Հինգշաբթի, 01 դեկտեմբերի, 2022 թ.
|
Ստեփանակերտում`   +2 °C

Արցախի նախագահը հայտարարություն է տարածել

Արցախի նախագահը հայտարարություն է տարածել
1239
Շաբաթ, 29 հոկտեմբերի, 2022 թ., 11:06

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի ֆեյսբուքյան հայտարարությունը. «Վերջին ժամանակներս, առանց չափազանցության, ողջ հայության ուշադրությունը սևեռված է հայ-ադրբեջանական բանակցություններին։ Հայաստանի և Ադրբեջանի իշխանություններին մի քանի ուժային կենտրոնների կողմից ներկայացվել են առաջարկություններ՝ կարգավորման առանցքային հարցերի վերաբերյալ։
Առաջարկված սկզբունքներն ու մոտեցումները, դրանց ընդունման և իրացման դեպքում, վճռորոշ նշանակություն են ունենալու թե՛ Արցախի Հանրապետության և նրա ժողովրդի, և թե՛ Հայաստանի ու տարածաշրջանի մյուս երկրների համար։
Հենց այդ պատճառով էլ մենք սխալվելու իրավունք չունենք, քանի որ ցանկացած սխալ կարող է ճակատագրական դառնալ։ Մենք վստահ ենք, որ պետք է մեկընդմիշտ մերժվեն այն առաջարկներն ու սկզբունքները, որոնք ժխտում են Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը, զրկում են հակամարտության արդարացի կարգավորման հեռանկարներից և կասկածի տակ են դնում Արցախի գոյությունը։ Եվ դա բխում է ոչ միայն Արցախի Հանրապետության շահերից, այլև՝ ողջ հայության, քանի որ Հայաստանի Հանրապետությունն ու Արցախի Հանրապետությունը ձևավորում են մեկ միասնական հայրենիք և արժեքների ու շահերի անբաժանելի ամբողջություն:
Ողջունում ենք Հայաստանի վարչապետի հայտարարությունն այն մասին, որ Հայաստանը դեռ սույն թվականի սեպտեմբերի սկզբին համաձայնել է աշխատել Հայաստանի և Ադրբեջանի միջև միջպետական հարաբերությունների հաստատման ուղղությամբ՝ Ռուսաստանի կողմից ներկայացված սկզբունքների և պարամետրերի հիման վրա, և պատրաստ է դա վերահաստատել հոկտեմբերի 31-ին Սոչիում սպասվող բարձր մակարդակի հանդիպման ժամանակ։
Անշուշտ, մենք կուզեինք բանակցային գործընթացի արդյունքում հասնել ղարաբաղյան հակամարտության արդարացի ու վերջնական կարգավորման և Արցախի Հանրապետության անկախ կարգավիճակի միջազգային ճանաչման: Սակայն, հաշվի առնելով առկա մարտահրավերներն ու սահմանափակ հնարավորությունները, մեր կարծիքով՝ ռուսաստանյան առաջարկություններն առավելապես համապատասխանում են այն նվազագույն չափանիշներին, որոնք թույլ են տալիս ապահովել Արցախի անվտանգությունը և կասկածի տակ չեն դնում նրա ապագան։
Հույս ենք հայտնում, որ հոկտեմբերի 31-ին կայանալիք եռակողմ գագաթնաժողովի արդյունքում կհաջողվի ամրապնդել այն տարրերը, որոնք վերաբերում են Արցախի ճակատագրին։ Առաջին հերթին, խոսքը վերաբերում է Արցախում տեղակայված Ռուսաստանի խաղաղապահ զորակազմի առաքելության անժամկետ երկարաձգման մասին։ Արցախում նրանց գտնվելը կենսական նշանակություն ունի, քանի որ 2020 թվականի նոյեմբերից ի վեր Արցախի Հանրապետության և նրա ժողովրդի անվտանգության համար պատասխանատվության էական բաժինը կրում են ռուս խաղաղապահները։ Երկրորդ առանցքային պարամետրը հանդիսանում է Արցախի առնվազն ներկայիս կարգավիճակի պահպանումը։
«Վալդայ» միջազգային ակումբի նիստի ժամանակ Ռուսաստանի Դաշնության նախագահի հայտարարությունը որոշակի հույսեր է ներշնչում, որ այդ նպատակները միանգամայն իրականանալի են։
Ակնկալում ենք, որ կայանալիք բանակցությունների ժամանակ լիովին կպաշտպանվեն Արցախի Հանրապետության կենսական շահերը և, առաջին հերթին, Արցախի ժողովրդի ինքնորոշման անքակտելի իրավունքը։ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի և այդ իրավունքի իրացման արդյունքների միջազգային ճանաչումն այլընտրանք չունի։
Վստահ ենք, որ համատեղ ջանքերով կհաջողվի թույլ չտալ Ադրբեջանի և նրա դաշնակիցների կողմից Արցախի Հանրապետության նկատմամբ ուժի անօրինական կիրառման հետևանքների լեգիտիմացումը՝ դրանով իսկ պայմաններ ապահովելով մեր հայրենիքի ու ժողովրդի անվտանգ ու բարեկեցիկ ապագայի համար»։