Ուրբաթ, 22 սեպտեմբերի, 2023 թ.
|
Ստեփանակերտում`   +15 °C

«ՀՀ-ն և Ադրբեջանը ճանաչել են միմյանց տարածքային ամբողջականությունը՝ միանալով ԱՊՀ-ին․ ԼՂ-ի խնդիրը կապ չունի»․ Ա․ Գրիգորյան

«ՀՀ-ն և Ադրբեջանը ճանաչել են միմյանց տարածքային ամբողջականությունը՝ միանալով ԱՊՀ-ին․ ԼՂ-ի խնդիրը կապ չունի»․ Ա․ Գրիգորյան
613
Հինգշաբթի, 04 նոյեմբերի, 2021 թ., 21:41

Factor TV-ի հարցազրույցը ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ

-Պարո՛ն Գրիգորյան, մինչև տարեվերջ Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարները հանդիպելո՞ւ են, թե՞ ոչ։ Վստահ եմ, գիտեք՝ այս ընթացքում ինչ տեղեկություններ շրջանառվեցին։ Ամենածայրահեղ քննադատությունն այն էր, որ նոր զիջողական պայմանավորվածություն պետք է լինի։ Անգամ ընդդիմադիր ուժերը նոյեմբերի 8-9-ին հանրահավաքներ են հայտարարել։

-Բայց տարեվերջին չէին ասում այդ հանդիպումը, խոսում էին նոյեմբերի 9-ի մասին։ Սրա մասին արտգործնախարարը Ազգային ժողովում հարցուպատասխանի ընթացքում հայտարարել է, որևէ ավելացնելու բան չկա։ Մինչև տարեվերջ այս պահին դժվար կլինի խոսել, թե ինչ ֆորմատով և ինչ հանդիպումներ են հնարավոր Ռուսաստանի հետ։ Բայց այս պահին օրակարգում այդպիսի հարց չկա։

-Արդյո՞ք պաշտոնական Երևանը քննարկում է Ադրբեջանի սահմաններն ու տարածքային ամբողջականությունը ճանաչելու հարցը՝ հիմք ընդունելով 1920-ականների՝ ռուսական Գլխավոր շտաբում եղած քարտեզները։

–Ընդհանուր առմամբ, սահմանների ճանաչումը փոխկապակցելն այլ հարցերի հետ որևէ տեղ չտանող քննարկում է։ Գիտեք, որ մենք հայտարարել ենք՝ պատրաստ ենք սկսել դեմարկացիայի և դելիմիտացիայի գործընթացը։ Այս մասով մենք պատասխան առաջարկություններ ենք ներկայացրել ՌԴ-ի մեր գործընկերներին և ակնկալում ենք Ադրբեջանի քայլերը, որպեսզի կարողանանք առաջ գնալ։ Դեմարկացիայի և դելիմիտացիայի գործընթացը վերաբերում է միայն սահմանների հստակեցմանը Հայաստանի և Ադրբեջանի միջև։

-Մինչ այս հայկական կողմին Թուրքիան և Ադրբեջանը պայման են առաջադրել հարաբերությունների հաստատման՝ սահմանների և տարածքային ամբողջականության ճանաչումը։ Առանձին փաստաթղթով ամրագրվելո՞ւ է, որ Հայաստանը ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, Ադրբեջանը՝ Հայաստանի։

-Հայաստանը և Ադրբեջանը, միանալով ԱՊՀ-ին, երկուսն էլ ժամանակին՝ դեռ 90-ականներին ճանաչել են միմյանց տարածքային ամբողջականությունը և այստեղ կոնտեքստը, բնականաբար, Լեռնային Ղարաբաղն է։ Տարածքային խնդիր չի եղել Լեռնային Ղարաբաղը, այն եղել է այնտեղ ապրող հայերի ինքնորոշման խնդիր, և հարցն ամբողջ ընթացքում այդ տրամաբանության մեջ է քննարկվել։ Եվ պատահական չէ, որ Ադրբեջանը, 90-ականներին միանալով ԱՊՀ-ին, և Հայաստանն էլ, լինելով ԱՊՀ-ի հիմնադիրներից մեկը, ընդունել է հիմնադիր փաստաթուղթ, որտեղ բոլորը բոլորի տարածքային ամբողջականությունը ճանաչում են։ Բայց դա չի խանգարել ունենալ հարց, որը պետք է քննարկվի և որը քննարկվում է ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում։ Լեռնային Ղարաբաղի խնդիրը չի կարող դեմարկացիայի և դելիմիտացիայի շրջանակում կամ աշխատանքային խմբում քննարկվել։ Կա հատուկ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի լուծման համար ստեղծված միջազգային կառույց, դա ԵԱՀԿ Մինսկի խումբն է, և հարցը քննարկվելու է այդտեղ՝ երկարատև լուծում ստանալու տրամաբանության շրջանակում։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

ՀՀ-ն և Ադրբեջանը ճանաչել են իրար տարածքային ամբողջականությունը՝ միանալով ԱՊՀ-ին․ ԼՂ խնդիրը կապ չունի