Կաթողիկոսն այցելել է Ջերմուկ

Մայր Աթոռի տեղեկատվական համակարգը հայտնում է. «Նոյեմբերի 5-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն այցելել է Վայոց Ձորի Ջերմուկ քաղաք: Նորին Սրբությունը հոգևոր դասի և մարզային ու քաղաքային իշխանությունների հետ միասին մեկնել է Ջերմուկի Սուրբ Գայանե եկեղեցի, որտեղ Հայոց Հայրապետին դիմավորել են քաղաքի բնակիչները և զինվորականները։ «Հրաշափառ» շարականի երգեցողության ներքո Վեհափառ Հայրապետը, իր օրհնությունը բաշխելով հավատավոր ժողովրդին, մուտք է գործել տաճար, ուր սաղմոսերգությունից և աղոթքից հետո կատարվել է Խաղաղության մաղթանք Հայաստանի, Արցախի և հայրենյաց սահմանների անսասանության ու հայ ժողովրդի անվտանգ, խաղաղ և բարօր կյանքի համար։ Աղոթք է բարձրացվել նաև հայրենիքի պաշտպանության համար զոհված հայորդիների հոգիների խաղաղության ու հանգստության համար։
Արարողության ավարտին Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր պատգամն է ուղղել ժողովրդին։
«Հայրապետական Մեր օրհնությունն ենք բերում ձեզ և աղոթքով հայցում Երկնավորից, որ այս դժվարին պահին օգնական լինի նեղություններին դիմագրավող հայորդիներիդ։
Առաջին անգամը չէ, որ այցելում ենք մեր երկրի այս գողտրիկ անկյունը: Ջերմուկում եղել ենք բազմաթիվ առիթներով, հմայվել այս բնաշխարհի շքեղությամբ և վայելել այստեղի ժողովրդի հոգու ջերմությունն ու հյուրընկալությունը:
Ջերմուկն իր բուժիչ ջրերով և գեղատեսիլ բնաշխարհով մեր երկրի կարևորագույն այցեքարտերից է և մշտապես եղել է հիվանդությունների բուժման ու տագնապների փարատման օրրան մեր ժողովրդի և բյուրավոր այցելուների համար: Այսօր Ջերմուկն ինքը կարիքն ունի ապաքինման ու վշտերի թոթափման»,– ասել է Հայոց Հայրապետը։
Անդրադառնալով սեպտեմբերի 13-ին ադրբեջանական զինված ուժերի լայնածավալ հարձակմանը՝ Նորին Սրբությունն իր սրտակցությունն է բերել մեր ժողովրդի սգավոր և վշտացյալ զավակներին ադրբեջանական ագրեսիայի հետևանքով զոհված հայորդիների, ավերված քաղաքների ու շեների համար, հայցելով, որ Տերն Իր ողորմությամբ հանգստություն պարգևի հայրենիքի համար նահատակված քաջորդիներին, մխիթարություն ու սփոփանք շնորհի զոհվածների ընտանիքներին և կամք ու քաջություն հավատավոր զավակներին, որպեսզի կարողանան դիմակայել հառնած խնդիրներին։
«Տագնապներն ու անհանգստությունները չափազանց շատ են այսօր մեր կյանքում: Մենք մտահոգված ենք մեր հայրենիքի, հարազատ երկրում ապրող մեր ժողովրդի զավակների ներկայով և ապագայով, հատկապես երբ մեր հայացքները ամեն անգամ հանդիպում են անմեղ, բայց արդեն հոգսաշատ դարձած մեր մանուկների աչքերին։ Մեր երկրի և ժողովրդի առջև ծառացած մտահոգություններից ու անհանգստություններից դրդված՝ որոշ ընտանիքներ հեռանում են երկրից և դառնում գաղթական՝ օտարության մեջ փնտրելով իրենց և իրենց զավակների երջանկությունն ու ապահովությունը։
Մենք եկել ենք այստեղ ասելու, որ այն ամենը, ինչ ունենք մեր երկիրն է, մեր հայրենիքը: Պիտի զինվենք քաջությամբ ու տոկունությամբ, որպեսզի պաշտպան լինենք այն սրբազան հողին, ուր ապրել ու արարել են մեր հայրերը և մեր հայրերի հայրերը, ուր նահատակվել են մեր զավակները»,– նշել է Հայոց Հայրապետը»։

«Իմ խնդիրն է՝ Հայաստանն իր միջազգայնորեն ճանաչված տարածքներով ու բաց սահմաններով հանձնել երիտասարդությանը»․ Նիկոլ Փաշինյան
27007.11.2026, 13:12
Հայաստանի, Միացյալ Նահանգների և Ադրբեջանի համատեղ հայտարարությունը
53907.11.2026, 10:07
ՍԴ նախագահ է ընտրվել Վլադիմիր Վարդանյանը
39206.11.2026, 12:24
Մեկնարկում է նոյեմբերի 29-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզչությունը
57304.11.2026, 16:12
«Նախաձեռնված քրեական վարույթով 36 անձի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում». ՔԿ
49504.11.2026, 15:24
Գյումրու Կարա-Մուրզայի անվան պետական երաժշտական քոլեջի փոխտնօրենը մեղադրվում է կաշառք ստանալու մեջ (տեսանյութ)
48504.11.2026, 12:06
«Քրեական վարույթի շրջանակում 65 հասցեներում իրականացվում են միաժամանակյա խուզարկություններ»․ ՔԿ
45904.11.2026, 10:12
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Մեցոլայի հետ (տեսանյութ)
42603.11.2026, 15:42