ԿԳՄՍՆ-ը պահանջում է դադարեցնել ցանկացած գործունեություն Հատիսի հնավայր-ամրոցի տարածքում

ԿԳՄՍՆ-ի պարզաբանումը՝ «Հիսուս Քրիստոս» մոնումենտալ արձանի տեղադրման և Հատիս լեռան տարածքում պատմության և մշակույթի հուշարձանների առկայության վերաբերյալ
2022թ. փետրվարի 28-ին «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամից ստացված՝ «Հիսուս Քրիստոս» մոնումենտալ արձանի տեղադրմանը վերաբերող գրությանն ի պատասխան՝ ԿԳՄՍ նախարարությունը մարտի 17-ի գրությամբ հիմնադրամին տեղեկացրել է, որ «… նախատեսվող մոնումենտալ քանդակ-համալիրի տեղադիրքը որոշելիս անհրաժեշտ է հաշվի առնել «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» ՀՀ օրենքի դրույթները և բացառել պատմության և մշակույթի հուշարձանների կամ դրանց պահպանական գոտիների տարածքներում այն տեղադրելուց»:
Վերոնշյալ գրությունից հետո նշյալ հիմնադրամի կողմից ՀՀ ԿԳՄՍ նախարարություն նախագիծ չի ներկայացվել:
Միևնույն ժամանակ նախարարության ենթակայության «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի մարզային աշխատակիցներն ահազանգել են, որ դեպի Հատիս լեռան գագաթ իրականացվում են ճանապարհի ուղղման և լայնացման աշխատանքներ: ՀՀ ԿԳՄՍ նախարարության պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության հանձնարարությամբ վերոնշյալ ՊՈԱԿ-ի Կոտայքի մարզի հուշարձանների պահպանության մարզային ծառայության աշխատակիցները հնագետի ուղեկցությամբ այցելել են տարածք, կատարել համապատասխան ուսումնասիրություններ:
Հիշեցնենք, որ Հատիս լեռան փեշերին ընդհանուր առմամբ առկա են պատմության և մշակույթի՝ պետական ցուցակում գրանցված շուրջ 20՝ տարբեր դարաշրջաններով թվագրվող հուշարձաններ:
Տեղեկացնենք նաև, որ դեռևս 2019թ․ հայ-իտալական հնագիտական արշավախմբի ուսումնասիրությունների արդյունքում Հատիս լեռան գագաթին նախնական տվյալներով առկա է բրոնզ-երկաթեդարյան հնավայր-ամրոց /նորահայտ օբյեկտ/, որի պարիսպները շատ լավ տեսանելի են օդային լուսանկարներից:
Նշյալ նոր հայտնաբերված հնավայր-ամրոցի տարածքում իրականացվել են հողի լիցքի և հարթեցման աշխատանքներ: Այնուամենայնիվ, անգամ եթե նորահայտ օբյեկտը դեռ ընդգրկված չէ հուշարձանների պետական ցուցակում, ակնհայտ է, որ այն հնավայր-ամրոց է, և համաձայն ՀՀ կառավարության 2002 թվականի ապրիլի 20-ի «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական հաշվառման, ուսումնասիրման, պահպանության, ամրակայման, նորոգման, վերականգնման և օգտագործման կարգը հաստատելու մասին» N 438 որոշման 43-րդ կետի՝ «Հիմնարկները, իրավաբանական և ֆիզիկական անձինք աշխատանքների կատարման ժամանակ պատմական, գիտական, գեղարվեստական և այլ մշակութային արժեք ունեցող հնագիտական և մյուս օբյեկտների հայտնաբերման պահից պարտավոր են դադարեցնել աշխատանքները և դրա մասին անհապաղ հայտնել լիազոր մարմնին»:
Համաձայն «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի՝ «Պատմական, գիտական, գեղարվեստական կամ մշակութային այլ արժեք ունեցող նոր հայտնաբերված կամ նոր արժեքավորված օբյեկտն ստանում է նորահայտ հուշարձանի կարգավիճակ և պահպանվում է մինչև հուշարձանների պետական ցուցակում ընդգրկվելը՝ օրենսդրությամբ սահմանված կարգով:
Նորահայտ հուշարձանը տնօրինող իրավաբանական կամ ֆիզիկական անձը պարտավոր է ապահովել դրա անվթարությունը, իսկ պետության կողմից այն վերցնելու դեպքում սեփականատիրոջ կրած վնասը փոխհատուցվում է օրենսդրությամբ սահմանված կարգով: Հուշարձանի հայտնաբերման փաստը թաքցնող, այն հաշվառելու և ուսումնասիրելու համար արգելքներ ստեղծող, ինչպես նաև գտածոները ոչնչացնող կամ յուրացնող անձը պատասխանատվություն է կրում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով»:
ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը, ընդունելի համարելով «Հիսուս Քրիստոս» մոնումենտալ արձանի գաղափարը, միևնույն ժամանակ իր լիազորությունների և պատասխանատվության սահմաններում մինչ սահմանված կարգով նախագծի ներկայացումը և մասնագիտական ուսումնասիրությունը պահանջում է դադարեցնել ցանկացած գործունեություն հնավայր-ամրոցի տարածքում, որը հակասում է գործող օրենսդրությանը և կարգերին»։

Նախատեսվում է «Տիրինկատարի վիշապաքարերը և մշակութային լանդշաֆտը» հայտը ՅՈՒՆԵՍԿՕ-ի հիմնական ցանկում գրանցել 2028-2029 թթ.
82Երեկ, 23:42
«Օսկար»-ի առաջադրվելուց հետո ռեժիսոր Անդրեյ Զվյագինցևը ճանաչվել է «օտարերկրյա գործակալ»
183Երեկ, 18:54
Վարդգես Սուրենյանցի «Լքյալը» 130 տարի անց առաջին անգամ Հայաստանում է. ինչպես է կտավը հայտնվել Ղազախստանում (լուսանկար)
20517.09.2026, 21:36
Արցախի մշակույթի նախկին նախարարները դիմել են Ժաննա Անդրեասյանին
32616.09.2026, 14:48
Հայտնի են «Էմմի» մրցանակաբաշխության դափնեկիրները (տեսանյութ)
118515.09.2026, 13:55
«Մատուռն ուսումնասիրված և ընդգրկված չէ գյուղի պատմության և մշակույթի հուշարձանների ցանկում»․ Վարդան Ոսկանյան
60713.09.2026, 16:48
«Երեք հազար տարվա հայկական գավաթների դիզայնին ուշադրություն դարձրեք»․ Սուքիաս Թորոսյան
56413.09.2026, 15:48
Եղեգիսի 1340 թվականի բացառիկ խաչքարը՝ մաշված, բայց կանգուն (լուսանկար)
58712.09.2026, 23:54