ԽՍՀՄ փլուզումից հետո ԱՄՆ-ը 4 լուրջ սխալ թույլ տվեց, որոնց համար վճարում է ամբողջ աշխարհը. #Geopolitika
603
Ուրբաթ, 08 ապրիլի, 2022 թ., 00:12
Խորհրդային Միության փլուզումից հետո ԱՄՆ-ը չորս լուրջ սխալ թույլ տվեց, որոնց համար վճարում է ամբողջ աշխարհը, և որոնց պատճառով Վաշինգթոնը պարտվում է ռազմավարական պայքարում, գրում է խորվաթական Geopolitika հրատարակության վերլուծաբան Զորան Մեթերը։ Լրագրողի կարծիքով՝ Սառը պատերազմի ավարտից հետո Ամերիկայի համար իրավիճակը կարող էր ավելի բարենպաստ լինել, քան հիմա է, և այժմ Հահանգները ստիպված են գնալ վա-բանկ՝ գոյություն ունեցող աշխարհակարգը պահպանելու համար։ Մեթերն առաջին սխալն անվանել է այն, որ ԽՍՀՄ փլուզումից հետո Վաշինգթոնը չկարգավորեց հարաբերությունները Մոսկվայի հետ։ Ընդ որում, դա տեղի ունեցավ այն պատճառով, որ ԱՄՆ-ն այդպես չէր ուզում, քանի դեռ չէր նվաճել Ռուսաստանը։ Վերլուծաբանը հիշեցրեց, որ որոշ ամերիկացի քաղաքական գործիչներ ցանկանում էին մասնատել Ռուսաստանը, սակայն դա տեղի չունեցավ վերջինիս միջուկային զինանոցի պատճառով՝ զենքը կարող էր հայտնվել «սխալ ձեռքերում»: «Վաշինգթոնը, հավանաբար, ընդմիշտ բաց թողեց Ռուսաստանին արևմտյան քաղաքական, տնտեսական և անվտանգության կառույցներ ներքաշելու հնարավորությունը»,- գրել է նա: Երկրորդ սխալն այն է, որ ԱՄՆ-ը Չինաստանը տարածաշրջանային տերությունից վերածել է համաշխարհային արդյունաբերական և ռազմական հսկայի: «Հսկա, որին իրականում չի կարող կանգնեցնել ոչ մի այլ բան, բացի գլոբալ միջուկային պատերազմը»,- հավելել է Մեթերը: Նա հույս է հայտնել, որ դա տեղի չի ունենա, սակայն ընդգծել է, որ Վաշինգթոնն այժմ չգիտի, թե ինչ անի Պեկինի հետ։ Երրորդ սխալ քայլը Մերձավոր Արևելքում գերիշխող դիրքից հեռանալն է։ «Արաբական գարուն» օպերացիայի մեկնարկից հետո առաջ եկած վերահսկվող քաոսի փոխարեն նրանք բացեցին Պանդորայի արկղը»,- գրել է դիտորդը։ Նա բացատրել է, որ Ամերիկայի համար իրական խնդիրը ոչ թե իսլամական ահաբեկչությունն էր, այլ տարածաշրջանում այլ գերտերությունների, առաջին հերթին՝ Ռուսաստանի և Չինաստանի հաստատվելը։ Չորրորդ սխալը նեոլիբերալ քաղաքականությունն է, որը թույլ տվեց եվրոպական երկրներին աստիճանաբար պոկվել ամերիկյան շահերի շրջանակից և անկախություն դրսևորել՝ հարաբերություններ կառուցելով Ռուսաստանի, Չինաստանի և Իրանի հետ։ Այս բոլոր սխալ գործողությունները ցնցեցին աշխարհակարգը և թուլացրին Միացյալ Նահանգների դիրքերը, և այժմ ամերիկացիներին մնում է երկու տարբերակ՝ կա՛մ ընդունել իրականությունը և համաձայնվել անցնել բազմաբևեռությանը, կա՛մ միանալ հեգեմոնիայի վերադարձի համար մղվող պայքարին, սակայն կան դժվարություններ. «Վերջին տասը տարիների ընթացքում արթնացել են հին հսկաները, ինչպիսիք են Ռուսաստանը և Չինաստանը, ինչպես նաև մի քանիսը՝ ոչ պակաս հավակնոտ՝ Հնդկաստանը, Թուրքիան, արաբական աշխարհը»,- շարունակում է Մեթերը։ ԱՄՆ-ն ընտրեց երկրորդ ճանապարհը՝ պայքարել Ռուսաստանի և Չինաստանի դեմ, և որոշեց սկսել Մոսկվայից, որից հետո՝ գրավել Պեկինը: Միաժամանակ նա նշել է, որ Չինաստանի հետ կապված Ամերիկան ավելի մեղմ հռետորաբանություն է օգտագործում՝ չհրաժարվելով պատժամիջոցներ կիրառելու սպառնալիքներից։ Պեկինն իր հերթին չի վստահում Վաշինգթոնին և դժվար թե գործարքի գնա Մոսկվայի դեմ, նույնիսկ եթե պետությունները որևէ զիջման գնան՝ Թայվանի, Հոնկոնգի կամ ույղուրների հարցում։ Մեթերը մեջբերել է չինացի հեռուստահաղորդավար Լյու Ցզինի նկարագրությունը Վաշինգթոնի և Պեկինի միջև վերջին բանակցությունների մասին. «Օգնեք մեզ հիմա հաղթել ձեր ընկերներին (ռուսներին), որպեսզի հետո կարողանանք կենտրոնանալ ձեր դեմ պայքարի վրա»։ ԱՄՆ-ն ընտրել է Ուկրաինան՝ Ռուսաստանի դեմ պայքարելու համար, և այդ պայքարը վարում է 2014 թվականից, գրում է Մեթերը՝ հայտարարելով ուկրաինական ճգնաժամի միջոցով Եվրոպայում ԱՄՆ-ի մարտավարական հաղթանակի մասին. Վաշինգթոնը փաստացի կտրել է Մոսկվային մայրցամաքի գործընկերներից և այժմ փորձում է իրավիճակային դաշնակից գտնել՝ ի դեմս Պեկինի: Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ են սահմանվել՝ ընդհուպ մինչև մարզիկների հեռացումը միջազգային մրցումներից և ռուսական դասական երաժշտության և գրականության՝ անցանկալի ճանաչումը։ «Սակայն հիշյալ մարտավարական հաղթանակից հետո ԱՄՆ-ը կարող է հեշտությամբ բռնել ռազմավարական պարտության ճանապարհը, այսինքն՝ կորցնել վերահսկողությունը համաշխարհային առանցքային գործընթացների վրա»,- կանխատեսել է հեղինակը։ Նա նշել է, որ հակառուսական պատժամիջոցներին չեն աջակցել BRICS երկրները, Թուրքիան և արաբական երկրները։ Բացի այդ, ԶԼՄ-ներում տեղեկություններ են հայտնվել Սաուդյան Արաբիայի և Չինաստանի կողմից նավթի դիմաց յուանով վճարումների հնարավոր անցման մասին։ «Եթե դա տեղի ունենա, դա հզոր հարված կլինի այսպես կոչված նավթադոլարին, որի վրա հիմնված է ամերիկյան տնտեսությունը անցյալ դարի 70-ականներից»,- պարզաբանել է Մեթերը: Ռուսաստանը նույնպես զգալի հարված հասցրեց դոլարին՝ գազային պայմանագրերում անցնելով ռուբլով հաշվարկների։ Փորձագետի կարծիքով՝ այս աշխարհաքաղաքական խաղում կարող է հաղթել միայն Չինաստանը, և արդեն գծվում են նոր աշխարհի ուրվագծերը։ Ռուսաստանը ձեռք է բերել ռազմավարական ազատություն, և ԱՄՆ-ը շուտով կարող է մնալ հեգեմոն միայն արևմտյան աշխարհում։