Երկուշաբթի, 09 նոյեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +2 °C

«Մեր առջև ծառացած է լինելու-չլինելու գոյաբանական խնդիրը». Արցախի ԱԺ նախագահ

«Մեր առջև ծառացած է լինելու-չլինելու գոյաբանական խնդիրը». Արցախի ԱԺ նախագահ
349
Շաբաթ, 29 հոկտեմբերի, 2022 թ., 16:18

«Արցախն այսօր, առավել քան երբևէ, կարիք ունի ստեղծագործ մտածողությամբ, լեզուների իմացությամբ և առաջատար տեխնոլոգիաներին տիրապետող երիտասարդ ու հայրենասեր մասնագետների: Մեր երկրի աշխարհագրական դիրքն ու քաղաքական կարգավիճակը հուշում են մշտական զգոնություն և պատրաստվածություն ոչ միայն երկրի սահմանները պաշտպանելու գործում, ինչը չափազանց կարևոր է, այլև՝ մեր ժողովրդի իրավունքների ու շահերի արժանապատիվ ներկայացում և երկրի ներսում, և նրա սահմաններից դուրս»,- ԱՀ Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը ողջույնի խոսքով հանդես է եկել Ստեփանակերտի Մեսրոպ Մաշտոց Համալսարանի 25-ամյա գործունեությանը նվիրված «Գիտության և կրթության դերը պետության զարգացման գործում» խորագրով գիտաժողովի բացմանը: «Այսօր, երբ հայոց պետականությունն ապրում է պատմական վճռորոշ և ճակատագրական ժամանակաշրջան և մեր առջև ծառացած է լինելու-չլինելու գոյաբանական խնդիրը, սեփական ուժերի լարումով ու ապագայի նկատմամբ մեծ լավատեսությամբ պետք է անենք հնարավորն ու անհնարը՝ լրացնելու մեր կորցրածը և ամեն օր ստեղծելու նոր արդյունք:
Հավատացած եմ՝ այսօրվա գիտաժողովը հետաքրքիր քննարկումների ու եզրահանգումների հարթակ կհանդիսանա, ինչը հնարավորություն կընձեռի քննելու մեր ձեռքբերումներն ու թերացումները, ներկայիս մարտահրավերները գիտա-գործնական հարթության վրա ուսումնասիրելու և համապատասխան գնահատականներ ու առաջարկներ հավաքագրելու: Ապրելով իր սրբացած հողում՝ մեր ժողովուրդն աշխարհին ապացուցում է, որ Արցախը կա, ապրում է՝ պայքարելով իր երկրում ապրելու, արարելու իրավունքների համար»,- ասել է նա:

Աղբյուրը`   ԱՀ ԱԺ