Ուրբաթ, 22 սեպտեմբերի, 2023 թ.
|
Ստեփանակերտում`   +15 °C

«Հայտնի չէ՝ ինչ օրակարգով են նախատեսվում հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման բանակցությունները»․ Սեֆիլյան

«Հայտնի չէ՝ ինչ օրակարգով են նախատեսվում հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման բանակցությունները»․ Սեֆիլյան
211
Չորեքշաբթի, 22 դեկտեմբերի, 2021 թ., 23:06

Ազգային-ժողովրդավարական բևեռի խորհուրդը հայտարարություն է տարածել․ «Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցի վերաբերյալ
Արձանագրում ենք, որ հայտնի չէ, թե ինչ օրակարգով են նախատեսվում հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ներկայիս բանակցությունները։
Միևնույն ժամանակ փաստում ենք, որ Հայաստանի Հանրապետության անունից հանդես եկող իշխանությունն անթաքույց ջատագովն է Մոսկվայի և Կարսի ապօրինի պայմանագրերով և ի զարգացումն դրանց ոգու և տառի կայացված ԽՍՀՄ կուսակցական ու վարչական ապօրինի ակտերով ձևավորված Խորհրդային Հայաստանի ժառանգորդության, ինչպես նաև հրապարակավ ներկայացնում է մեր ազգային իրավունքներից հրաժարվելու դիրքորոշում։
Այդ պատճառով, անհրաժեշտ համարելով Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումը, հայտարարում ենք, որ անհայտ օրակարգով ու ազգավնաս հայեցակարգով առաջնորդվող ներկայիս իշխանության մասնակցությամբ հայ-թուրքական կարգավորումն ամենայն հավանականությամբ կհանգեցնի Հայաստանի և հայության համար անդառնալի ծանր հետևանքների՝ ստեղծելով գոյութենական մարտահրավերներ։
Միևնույն ժամանակ՝ աշխարհում և տարածաշրջանում կատարվող փոփոխություններն անխուսափելի են, ուստի հայությունը պետք է օր առաջ համախմբված կերպով ոտքի կանգնի, ստեղծի ազգային իշխանություն և նրա առաջնորդությամբ գալիք փոփոխություններն ու հավանական մարտահրավերները դարձնի Հայաստանի Հանրապետության վերակերտման ու ազգային իրավունքների վերատիրացման արդյունավետ ռեսուրս։
Ընտրության ժամանակ է և ժամանակը սուղ է»։

Աղբյուրը`   Ժիրայր Սեֆիլյան