«Մենք պետք է ուժ տանք իրար, որ այս պատասխանատու ճանապարհին մեր ծնկները չծալվեն». վարչապետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել Քննչական կոմիտեի ծառայողի օրվան նվիրված նիստին:
Վարչապետը շնորհավորել է ՔԿ նախագահ Արգիշտի Քյարամյանին և բոլոր ծառայողներին մասնագիտական օրվա առթիվ: «Ուզում եմ մի քանի արձանագրում անել, որոնք, ճիշտն ասած, իրականում զգացական մակարդակի են, հույս ունեմ, որ իմ այս հայտարարություններից հետո հնարավոր քննարկումների, բանավեճերի ընթացքում նաև էմպիրիկ եղանակով հնարավոր կլինի պարզել, թե ինչքանով են այդ զգացական պնդումները նաև առարկայական: Իսկ ես զգում և տեսնում եմ, որ օրինակ՝ Հայաստանի Հանրապետությունում, մասնավորապես, Քննչական կոմիտեի պատասխանատվության ոլորտում, ըստ էության, նախաքննության առյուծի բաժինը՝ 90 և ավելի տոկոսը, 2023 թվականի հունվարի 1-ից ավելի մեծ հատվածը կլինի Քննչական կոմիտեի պատասխանատվության տիրույթում: Մտածում եմ, որ Հայաստանում, ներողություն այդ բառի արտահայտության համար, «գործ սարքելու» ինստիտուտը կամ վերացել է, կամ վերացման եզրին է, կամ մենք գնում ենք այդ ճանապարհով, կամ շատ մեծ առաջընթաց ենք արձանագրել այդ ճանապարհին, որպեսզի այդ «ինստիտուտն» ընդհանրապես ՀՀ-ում գոյություն չունենա: Սա ինքնին տրամաբանական և ինքնին ենթադրելի մի երևույթ է՝ ցանկացած իրեն հարգող պետության մեջ:
Բայց նաև պետք է արձանագրել, որ մենք շատ սկզբունքային ենք այս ճանապարհով ընթանալիս, և այսօր Հայաստանում նախաքննության գործընթացում փաստն առանցք է, հենասյուն է, և աշխատանքը տեղի է ունենում փաստի հետ, փաստի շուրջ: Սա շատ պարզ, գուցե մասնագիտության համար նույնիսկ ավելորդ արձանագրում է, բայց կարծում եմ, որ այս արձանագրումը պետք է անենք:
Հաջորդ արձանագրումը, որ ուզում եմ անել և իմ զգացողությունն ու դիտարկումը դա է ցույց տալիս, հետևյալն է. մեր երկրում նախաքննությունը դառնում է ավելի ու ավելի սկզբունքային, որը նախորդ կետերից բխող է: Սա նույնպես չափազանց կարևոր է և պիտի ընդգծեմ նաև, որ սկզբունքային քննություն չի նշանակում, կրկին կներեք այդ բառի համար, քառակուսի քննություն, որովհետև երբեմն քննության ընթացքում և արդյունքում լինում են կոմպրոմիսներ: Բայց ուզում եմ ընդգծել, որ դրանք կոմպրոմիսներ են, որոնք նախատեսված են օրենքով: Սա շատ կարևոր է, իրավական են, օրինական են և այդ կոմպրոմիսների թերևս միակ նպատակը պետության և հանրության շահերի պաշտպանությունն է»,- նշել է Նիկոլ Փաշինյանը:
Վարչապետը հավելել է, որ նոր շերտեր են բացում 44-օրա պատերազմի հետ կապված գործերի քննությունները: «Եթե կա սովորական նախաքննություն, որի արդյունքները և նպատակները սովորաբար իրավակարգի, օրենքի առաջ բոլոր մարդկանց հավասարության պահպանումն է, 44-օրյա պատերազմի հետ կապված նախաքննությունը, ենթադրում եմ, պիտի ևս մի շերտ ավելացնի այս գործընթացին, որ իրականում սովորական պայմաններում Քննչական կոմիտեի և նախաքննության հետ որևէ կապ չի ունեցել, կամ առնվազն այդ դիտանկյունին հաճախ չէ, որ որևէ ուշադրություն ենք դարձրել:
Այդ գործերը կարևոր են ինքներս մեզ ճանաչելու, մեր խնդիրները ճանաչելու, ընդհուպ մեր սոցիալ-հոգեբանական ոլորտի շերտերի մեջ խորամուխ լինելու, ընդհուպ մեր պետության հիմունքների և տեսությանն առերեսվելու և առնչվելու առումով: Եվ հենց այստեղ է, որ քննությունը, որ ասացի, պետք է շատ ավելի սկզբունքային լինի, որովհետև այս գործերի քննությունը մեր պետության հետագա զարգացման վրա ունենալու է առանցքային և անկյունաքարային նշանակություն, որովհետև մեր երկիրն ակնհայտորեն գտնվում է կարևորագույն մի հանգրվանում, կարևորագույն խաչմերուկում:
Ընդհանրապես, այս գործերի նախաքննության մեջ այդպիսի մի շերտ էլ կա, որին մենք առնչվում ենք միայն, այսպես ասած, աղմկոտ գործերի հետ: Դա շատ կարևոր է, որովհետև նախաքննությունը, մեծ հաշվով միայն քրեական գործերի քննությունը շատ մեծ տեղեկություն է տալիս մեր մասին, մեր հանրային հարաբերությունների մասին, պետություն-հանրություն հարաբերությունների մասին, պետության և հանրության հարաբերությունների, շահերի, նրբությունների և որակի մասին, և սա նույնպես շատ կարևոր գործառույթ է և ուրախությամբ պիտի ընդգծեմ, որ մենք հասել ենք այսպիսի շերտերի: Դա իհարկե կախված է իմ առաջին մասում ասվածի հետ: Երբ կա սկզբունքային քննություն, երբ կա վճռականություն՝ գնալ փաստերի հետևից մինչև վերջ, այդ փաստերի հետևից գնալու ճանապարհին մենք լրացուցիչ, գուցե մեզ համար անսպասելի բացահայտումներ ենք անում ինքներս մեր մասին, մեր պատմության մասին, մեր պետական ինստիտուտների գործունեության մասին, մեր պետության հիմունքների տեսությունների մասին: Եվ ես ուզում եմ այսօր ընդգծումն անել:
Շատ կարևոր արձանագրում է, որ մենք պետք է չզլանանք ամեն օր սովորել: Բայց մենք պետք է չզլանանք ամեն օր սովորել մեր հաջողությունների, անհաջողությունների վրա և մենք պետք է լցված լինենք վճռականությամբ, որ Հայաստանի Հանրապետության հազարամյա ճակատագրի պատասխանատվություն է այսօր մեր ուսերին դրված: Մենք պետք է ուժ տանք իրար, որ այս պատասխանատու ճանապարհին մեր ծնկները չծալվեն: Համոզված եմ, որ մենք հստակ քայլերով կգնանք առաջ: Դրա համար մի բան է պետք է որոշել՝ հստակ ձևակերպել խնդիրը, թե մենք ինչ ենք ուզում: Իսկ մենք ուզում ենք, որ Հայաստանի Հանրապետությունը լինի հզոր, ազատ, խաղաղ և երջանիկ պետություն»,- նշել է Փաշինյանը:

«Իմ խնդիրն է՝ Հայաստանն իր միջազգայնորեն ճանաչված տարածքներով ու բաց սահմաններով հանձնել երիտասարդությանը»․ Նիկոլ Փաշինյան
30207.11.2026, 13:12
Հայաստանի, Միացյալ Նահանգների և Ադրբեջանի համատեղ հայտարարությունը
60807.11.2026, 10:07
ՍԴ նախագահ է ընտրվել Վլադիմիր Վարդանյանը
42406.11.2026, 12:24
Մեկնարկում է նոյեմբերի 29-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզչությունը
60404.11.2026, 16:12
«Նախաձեռնված քրեական վարույթով 36 անձի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում». ՔԿ
51104.11.2026, 15:24
Գյումրու Կարա-Մուրզայի անվան պետական երաժշտական քոլեջի փոխտնօրենը մեղադրվում է կաշառք ստանալու մեջ (տեսանյութ)
50104.11.2026, 12:06
«Քրեական վարույթի շրջանակում 65 հասցեներում իրականացվում են միաժամանակյա խուզարկություններ»․ ՔԿ
47504.11.2026, 10:12
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Մեցոլայի հետ (տեսանյութ)
44203.11.2026, 15:42