Երեքշաբթի, 10 նոյեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   0 °C

Հայտնի է՝ ով է մահացու վրաերթի ենթարկել «Ինտերնյուզ»-ի նախկին ղեկավարին

Հայտնի է՝ ով է մահացու վրաերթի ենթարկել «Ինտերնյուզ»-ի նախկին ղեկավարին
346
Չորեքշաբթի, 31 օգոստոսի, 2022 թ., 11:12

Օգոստոսի 30-ին մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 17։30-ի սահմանում Երևանի բնակիչը՝ 25-ամյա Արման Սարգսյանը, իր վարած Tesla մակնիշի ավտոմեքենայով Թումանյան փողոցի 1 շենքի դիմաց վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտնը՝ Երևանի բնակիչ, 70-ամյա Մարիա Ասլամազյանին, գրում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը։

Ըստ աղբյուրի՝ վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն, ԱԻՆ Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն և օպերատիվորեն ժամանած բժիշկներին ու փրկարարներին օգնել է, ովքեր վրաերթի ենթարկվածին նախ տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել, ապա տեղափոխել թիվ 1 համալսարանական հիվանդանոց։ Այնուհետև վարորդը մոտեցել է նշված վայրում ծառայություն կատարող Պարեկային ծառայության Երևանի գնդի պարեկներին և հայտնել, որ վրաերթը կատարել է ինքը։

Աղբյուրը նաև հիշեցնում է, որ երեկ՝ ժամը 20։20-ին, հիվանդանոցից ահազանգ էր ստացվել ոստիկանության կենտրոնական բաժին, որ վրաերթի ենթարկվածը, գիտակցության չգալով, մահացել է։ Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության. նա եղել է սթափ։

Վարորդը այնուհետև դեպքի վայրից ներկայացել է քննչական բաժին, որտեղ էլ քննիչի որոշմամբ ձերբակալվել, ապա տեղափոխվել է ոստիկանության Երևան քաղաքի վարչության ձերբակալվածների պահման վայր։

Մահացածը «Ինտերնյուզ»-ի նախկին գլխավոր տնօրենն էր։