Երկուշաբթի, 09 նոյեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +1 °C

Քրեական հետապնդում է հարուցվել Միքայել Նարիմանյանի նկատմամբ

Քրեական հետապնդում է հարուցվել Միքայել Նարիմանյանի նկատմամբ
296
Երեքշաբթի, 08 նոյեմբերի, 2022 թ., 11:24

Մ. Ն-ն, հանդիսանալով «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիմնադրամի նախկին ռեկտորը, ինչպես անձամբ, այնպես էլ նույն հիմնադրամի կողմից ստեղծված «Հերացի» արհեստակցական կազմակերպության նախագահ Մ. Ս-ի օժանդակությամբ դիտավորությամբ, վատնման եղանակով, ծառայողական դիրքն օգտագործելով՝ կատարել է իրեն վստահված, իր տնօրինմանը հանձնված Հիմնադրամին պատկանող առանձնապես խոշոր չափերով գույքի հափշտակություն՝ 39 մլն 660 հազար դրամի չափով:

Մասնավորապես, Մ. Ն-ն պայմանավորվածություն է ձեռք բերել Մ. Ս-ի հետ՝ հիմնադրամի գումարները «Հերացի» կազմակերպությանը փոխանցելու, այդ գումարներով հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահի հետ առնչություն ունեցող «Նավասար» ՍՊ ընկերության «Ծովասար» հյուրանոցային համալիրի տնօրեն Վ. Ս-ից շուկայականից բարձր գներով հանգստի տներ ձեռք բերելու և ավելի վճարվելիք գումարները Վ. Ս-ին դարձնելու շուրջ: Վերոնշյալ արարքի կատարման համար Գլխավոր դատախազությունը Մ. Ն-ի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցել:

Մ. Ն-ին մեղսագրվում է հանցանքը կատարելու պահին գործող Քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված՝ վատնման եղանակով առանձնապես խոշոր չափերով գույքի հափշտակություն (ներկայում գործող Քրեական օրենսգրքի 256-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով նախատեսված՝ վստահված գույքի առանձնապես խոշոր չափերով հափշտակություն) հանցավոր արարքի կատարում:

Մ. Ս-ի նկատմամբ ևս հարուցվել է քրեական հետապնդում հանցանքը կատարելու պահին գործող Քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված՝ վատնման եղանակով առանձնապես խոշոր չափերով գույքի հափշտակության օժանդակություն (ներկայում գործող Քրեական օրենսգրքի 46-256-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով նախատեսված՝ վստահված գույքի առանձնապես խոշոր չափերով հափշտակության օժանդակություն) կատարելու համար:

Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցներ՝ կոռուպցիոն սխեմայում ներգրավված անձանց ամբողջական շրջանակը պարզելու և նրանց նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու ուղղությամբ: Այս մասին հայտնում է Գլխավոր դատախազությունը: