Երկուշաբթի, 09 նոյեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +1 °C

«Հայաստանի դիրքորոշումը Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման հարցում շատ պարզ է»․ ՀՀ նախագահ

«Հայաստանի դիրքորոշումը Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման հարցում շատ պարզ է»․ ՀՀ նախագահ
261
Երկուշաբթի, 14 նոյեմբերի, 2022 թ., 19:54

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հյուրընկալել է ԵԱՀԿ ԽՎ երիտասարդական ցանցի պատվիրակներին: Հանդիպմանը մասնակցել է ՀՀ ԱԺ պատգամավոր Սարգիս Խանդանյանը:

Նախագահ Վահագն Խաչատուրյանը ողջունելով հյուրերին՝ նշել է, որ կարևորում է երիտասարդների ներգրավվածությունը խորհրդարանական դիվանագիտության կայացման գործընթացներում:

Հանդիպման ընթացքում նախագահը Խորհրդարանական վեհաժողովի երիտասարդ պատվիրակներին դրվագներ է ներկայացրել ղարաբաղյան հակամարտության սկզբնավորման և բովանդակության վերաբերյալ: Անդրադարձել է հիմնախնդրի կարգավորման ներկայիս հնարավորություններին:

Նախագահ Խաչատուրյանն իր խոսքում անդրադարձել է Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման առաջին տարիներին և նշել, որ հենց այդ շրջանում Հայաստանը որոշեց շարժվել ժողովրդավարության և ժողովրդավարական ինստիտուտների կայացման ուղիով և ներկայումս էլ հետևում է նույն ճանապարհին, անշուշտ, հաղթահարելով նաև բազմաթիվ դժվարություններ և խոչընդոտներ:

Անդրադառնալով տարածաշրջանային իրողություններին՝ նախագահը շեշտել է, որ Հայաստանի դիրքորոշումը Հարավային Կովկասում կայուն և երկարատև խաղաղության հասնելու հարցում միանշանակ է և այլընտրանք չունի:

Հանրապետության նախագահն անդրադարձել է նաև հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հեռանկարին. «Հայաստանի դիրքորոշումը Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման հարցում շատ պարզ է, մենք հակված ենք առանց որևէ նախապայմանի սահմանների բացման և հաջորդիվ նաև դիվանագիտական հարաբերությունների հաստատման, շուրջ 13 տարի առաջ նման հնարավորություն կար, սակայն հանգամանքների բերում չստացվեց, այս անգամ, հուսանք, որ կկարողանանք արդյունքի հասնել»,- նշել է նախագահը:

Հանդիպմանը Խորհրդարանական վեհաժողովի երիտասարդ պատվիրակները շնորհակալություն են հայտնել հյուրընկալության համար և նշել, որ տպավորված են Հայաստան կատարած իրենց այցելությունից և առաջիկայում էլ կփորձեն սերտացնել հարաբերությունները: