Երեքշաբթի, 10 նոյեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   0 °C

Ռուբինյանը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի փոխտեղակալին է ներկայացրել իրավիճակը Լեռնային Ղարաբաղում

Ռուբինյանը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի փոխտեղակալին է ներկայացրել իրավիճակը Լեռնային Ղարաբաղում
286
Ուրբաթ, 02 սեպտեմբերի, 2022 թ., 18:48

ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը սեպտեմբերի 2-ին հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի փոխտեղակալ Միրոսլավ Յենչայի գլխավորած պատվիրակության հետ: Այս մասին հայտնում են Ազգային ժողովից։

ԱԺ փոխնախագահը ներկայացրել է 2020 թ. Ադրբեջանի սանձազերծած 44-օրյա պատերազմից հետո ստեղծված անվտանգային իրավիճակը Լեռնային Ղարաբաղում եւ տարածաշրջանում: Նա ընդգծել է պատերազմի հետեւանքով ստեղծված հումանիտար ճգնաժամի, տեղահանված բնակիչների, Արցախի հայկական կրոնական եւ մշակութային ժառանգության ոչնչացման հետ կապված խնդիրների եւ սպառնալիքների վերացման անհրաժեշտությունը:

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի փոխտեղակալը շնորհակալություն է հայտնել ընդունելության եւ ստեղծված իրավիճակի հանգամանալից ներկայացման համար: Ընդգծելով Հայաստանի եւ ՄԱԿ-ի միջեւ սերտ համագործակցության կարեւորությունը՝ Միրոսլավ Յենչան փոխգործակցության շարունակության եւ աջակցության պատրաստակամություն է հայտնել: Նշվել է նաեւ, որ ՄԱԿ-ը ջանքեր է գործադրում տարածաշրջանում խաղաղության եւ կայունության պահպանման ուղղությամբ:

Կողմերն անդրադարձել են նաեւ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացին: