Երեքշաբթի, 10 նոյեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   0 °C

«Չի բացառվում, որ այս ձևաչափով և այս կառուցվածքով մենք վերջին անգամ ենք հանդիպում». վարչապետ

«Չի բացառվում, որ այս ձևաչափով և այս կառուցվածքով մենք վերջին անգամ ենք հանդիպում». վարչապետ
346
Երկուշաբթի, 05 սեպտեմբերի, 2022 թ., 15:30

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր մասնակցել է ԱԻ աշխատողի օրվան նվիրված տոնական միջոցառմանը:

Փաշինյանը հանդես է եկել ելույթով, որում, մասնավորապես նշել է. «Արտակարգ իրավիճակների նախարարությունը, Փրկարար ծառայությունն իրենց կարևոր և առանցքային դերակատարումն ունեցել են և ունեն Հայաստանում արտակարգ իրավիճակների կառավարման գործում: Եվ ես ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլորին այս ընթացքում իրենց կատարած կարևորագույն աշխատանքի համար: Եվ գնահատանքիս խոսքերն եմ հնչեցնում Արտակարգ իրավիճակների նախարարության բոլոր աշխատողներին, Փրկարար ծառայության բոլոր աշխատողներին, որովհետև ձեր կատարած աշխատանքն անգնահատելի է:

Կարծում եմ նաև, որ մենք պետք է հետևողականորեն զարգացնենք մեր երկրում բոլոր ինստիտուտները: Պիտի արձանագրեմ՝ չի բացառվում, որ այս ձևաչափով և այս կառուցվածքով մենք վերջին անգամ ենք հանդիպում, որովհետև առաջիկայում ձևավորվելու է Հայաստանում Ներքին գործերի նախարարություն, որն իր մեջ ներառելու է նաև Արտակարգ իրավիճակների նախարարության որոշ կառույցներ, մասնավորապես՝ Փրկարար ծառայությունը: Ինչո՞ւ ենք գնում նման փոփոխությունների: Ամենակարևոր երկու մոտիվացիայի մասին եմ այսօր ուզում խոսել, որը կարելի է տեղադրել մեկ ընդհանուր վերնագրի ներքո: Ընդհանրապես մեր երկրում, պետական համակարգում, ամենուր, մի քանի անգամ եմ ասել, անհրաժեշտ են բոլոր ժամանակակից պայմաններին և պահանջներին համապատասխանող ստանդարտներ: Մենք կարծում ենք, որ Հայաստանի Հանրապետությունում, հատկապես ուժային կամ ուժային ուղղություն ունեցող կառույցներում աշխատել՝ նշանակում է որոշակի ստանդարտների համապատասխանել և աշխատանքը համապատասխանեցնել որոշակի ստանդարտների:

Ոստիկանության, բանակի, փրկարար ծառայության աշխատողների համար պետք է գոյություն ունենան ստանդարտներ: Առաջին հերթին ուզում եմ նշել սոցիալական երաշխիքների և ապահովության ստանդարտը, որովհետև պետության համար կարևորագույն գործառույթ իրականացնող ծառայությունների աշխատողները պետք է երաշխավորված սոցիալական ապահովության համակարգ ունենան: Մեր նպատակադրումն է, որ նախարարության ձևավորումից հետո և՛ ոստիկանության, և՛ փրկարար ծառայության աշխատողների էական, շոշափելի աշխատավարձերի աճ պիտի տեղի ունենա և սոցիալական երաշխիքների համակարգի շատ կոնկրետ ուժեղացում պետք է տեղի ունենա:

Բայց մենք, ընդհանրապես, պետական կառավարման համակարգում որոշել ենք, որ պետք է առաջնորդվենք այն նույն տրամաբանությամբ, ինչ տրամաբանությամբ այսօր առաջնորդվում ենք, օրինակ՝ հանրակրթության ոլորտում: Մենք սահմանում ենք սոցիալական երաշխիքների, աշխատավարձի նոր ստանդարտ, մյուս կողմից ակնկալում ենք, որ յուրաքանչյուր աշխատող պետք է համապատասխանի իր մասնագիտական, ծառայողական հմտությունների, գիտելիքների, ընդունակությունների այն ստանդարտին, որը համապատասխանում է այդ բարձր աշխատավարձին: Եվ, ընդ որում, մեր նպատակադրումն այն է, որ այս գործընթացը տեղի ունենա անընդհատ և շարունակական, որովհետև երբ մենք, ենթադրենք մի անգամ բարձրացնում ենք աշխատավարձ, հետո տեղի է ունենում գնաճ և այդ աշխատավարձը հինգ, վեց, յոթ տարի անց, երբեմն ավելի արագ չի համապատասխանում մեր սահմանած նախնական չափորոշչին:

Եվ հետևաբար մենք այս մեխանիզմը պետք է պարբերաբար աշխատեցնենք՝ ունենալով երկու նպատակ՝ սոցիալական երաշխիքների ամուր համակարգ, բայց նաև պիտի համոզված և վստահ լինենք, որ մեր դպրոցներում, մեր ոստիկանությունում, մեր փրկարար ծառայությունում, մեր զինված ուժերում ծառայություն իրականացնող կամ աշխատող յուրաքանչյուր ոք համապատասխանում է այն ակնկալիքին, որը պետությունն ունի նրա նկատմամբ, որ ժողովուրդն ունի նրա նկատմամբ, որ հանրային շահն ունի նրա նկատմամբ: Եվ ես ուզում եմ, որ բոլորս տրամադրվենք այս աշխատանքին: Իհարկե, 2018թ.-ից հետո Փրկարար ծառայության աշխատավարձերի որոշակի բարձրացում տեղի է ունեցել, բայց մենք դա չենք համարում շոշափելի և էական: Եվ մենք գոհ չենք այն իրավիճակից, որն այս առումով ունենք: Մենք պետք է իրար հետ շարժվենք առաջ: Մենք պետք է վստահ լինենք, որ մեր երկրում՝ փրկարար ծառայությունում, բոլոր պետական ծառայություններում, նախարարություններում աշխատողը, այդ հաստիքը զբաղեցնողն ի վիճակի է առնվազն ինչ-որ մակարդակով լուծել իր առջև դրված խնդիրը»: