«Երբ պետք է՝ Ծառուկյանը հանցագործ օլիգարխ է, երբ պետք է՝ բարեգործ գործընկեր». Նորիկյան
234
Երկուշաբթի, 11 հուլիսի, 2022 թ., 15:42
«Արդար Հայաստան» կուսակցության նախագահ Նորայր Նորիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Երբ պետք է՝ Գագիկ Ծառուկյանը հանցագործ օլիգարխ է, երբ պետք է՝ բարեգործ գործընկեր․․․
Երբ Գ․ Ծառուկյանը ս․թ․ հունվար ամսին հայտարարեց, որ պատրաստվում է Հիսուս Քրիստոսի արձանը կանգնեցնել, նույն օրն արձագանքեցի, որ 3 օր ժամանակ պետք է տալ նրան՝ այդ արձանի համար նախատեսված գումարը ՊՆ հաշվեհամարին փոխանցելու համար՝ Վարդենիսի տարածաշրջանի մարտական հենակետերը կահավորելու նպատակով։ Նույն գրությամբ ընդգծել էի, որ եթե մարդը ցանկանում է որևէ նշանակալի աշխատանք կատարել, սակայն լավ չի կողմնորոշվում, թե ինչպես ծախսի իր գումարները, ուրեմն անհրաժեշտ է շատ հստակ այդ մարդուն կողմնորոշել ու հասկացնել մեր ժողովրդի ու պետության համար առաջնահերթություն համարվող հարցերի կարևորությունն ու տարբերությունը: Արձանի վերաբերյալ Ն․ Փաշինյանի արտահայտած դրական կարծիքից հետո համոզվեցի, որ այլևս այդ որոշման պատասխանատուն նա է։ Գ․ Ծառուկյանին մնացել է փողը վճարելն ու ցեմենտ մատակարարելը։ Այնուամենայնիվ, մտածող մարդկանց հետ միասին հետաքրքիր է ստանալ նաև հետևյալ պարզ հարցերի պատասխանները․ Երբ քո անձնական իշխանության համար է, Գագիկ Ծառուկյանը խոշոր սեփականատեր է, մեծ բարերար, և երբ նախկինում խմբակցության ղեկավար էր, դու պատրաստ էիր գնալ նրա դուռն ու որպես գործընկեր՝ սեղմել նրա ձեռքը, լսել նրա կարծիքը երկրի կարևորագույն հարցերի մասին, քննարկել նրա հետ վարչապետ ընտրվելու, արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու հնարավորության հարցը: Ընդորում՝ երեք անգամ։ Առաջինը 2018թ. մայիս ամսին, երկրորդը՝ 2018թ. դեկտեմբեր ամսին, երբ անգամ Ծառուկյանի հետ կնքվեց հուշագիր: Երրորդն էլ 2021թ․ արտահերթ խորհրդարանական ընտրություններից առաջ ու այդ նպատակով։ Երբ այս հարցերը չկան, երբ քո իշխանության հետ կապված խնդիրներ չկան, Ծառուկյանը ընտրակեղծարար է, օլիգարխ է, թալանչի է, մարտի 1-ի հանցագործ է, հարկերից խուսափող է, գրել չգիտի, անտառաճանաչ անգրագետ է։ Ձեր իշխանության օրոք Գ․ Ծառուկյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2017թ․ ընտրողներին կաշառք տալու նպատակով ստեղծել և ղեկավարել է կազմակերպված խումբ, որի միջոցով յուրաքանչյուր ընտրողի բաժանվել է 10․000 ՀՀ դրամ։ Նախորդ գումարման Ազգային Ժողովն էլ, որտեղ նույնպես մեծամասնություն էր կազմում ներկայիս կառավորող քաղաքական ուժը, համաձայնություն է տվել Գ․ Ծառուկյանի նկատմամբ քրեական հետապնդում սկսելուն և ազատությունից զրկելուն։ Այլ կերպ ասած, կառավարող քաղաքական ուժը դարձել է այդ գործի քաղաքական պատվիրատուն, որպեսզի բացահայտվեր ու պատասխանատվության ենթարկվեր ընտրակաշառք բաժանող այս կամ այն անձը։ Ի դեպ, ի՞նչ նորություն կա այդ գործից։ Ստացվում է, որ Ձեր պատկերացմամբ ու համոզմամբ հայտնի ընտրակեղծարար ու մասսայաբար 10․000 ՀՀ դրամ ընտրակաշառք բաժանած անձն այսօր Հիսուս Քրիստոսի արձանն է կանգնեցնում, և Դուք ողջունում եք այդ որոշումը՝ լեգետիմացնելով նրա ողջ գործունեությունը։ ՛՛Նախանձելի՛՛ քաղաքական սկզբունքայնություն եք դրսևորում, իսկ եթե լուրջ, կողմնորոշվե՛ք՝ ո՞վ է Ծառուկյանը Ձեզ համար և մեր հասարակության համար։ Եթե նա որևէ ենթադրյալ հանցանք է գործել, ապա ինչո՞ւ մինչև հիմա պատասխան չի տվել իր արածների համար, իսկ եթե հանցանք չի գործել, ի՞նչու եք ապօրինի հետապնդում նրան։ Ն․ Փաշինյանի՝ Հիսուս Քրիստոսի արձանի վերաբերյալ հայտնի հայտարարությունից հետո ինձ համար արդեն համոզմունք է, որ այլևս սխալ է Գ․ Ծառուկյանին որևէ հարցում մեղադրել։ Եթե որևէ անձ սխալ է թույլ տալիս, կամ հանցանք է գործում ու մնում անպատիժ և իրեն թվում է, որ ինքն ազգօգուտ աշխատանք է կատարում, ու նրա ձեռքը օրինական ճանապարհով բռնող չկա, նրան պատժող չկա, ուրեմն ոչ թե նա է մեղավոր, այլ նրա ձեռքը չբռնողը, նրան ճիշտ ուղի ցույց չտվողը, նրան չպատժողը․․. Ես ուզում եմ հասկանալ, թե պետությունն ի՞նչ խաղի կանոններ է հաստատում մեր երկրում։ Ուզում եմ հասկանալ՝ ո՞վ է մեր երկրում հերոսը, դավաճանը, բարերարը, հանցագործը, ընտրակաշառք բաժանողը ու ազնիվ քրտինքով աշխատող մարդը։ Հ․Գ․ ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը ընդունելի է համարում «Հիսուս Քրիստոս» մոնումենտալ արձանի գաղափարը, ընդամենը պահանջում է այն չիրականացնել ապօրինի եղանակով։ Հ․Գ․ Հնարավոր է, որ արձանը շատ գեղեցիկ է ու պետք է տեղադրվի, բայց դա բոլորովին այլ թեմա է և մասնագետների ու գիտնականնների քննարկման առարկա․․․»: