25 տարվա դադարից հետո կանադահայ դիրիժոր Փիթեր Ունջյանը ժամանել է Հայաստան
![]() 318 Հինգշաբթի, 16 հունիսի, 2022 թ., 00:24 25 տարվա դադարից հետո հանրահայտ կանադահայ դիրիժոր Փիթեր Ունջյանը ժամանել է Հայաստան: Նա կղեկավարի Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը՝ համերգներով ներկայանալով Երևանում և Գյումրիում: Երևանյան համերգը տեղի կունենա հունիսի 17-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում, իսկ Գյումրիի համերգը՝ հունիսի 18-ին Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնում: Որպես մենակատար հանդես կգա ԱՄՆ-ից ժամանած ջութակահար Ռոբերտ Մքդաֆին: Հունիսի 15-ին լրագրողների հետ հանդիպմանն Ունջյանն ասաց՝ Մքդաֆիի հետ վաղեմի բարեկամներ են. սովորել են միասին և բազմիցս հանդես են եկել համատեղ համերգներով՝ նվագելով բազմաբովանդակ երաժշտություն, իսկ Հայաստանի համերգներին հնչեցնելու են սիմֆոնիկ երկացանկի ամենագեղեցիկ և նշանակալից ստեղծագործությունները՝ Դվորժակի 9-րդ («Նոր աշխարհից») սիմֆոնիան և Բրամսի Ջութակի կոնցերտը: «Բրամսի Ջութակի կոնցերտը շատ եմ ցանկացել ներկայացնել Մքդաֆիի հետ, սակայն առիթ չի եղել: Վերջապես հնարավորություն է ընձեռվել: Դա հրաշալի ստեղծագործություն է: Հիասքանչ է նաև Դվորժակի գործը: Երկար տարիներ ապրել եմ Նյու Յորքում: Դվորժակը 9-րդ սիմֆոնիան գրել է Նյու Յորքում ու այդ ստեղծագործությամբ իր հիացմունքն է արտահայտել Ամերիկայի նկատմամբ: Այս երաժշտությունը դասական է համարվում, այն ինտելեկտուալ է, բայց հասանելի է նաև լայն լսարանին»,-շեշտեց դիրիժորը: Ռոբերտ Մքդաֆին իր հերթին ընդգծեց Բրամսի ստեղծագործության հանճարեղությունն ու ասաց, որ այն կատարել է 40 տարի առաջ, երբ դեռ երիտասարդ էր: Խոստովանում է՝ այդ ժամանակ հավանաբար այնքան հասուն չի եղել և լուրջ չի մոտեցել Ջութակի կոնցերտին: Կարծում է՝ հիմա այն յուրովի մեկնաբանելու ճիշտ ժամանակն է: «Փիթերի հետ Բրամսի Ջութակի կոնցերտի գաղտնիքները բացահայտեցի: Փորձերը լավ են ընթացել և հետաքրքիր երկխոսություն է ստացվել»,-նշեց ջութակահարը: Իսկ Ունջյանը, խոսելով Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի մասին, ընդգծեց, որ այն հոյակապ է: «25 տարի առաջ եմ ղեկավարել նվագախումբը: Այն առատաձեռն է և սիրով է երաժշտություն նվիրում հանդիսատեսին: Մեծ հպարտություն եմ զգում՝ տեսնելով, որ այս նվագախումբն ունի բարձր մակարդակ»,-նշեց Փիթեր Ունջյանը: Ըստ նրա՝ հայերը հյուրընկալ են, ջերմ են, իսկ Հայաստան կատարած այցն այս անգամ առանձնահատուկ է, քանի որ ժամանել է իր քույրերի, եղբայրների, կնոջ և որդու հետ: Նա չմոռացավ խոսել նաև հայ կոմպոզիտորների մասին՝ շեշտելով, որ շատ է սիրում Խաչատրյանի գործերը, Կոմիտասի, Ալեքսանդր Հարությունյանի երաժշտությունը: Դիրիժորական աշխարհում հայտնի լինելով վարպետությամբ՝ Ունջյանը հանդես է եկել նաև որպես ջութակահար, պրոֆեսոր և գեղարվեստական խորհրդատու: Միջազգային մամուլն ու հեղինակավոր երաժշտաքննադատները նկարագրում են Ունջյանին որպես մագնիսական ձգողությամբ, հզոր մեկնաբանությամբ, կատարյալ տեխնիկայով դիրիժորի, որի յուրաքանչյուր ելույթը վառ իրադարձություն է: Տասնչորս տարի լինելով Տորոնտոյի սիմֆոնիկ նվագախմբի երաժշտական տնօրենը, ներկայումս՝ Պատվավոր դիրիժորը՝ Փիթեր Ունջյանը ճանաչվել է Տորոնտո քաղաքի գլխավոր ստեղծագործական շարժիչ ուժը: Այժմ Ունջյանը Կոլորադոյի սիմֆոնիկ նվագախմբի գլխավոր դիրիժորն է: Հայաստանյան համերգները կազմակերպվել են «Քոնթուր գլոբալ» կազմակերպության հիմնադրման 7-ամյակի շրջանակում, կազմակերպություն, որը գրասենյակ ունի նաև Հայաստանում: |

«Վերսալի պալատի ղեկավարը կարող է նշանակվել Լուվրի տնօրեն»․ #LeParisien
32414:55
Մահացել է Իրինա Շևչուկը
482Երեկ, 16:33
«Ադրբեջանն ավերել է Արցախի Մարտունի քաղաքի հուշահամալիրը»․ Արտակ Մկրտչյան
340Երեկ, 13:18
«Այս նախագիծը մտնում է եկեղեցու նկատմամբ սանձազերծված նվաստացման գործընթացի մեջ». Լիլիթ Գալստյան (տեսանյութ)
324Երեկ, 12:24
Մահացել է Օլգա Գաբայանը
39223.02.2026, 15:30
«Եթե ունենայինք Թումանյանի ընկալումը, էս օրին չէինք լինի»․ Դավիթ Մշեցի
54621.02.2026, 00:42
ՖԱՀՖ-ը դատապարտում է ՀԱԵ դեմ ՀՀ իշխանությունների սանձազերծած արշավը
94716.02.2026, 22:24
«Պահեցողությունը լինում է երեք տեսակի՝ սովորական պահք, սրբապահք և ծոմ». Տեր Վահրամ ավագ քահանա Մելիքյան
84516.02.2026, 09:06
