«Պետական գործիչը լալահառաչ մաուզերիստից նրանով է տարբերվում, որ կարողանում է կայացնել պետական օրակարգից բխող որոշումներ»․ Սուրենյանց
297
Կիրակի, 05 հունիսի, 2022 թ., 00:30
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը գրում է. «Ինչո՞ւ ադեկվատ չգտնվեց Փաշինյանը Դժվար է գտնել մի քանի հարցերի պատասխաններ, համենայն դեպս՝ քաղաքագիտական բանաձևերով։ 2018-ին Նիկոլ Փաշինյանն իշխանության եկավ հեղափոխության շնորհիվ՝ հանրային վստահության մեծ պաշարով։ Թվում էր՝ նման իրավիճակում նա պարտավոր էր ԼՂ խնդրում անկեղծ լինել հասարակության հետ, նրան ներկայացնել կարգավորման գործընթացի այն ժառանգությունը, որ ստացել է ու ամենակարևորը՝ օգտագործել կարգավորման գնալու վերջին շանսը, մանավանդ, որ սեղանին էր, այսպես կոչված, Լավրովի պլանը, որի արդյունքն անհամեմատ արժանապատիվ էր, քան այն ֆիասկոն, որը 44-օրյա պատերազմը բերեց Հայաստանին ու Արցախին։ Ինքնին հասկանալի է, որ խաղաղության օրակարգ պաշտպանելը որոշակի առումով խոցելի էր դարձնելու Փաշինյանին, մանավանդ, որ նախկինները նրա իշխանության առաջին իսկ օրվանից գեներացնում էին «հող տվող Նիկոլի» նարատիվը։ Բայց պետական գործիչը լալահառաչ մաուզերիստից հենց նրանով է տարբերվում, որ կարողանում է ճակատագրական պահերին կայացնել պետական օրակարգից բխող որոշումներ։ Սակայն Փաշինյանը գնաց հակառակ տրամաբանությամբ։ «Հողատու» չլինելու համար՝ նա որոշեց «Տիգրան Մեծ» դառնալ՝ պատերազմի վերջնարդյունքում լեգիտիմացնելով այն նարատիվը, որ հեռացված համակարգի գործիչները գեներացնում էին հեղափոխականությունից անմիջապես հետո։ Հին համակարգի ներկայացուցիչների թիրախը հեղափոխությունն էր, ժողովրդավարությունը, որպեսզի դրանց վրա «գրվի» պարտության պատասխանատվությունը։ «Տիգրան Մեծ» խաղալով՝ Փաշինյանն ոչ միայն արժանապատիվ խաղաղության օրակարգը սպանեց, այլ նաև նպաստեց քրեաօլիգարխիայի կեղծ թեզի «կենսունակությանը»՝ ժողովրդավարության չարիք լինելու մասին։ Մյուսը՝ Նիկոլին թվում էր ու գուցե թվում է, որ «հարմար» է այն ընդդիմությունը, որին ինքը երկու անգամ՝ 2018, 2021թթ-ին, հաղթել է՝ ամրապնդելով իր իշխանությունը։ Փաշինյանը չի հասկացել, որ եթե «քաղաքական համակեցություն»(թեկուզև՝ անտագոնիստական) հաստատում է հեղափոխությամբ մերժված համակարգի հետ՝ կամա թե ակամա, հակադրվում է հենց 2018-ի օրակարգին՝ դարձյալ հայտնվելով քրեաօլիգարխիայի քարոզչական թեզերի հորձանուտում։ Փաշինյանը չհասկացավ, որ քաղաքական գործուն քայլերով պետք է չեզոքացնի «հայկական թերմիդորականությունը», հակառակ դեպքում՝ ենթարկվում է«մինչև քոքը մաշելու» նրանց շանտաժին։ Փաշինյանի քաղաքական անգործությունը բերելու է նրան, որ խորացող էսկալացիան՝ իր հնարավոր արյունոտ սցենարներով, ոմանց ճակատից «մաքրելու» է Մարտի 1-ի ու Հոկտեմբերի 27-ի պատասխանատվությունը։ Խաղաղության ու պատերազմի հարցում Փաշինյանը կատարելապես ձախողվել է՝ հին համակարգի քարոզչական նարատիվի կանոններով «խմբագրելով» Քոչարյան- Սարգսյան զույգի ղարաբաղյան քաղաքականության մերկությունը։ Հիմա երկրորդ արարն է, որի ավարտին Փաշինյանը կարող է արձանագրել երկրորդ ֆիասկոն, եթե ագրեսիվ փողոցի «խաղի կանոններով» գնա ներքաղաքական այնպիսի հանգուցալուծման, որի պատասխանատվությունը կրելու է միայն իշխանությունը։ Ռեֆորմների մասին հստակ ուղերձ հասարակությանը, հայ- ադրբեջանական ու հայ- թուրքական դիալոգը շարունակելու մասին ուղերձներ՝ հայկական օրակարգի հստակ ձեւակերպմամբ, սոցիալական պոպուլիզմը ռեֆորմիստական պոտենցիալով փոխարինելու համարձակություն, փողոցի ազգայնական պոպուլիզմը մերժելու վճռականություն, որի նշանային քայլերից մեկը պետք է լինի Ֆրանսիայի հրապարակը բացելը ու ընդդիմության բողոքի կենտրոնն Ազատության հրապարակ տեղափոխելը (բոլորը պարտավոր են հարգել Հայաստանի քաղաքացիների ազատ տեղաշարժի իրավունքը)։ Կգնա՞ Փաշինյանը նման քայլերի, թե՞ «Մարտի 1»-ի ժամանակագրությունը կընդլայնի՝ այդ հարցում "փայատեր" դառնալով Քոչարյանի ու Սարգսյանի հետ։ Սա է հարցը, որի պատասխանը չունեմ»։