Երկուշաբթի, 09 նոյեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +3 °C

ԱԺ նախագահն ընդունել է ԱՄՆ քոնգրեսականներին

ԱԺ նախագահն ընդունել է ԱՄՆ քոնգրեսականներին
259
Երեքշաբթի, 18 հոկտեմբերի, 2022 թ., 18:24

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հոկտեմբերի 18-ին ընդունել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Ժողովրդավարական գործընկերության հանձնախմբի (ԺԳՀ) նախագահ Դեյվիդ Փրայսի գլխավորած քոնգրեսական պատվիրակությանը: Ինչպես հայտնում են Ազգային ժողովի հասարակայնության հետ կապերի և հաղորդակցության վարչությունից, ողջույնների փոխանակումից հետո կողմերը քննարկել են սեպտեմբերի 13-ի ադրբեջանական զինված ուժերի ագրեսիայի հետեւանքները:

«Չնայած այն հանգամանքին, որ սեպտեմբերի 14-ի երեկոյան Միացյալ Նահանգների միջնորդությամբ ձեռք է բերվել փխրուն զինադադարի համաձայնություն, այնուամենայնիվ, դրանից հետո ևս ադրբեջանական կողմը պարբերաբար շարունակում է խախտել հրադադարի ռեժիմը»,- նշել է ՀՀ ԱԺ նախագահը:
Նա երախտագիտություն է հայտնել ԱՄՆ իշխանություններին, այդ թվում՝ բազմաթիվ քոնգրեսականների՝ վերջին զարգացումներին հասցեական գնահատական տալու, ինչպես նաև Միացյալ Նահանգների միջնորդությամբ վերջերս Հայաստան վերադարձված 17 ռազմագերիների համար: Կողմերն անդրադարձել են Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանական զինուժին և Ադրբեջան-Թուրքիա ծավալապաշտական նկրտումներին:

Ամերիկյան կողմն անթույլատրելի է համարել ՀՀ տարածքային ամբողջականության դեմ ադրբեջանական ոտնձգությունները:

ՀՀ ԱԺ նախագահը բարձր է գնահատել Հայաստան-ԱՄՆ փոխգործակցությունը բոլոր մակարդակներում: Նա կարևորել է մեր երկրի համար ծանրագույն շրջանում ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի գլխավորած պատվիրակության պաշտոնական այցը:
Հանդիպմանն անդրադարձ է եղել միջխորհրդարանական երկխոսությանը և խորհրդարանական դիվանագիտությանը: Ալեն Սիմոնյանի խոսքով՝ ՀՀ ԱԺ անդամակցությունը Քոնգրեսի երկկուսակցական «House Democracy Partnership» հանձնախմբին շատ կարևոր է: Նա ընդգծել է, որ այս այցը կարևորագույն նշանակություն ունի համագործակցության այս ձևաչափի շարունակականության համար:
Հայկական կողմը բարձր է գնահատել նաև Ներկայացուցիչների պալատի Հայկական հարցերով հանձնախմբի աշխատանքը, այդ թվում՝ Հայաստանին աջակցելու ծրագրերում, Արցախին մարդասիրական օգնություն ցուցաբերելու, առևտրային նախաձեռնությունների, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացումցցև Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում:
Հանդիպմանը քննարկվել են օրենսդիր-գործադիր հարաբերությունները, խորհրդարանական ընդդիմությանը, որոշումների կայացման մեխանիզմներին առնչվող հարցեր: