Անփոփոխ հեռախոսային զրուցընկերը․ Նիկոլ Փաշինյանի միջպետական հեռախոսազրույցների վիճակագրությունը. ԻՔՄ
![]() 347 Երեքշաբթի, 21 հունիսի, 2022 թ., 20:00 Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերջին շրջանում բավական ինտենսիվ հեռախոսային կապի մեջ է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Ընդհանրապես, ուսումնասիրելով երկրի ղեկավարի պաշտոնական հեռախոսազրույցների վերաբերյալ տվյալները, կարելի է որոշակի պատկերացում կազմել կոնկրետ ժամանակաշրջանում տեղի ունեցող զարգացումների, առաջնահերթությունների և մարտահրավերների մասին: Նախկինում մեր այս երկու հրապարակումներում (առաջին, երկրորդ) արդեն անդրադարձել ենք Նիկոլ Փաշինյանի պաշտոնավարման ընթացքում տեղի ունեցած պաշտոնական հեռախոսազրույցներին: Այս հրապարակմամբ կշարունակենք վեր հանել հեռախոսազրույցների վիճակագրությունը՝ սկսելով վերջին հրապարակման օրից: Ըստ այդմ, ստորև ներկայացված է Նիկոլ Փաշինյանի պաշտոնական հեռախոսազրույցների վիճակագրությունը՝ 2021 թվականի փետրվարի 16-ից մինչև սույն հոդվածի հրապարակման պահը: Ընդհանուր տվյալներ Դրանցից 24-ը ՀՀ վարչապետն ունեցել է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Փաշինյանի հաջորդ ամենահաճախ հեռախոսային զրուցակիցներն են Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն ու ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը՝ 5-ական հեռախոսազրույց: Փաշինյանը բավական հաճախ է հեռախոսազրույցներ ունենում նաև Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի, Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի, իսկ վերջին շրջանում՝ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ (3-ական անգամ): Բացի դա, Փաշինյանը նշված ժամանակահատվածում երկուական հեռախոսազրույցներ է ունեցել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի ու Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի հետ: Վարչապետը հեռախոսազրույցներ է ունեցել նաև Ղրղզստանի նախագահի, Թուրքմենստանի՝ իրար հաջորդած նախագահներ հայր ու որդի Բերդիմուհամեդովների, Ղազախստանի վարչապետի, Կանադայի վարչապետի, Ռուսաստանի վարչապետի, ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի և Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ղեկավարի հետ: Առիթներ Նշված ժամանակահատվածը լի էր Հայաստանի համար բավական ծանր փորձություններով և միջազգային տարբեր ցնցումներով: Նախ, անցած տարվա մայիսին Ադրբեջանը ներխուժեց Հայաստանի սուվերեն տարածք՝ Սյունիքի և Գեղարքունիքի մարզերում: Ցանկանալով ստանալ իր անվանական դաշնակիցների աջակցությունը՝ Հայաստանը դիմեց Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպություն: Ողջ այդ գործընթացը, բնականաբար, ուղեկցվում էր ակտիվ հեռախոսային քննարկումներով: Մասնավորապես, մայիսյան լարվածության ֆոնին ՀՀ վարչապետը հեռախոսազրույցներ է ունեցել Պուտինի (2 անգամ), Մակրոնի, Սալիվանի, Բելառուսի ու Ղրղզստանի նախագահների հետ: Հեռախոսազանգերի ակտիվությունը հաջորդ անգամ մեծանում է 2022 թվականի հունվարին՝ նույնպես ՀԱՊԿ համատեքստում, այս անգամ՝ կապված Ղազախստանում զանգվածային անկարգությունների և դրանց պատճառով այդ երկրի՝ ՀԱՊԿ դիմելու որոշման հետ: Այդ պահի դրությամբ ՀԱՊԿ նախագահող երկիրը Հայաստանն էր՝ ի դեմս վարչապետ Փաշինյանի: Վերջինս Ղազախստանում իրադարձությունների և այնտեղ ՀԱՊԿ խաղաղապահներ ուղարկելու գործողությունների ֆոնին երկուական անգամ հեռախոսազրույցներ է ունենում Ղազախստանի ու Ռուսաստանի ղեկավարների հետ: Բացի դա, նույն ժամանակահատվածում Փաշինյանը հեռախոսազրույց է ունենում նաև Վրաստանի վարչապետի հետ: Ուշագրավ է, որ 2022 թվականի փետրվարի 24-ին Ուկրաինայի դեմ Ռուսաստանի սկսած պատերազմից ի վեր Պուտինն ու Փաշինյանն ունեցել են 7 հեռախոսազրույց: Բացի դա, նույն ժամանակահատվածում ակտիվացել էին դիվանագիտական գործընթացները Հայաստանի ու Ադրբեջանի միջև եվրոպական միջնորդությամբ՝ ի դեմս ԵԽ նախագահ Շառլ Միշելի: Այս ձևաչափով եռակողմ հանդիպումներից հետո տեղի են ունեցել հեռախոսազրույցներ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Ինչպես նաև նույն ժամանակահատվածում՝ 2022 թվականի ապրիլ-մայիսին, Փաշինյանը հեռախոսազրույցներ է ունեցել նաև Բլինքենի ու Շառլ Միշելի հետ: Ամփոփելով՝ հարկ է նշել, որ առկա վիճակագրությունը փաստում է Հայաստանի արտաքին քաղաքականության մեջ որոշակի ակտիվության մասին, իսկ Հայաստանի ղեկավարի հիմնական հեռախոսային զրուցընկերը շարունակում է մնալ Ռուսաստանի նախագահը: Վահե Ղուկասյան «Իրազեկ քաղաքացիների միավորում» |

ԵՄ-ն բարձր է գնահատում Հայաստանի կողմից իրականացվող բարեփոխումները
11218:42
«Սա կարևոր տարի է հայկական ժողովրդավարության համար». ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար
11018:30
Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Իրակլի Կոբախիձեի հետ
12914:54
Իլիա Բ-ի հուղարկավորության կազմակերպչական մանրամասների վերաբերյալ պաշտոնական ծանուցում Սուրբ Էջմիածնում առայժմ չի ստացվել
14514:18
Գարեգին Երկրորդը ցավակցագիր է հղել վրաց պատրիարքի մահվան կապակցությամբ
275Երեկ, 17:06
Տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի նիստ (տեսանյութ)
34917.03.2026, 16:48
«Հրատապության կարգով անհրաժեշտ են դեղորայք և բժշկական պարագաներ»․ Իրանի դեսպանատուն
39717.03.2026, 14:42
Արարատ Միրզոյանը կմեկնի Օման
32317.03.2026, 11:12
