Ուրբաթ, 22 սեպտեմբերի, 2023 թ.
|
Ստեփանակերտում`   +15 °C

«Երեկ Երասխում զոհ ունեցանք, էսօր արդեն ոչ ոք չի հիշում»․ Կարեն Հարությունյան

«Երեկ Երասխում զոհ ունեցանք, էսօր արդեն ոչ ոք չի հիշում»․ Կարեն Հարությունյան
318
Հինգշաբթի, 02 սեպտեմբերի, 2021 թ., 22:42

«Սիվիլնեթ»-ի գլխավոր խմբագիր Կարեն Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Երեկ Երասխում զոհ ունեցանք։ Էսօր արդեն ոչ ոք չի հիշում, խոսում դրա մասին։ ՊՆ-ն քոփի փեյստ արեց նախադասությունը, որ կիսում է կորստյան ծանր վիշտը և ցավակցում։ Վերջ։ Ոչինչ, նախարարը կշարունակի մասնակցել կռիվ-կռիվ ֆոտոսեսիաներին։
Որպես հանրույթ էնքան ենք բթացել ու էգոիստացել, որ մահվան լուրը արդեն գլխագրերում էլ կարող է չհայտնվել։
Որոշ ժամանակ առաջ էլի զոհ ունեինք Երասխում։ Սև լճի շրջանում անհետացած տղերքի մասին ո՞վ է հիշում հիմա։ Իսկ գերիների մասին արդեն խոսում ենք անցյալ վաղակատար ժամանակով՝ կարծես Կարսն ու Արդահանը լինեն։
Ինքս ինձ հաճախ բռնացնում եմ էն մտքի վրա, որ ես էլ եմ էդ բթացած հանրույթի մասնիկը ու տարված եմ իմ առօրեական տափակ գործերով ու հոգսերով՝ կարծես էդ վատ լուրերը մեզ չեն վերաբերում։
Չեմ մեղադրում մարդկանց, որ քեֆերի մեջ են, կամ իրենց զագարների նկարներն են դնում, կամ էլ ավտոներում քոքած երգ են լսում։ Մարդու բնական պահանջն է վայելել կյանքը։
Բայց ես չգիտեմ՝ մեծ ողբերգությունից ու նվաստացումից հետո որպես ազգ մեր հավաքական վարքագիծը նորմալ է, թե ոչ։ Միգուցեև նորմալ է։ Ես եմ սխալ։ Չգիտեմ»։