«Մենք շարունակում ենք առերեսվել Ադրբեջանի ռազմատենչ և առավելապաշտական հայտարարություններին»․ Արարատ Միրզոյան

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Լեհաստանի ԱԳ նախարար Զբիգնև Ռաուի հետ հանդիպումից հետո ասուլիսում հայտարարություն է արել, որում ասված է․
«Հարգելի՛ պարոն նախարար,
Հարգելի՛ գործընկերներ,
Տիկնա՛յք և պարոնա՛յք,
փոխըմբռնման տարիներ էին, որոնք ամուր հիմք են ապահովել միջպետական հարաբերությունների և քաղաքական երկխոսության հետևողական զարգացման ու ամրապնդման համար։
Հայ-լեհական հարաբերությունները խարսխված են մեր երկու ժողովուրդների միջև բազմադարյա բարեկամության, ընդհանուր սկզբունքների և արժեքների վրա: Այս առումով մենք բարձր ենք գնահատում Լեհաստանի աջակցությունը Հայաստանի կառավարության կողմից իրականացվող ժողովրդավարական բարեփոխումների շարունակական գործընթացին:
Այսօր գործընկերոջս հետ ունեցած քննարկումների ընթացքում անդրադարձել ենք Հայաստանի և Լեհաստանի միջև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցության ընդլայնման հեռանկարներին։ Մենք պատրաստակամություն ենք հայտնել՝ քայլեր ձեռնարկելու հայ-լեհական տնտեսական հարաբերություններում առկա մեծ ներուժի իրացման ուղղությամբ, ինչի համար ունենք շուրջ 30 փաստաթղթից կազմված ամուր իրավապայմանագրային դաշտ և աշխատանքային արդյունավետ հարթակ՝ հայ-լեհական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովը, որի 7-րդ նիստը առաջիկայում նախատեսվում է անցկացնել Երևանում:
Իհարկե, Հայաստանի ու Լեհաստանի միջև առևտրաշրջանառության ծավալները մեծ չեն, սակայն գոհունակությամբ կարող ենք նշել, որ այդ ուղղությամբ մենք հետզհետե աճ ենք գրանցում: Հայ-լեհական տնտեսական փոխգործակցության ակտիվացման համար հեռանկարային ոլորտներ ենք համարում տեղեկատվական տեխնոլոգիաները, դեղագործությունը, ագրոբիզնեսը և վերականգնվող էներգետիկան:
Մենք մտքեր ենք փոխանակել նաև Հայաստան-ԵՄ գործընկերության օրակարգային հարցերի շուրջ։ Անդրադարձ ենք կատարել Հայաստան-Եվրամիության Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկմանը և Արևելյան գործընկերության արդյունավետության հետագա բարձրացմանն ուղղված քայլերին։ Այս առումով Լեհաստանը՝ որպես Արևելյան գործընկերության նախաձեռնող երկրներից մեկը, կարևոր դերակատար է մեզ համար, և մենք ակնկալում ենք այս ուղղությամբ համագործակցության հետագա ընդլայնում:
Բնականաբար, այսօրվա մեր քննարկումների առանցքում էին տարածաշրջանային կայունության և անվտանգության մի շարք հարցեր: Իհարկե, անդրադարձել ենք ԵԱՀԿ շրջանակներում մեր համագործակցությանը, որտեղ այժմ նախագահում է Լեհաստանը։ Պարոն Ռաուին հանգամանալից ներկայացրել եմ Հայաստանի դիրքորոշումը՝ տարածաշրջանային խաղաղության ու կայունության հաստատմանն ուղղված գործընթացների շուրջ։
Ընդգծել եմ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության առանցքային դերը Լեռնային Ղարաբաղի հակամարտության համապարփակ և տևական կարգավորմանն ուղղված խաղաղ գործընթացի առաջմղման և Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման գործում:
Հարգելի՛ ներկաներ,
Ցավով պետք է արձանագրեմ, որ հակառակ Հայաստանի կողմից գործադրվող ջանքերին՝ մենք շարունակում ենք առերեսվել Ադրբեջանի ռազմատենչ և առավելապաշտական հայտարարություններին, որոնք ուղղված են տարածաշրջանային կայունության և խաղաղության խաթարմանը։
Ավելին, խախտելով միջազգային հումանիտար իրավունքի նորմերն ու նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունները, Ադրբեջանը շարունակում է պատանդառության մեջ պահել հայ ռազմագերիներին և քաղաքացիական անձանց՝ նրանց օգտագործելով որպես քաղաքական շահարկումների գործիք։ Այս կապակցությամբ կարևոր է մարդու իրավունքներին և մարդասիրության սկզբունքներին հավատարիմ միջազգային հանրության, այդ թվում՝ ԵԱՀԿ նախագահության շարունակական աջակցությունը՝ այս խնդրի լուծման համար:
Անընդունելի է նաև ադրբեջանական վերահսկողության տակ անցած տարածքներում Արցախի հայկական պատմամշակութային և կրոնական ժառանգության ոչնչացմանը, պղծմանը և ինքնության խեղաթյուրմանն ուղղված Ադրբեջանի ղեկավարության կողմից իրականացվող քաղաքականությունը։ Այս առումով մենք ակնկալում ենք միջազգային հանրության հստակ, հասցեական և շարունակական արձագանքը և ընդգծում Լեռնային Ղարաբաղում համապատասխան միջազգային կազմակերպությունների ներգրավվածության հրատապությունը։
Եվս մեկ անգամ ցանկանում եմ ընդգծել, որ Հայաստանի ու տարածաշրջանի համար խաղաղ զարգացման դարաշրջան բացելը մեր սկզբունքն ու ռազմավարությունն է, և հուսով ենք, որ ԵԱՀԿ-ն՝ ԵԱՀԿ գործող նախագահի ինստիտուտի հետ միասին, կօգտագործի իր գործիքակազմում առկա մեխանիզմները՝ կառուցողական մթնոլորտի ապահովման ու համապարփակ խաղաղության համար պայմաններ ստեղծելու համար:
Այսքանով կեզրափակեմ խոսքս։ Հարգելի՛ պարոն Ռաու, ևս մեկ անգամ շնորհակալ եմ ջերմ ընդունելության և արդյունավետ քննարկումների համար»։

Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա
125Երեկ, 21:24
Նիկոլ Փաշինյանն ընդունել է Իրանի փոխնախագահի գլխավորած պատվիրակությանը
269Երեկ, 16:25
«Իմ խնդիրն է՝ Հայաստանն իր միջազգայնորեն ճանաչված տարածքներով ու բաց սահմաններով հանձնել երիտասարդությանը»․ Նիկոլ Փաշինյան
38707.11.2026, 13:12
Հայաստանի, Միացյալ Նահանգների և Ադրբեջանի համատեղ հայտարարությունը
77207.11.2026, 10:07
ՍԴ նախագահ է ընտրվել Վլադիմիր Վարդանյանը
48506.11.2026, 12:24
Մեկնարկում է նոյեմբերի 29-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզչությունը
65104.11.2026, 16:12
«Նախաձեռնված քրեական վարույթով 36 անձի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում». ՔԿ
55004.11.2026, 15:24
Գյումրու Կարա-Մուրզայի անվան պետական երաժշտական քոլեջի փոխտնօրենը մեղադրվում է կաշառք ստանալու մեջ (տեսանյութ)
53904.11.2026, 12:06