս համար:
Հիշե՛ք, որ մեր երկրի Մայր օրենքը երաշխավորել է հավասար ու ազատ ընտրություններ ու որևէ մեկը չի կարող հակառակը հարկադրել: Մեր քվեով պետք է ապահովենք բոլորիս միասնության հաստատումն ու պետության վստահ առաջընթացը, երաշխավորենք համերաշխության վերականգնումը:
Ու վաղն ամեն ինչ որոշելու ենք հենց մենք՝ Հայաստանի քաղաքացիներիցս յուրաքանչյուրը՝ միայն մեր կամքի բացարձակ ազատությամբ, խղճով ու սրտի թելադրանքով՝ մեր գաղտնի քվեով»: