Շաբաթ, 20 ապրիլի, 2024 թ.
|
Ստեփանակերտում`   +20 °C

«Յուրաքանչյուր քար կարող է բանալի դառնալ հանցանքը բացահայտելու համար». Արթուր Ղազինյան

«Յուրաքանչյուր քար կարող է բանալի դառնալ հանցանքը բացահայտելու համար». Արթուր Ղազինյան
233
Երեքշաբթի, 16 օգոստոսի, 2022 թ., 00:18

ԱԺ նախկին պատգամավոր Արթուր Ղազինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Տեղի է ուցել աղետ, կան զոհեր, վիրավորներ, ավերածություն:

Աղետը տեխնածին էր, թե առկա էր մարդկային գործոն, կարող է պարզել միայն օբյեկտիվ, լրիվ և բազմակողմանի նախաքննությունը, որն իրականացվում է հարուցված քրեական վարույթի շրջանակներում:

Մինչ այս պահը պարզ չէ, քրեական գործ հարուցվել է, թե՞ ոչ: Եթե հարուցվել է, ապա ՀՀ Քր. օրենսգրքի ո՞ր հոդվածի հատկանիշներով է հարուցվել այդ գործը:

Կատարվե՞լ են արդյոք անհետաձգելի օպերատիվ-հետախուզական կամ քննչական գործողություններ: Առևտրի կենտրոնը, բացի աղետի գոտի լինելուց, նաև դեպքի վայր է, որը պետք է զննվի:

Մինչ փլատակների մաքրումը պետք է կատարվեն լուսա-տեսանկարահանումներ, արձանագրվեն փլուզման մասշտաբները, պայթյունի էպիկենտրոնը, վերցվեն տարբեր նմուշներ՝ փորձաքննության ենթարկելու և դրանց վրա առկա քիմիական տարրերը հետազոտելու համար:

Մարդկային կյանքը բարձրագույն արժեք է և պետք է րոպե առաջ ձեռնամուխ լինել փլատակների տակ մնացած մարդկանց կյանքը փրկելուն, բայց դա չպետք է արվի քրեական գործի ապացույցները վերացնելու միջոցով:

Այս ողբերգության հանգամանքների շուտափույթ բացահայտումը կարող է կանխել նոր, ավելի մեծ աղետներ և փրկել մի քանի անգամ ավելի մեծ թվող անմեղ կյանքեր: Եթե պարզվի, որ պայթյունի պատճառը ոչ թե հրավառության նյութերի դետոնացիան է, այլ ամոնալի կամ այլ տեսակի պայթուցիչը, ապա պետք է ձեռնարկել հրատապ ու անհետաձգելի գործողություններ, քանզի դրա հեղինակները կարող են կրկնել նույնը, բայց արդեն շատ ավելի մարդաշատ վայրերում ու շատ ավելի ծանր հետևանքներով:

Հ. Գ. Պայթյունի (դեպքի) վայրը թատրոնի բեմ չէ, որտեղ յուրաքանչյուր դերասան փորձի իրեն ցույց տալ, դա ազգային անվտանգության համար կենսական նշանակության սպառնալիք պարունակող հանցանքի դեպքի վայր է, իսկ յուրաքանչյուր քար կարող է բանալի դառնալ հանցանքը բացահայտելու համար»:

Աղբյուրը`   Արթուր Ղազինյան