Երեքշաբթի, 16 ապրիլի, 2024 թ.
|
Ստեփանակերտում`   +13 °C

Նախատեսվում է կրճատել Ամանորի հանգստյան օրերը

Նախատեսվում է կրճատել Ամանորի հանգստյան օրերը
445
Հինգշաբթի, 16 սեպտեմբերի, 2021 թ., 10:06

Կառավարության այսօրվա նիստի օրակարգի չզեկուցվող հարցերի շարքում է նաև «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու նախագծին հավանություն տալու հարցը: Նախագծով առաջարկվում է հունվարի 2-ը, 3-ը, 4-ը, 5-ը և 7-ը սահմանել աշխատանքային օրեր՝ ելնելով երկրի ներսում և արտաքին աշխարհի հետ տարաբնույթ ծառայությունների իրականացման և անխափան գործունեության հրամայականից։

«Համաձայն Աշխատանքային օրենսգրքի 159-րդ հոդվածի 1-ին մասի՝ ամենամյա նվազագույն արձակուրդի տևողությունը հնգօրյա աշխատանքային շաբաթվա դեպքում 20 աշխատանքային օր է, իսկ վեցօրյա աշխատանքային շաբաթվա դեպքում՝ 24 աշխատանքային օր։

Ներկայումս ՀՀ քաղաքացուն տրամադրվող վճարվող ոչ աշխատանքային օրերի թիվը գերազանցում է շատ զարգացած և առավել ևս զարգացող երկրներում առկա վճարվող ոչ աշխատանքային օրերի թվին։

Տոն և հանգստյան օրերը, պայմանավորված ոչ աշխատանքային լինելու հանգամանքով, իրենց ազդեցություն են թողնում ինչպես համախառն ներքին արդյունքի, այնպես էլ տնտեսության հիմնական ոլորտների արտադրանքի (ծառայությունների) թողարկման ծավալների վրա, արտաքին տնտեսական գործունեության (արտահանման և ներմուծման ծավալներ) իրականացման վրա, ինչպես նաև տեղական և օտարերկյա գործընկեր կազմակերպությունների հետ պայմանագրային հարաբերությունների իրականացման վրա»,- նշված է նախագծում: