«Վստահ եմ՝ այս ծանրագույն ճգնաժամն էլ ենք անցնելու պատվով». Արցախի նախագահ

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի ամանորյա ուղերձը
Սիրելի՛ հայրենակիցներ, 2023թ-ը դիմավորում ենք արտակարգ պայմաններում: Անցնող տարվա ամբողջ ընթացքում Արցախի Հանրապետության խաղաղ բնակչության հանդեպ իրականացված բազմաթիվ ագրեսիաներից ու սադրանքներից բացի, Ադրբեջանը դեկտեմբերի 12-ին նաև փակեց Արցախը Մայր Հայաստանին կապող միակ ճանապարհը՝ մեզ կանգնեցնելով նոր մարտահրավերների առջև:
Տարաբնույթ դժվարություններն ու փորձությունները հաղթահարելու ճանապարհին մեր ժողովուրդը դարձավ ավելի ուժեղ ու ամրակուռ՝ մեկ անգամ ևս վերահաստատելով սեփական հողի վրա ազատ ու անկախ ապրելու, արարելու կամքն ու վճռականությունը:
Մեր ժողովուրդը նման զրկանքների պակաս չի ունեցել դարերի և հատկապես վերջին տասնամյակների ընթացքում, սակայն կարողացել է վճռական ու միասնական պայքարի միջոցով հաղթահարել մարտահրավերները: Ուստի, վստահ եմ, որ այս ծանրագույն ճգնաժամն էլ ենք անցնելու պատվով:
Թանկագի՛ն բարեկամներ,
Այս տոնական օրը ուզում եմ շնորհակալություն հայտնել ձեզ՝ միմյանց սատարելու և առկա մարտահրավերներին արժանապատվորեն դիմագրավելու համար:
Ամանորի այս գիշերը մեր շատ ընտանիքներ կիսված են: Ուզում եմ ներողություն խնդրել հատկապես այն երեխաներից, ովքեր հեռու են գտնվում ծնողներից՝ Արցախի կյանքի ճանապարհը բացելու նպատակով մեր կողմից գործադրված ջանքերի դեռևս անարդյունավետության համար:
Ուզում եմ հիշենք և մեր խոնարհումը բերենք Հայրենիքի նվիրյալների հիշատակին. այն կարող ենք վառ պահել միայն հայկական Արցախով, Արցախում ապրելով և պայքարելով: Համոզված եղեք, որ, հայրենիքի այս գողտրիկ անկյունում ապրելով ու ծառացող դժվարությունները հերոսաբար հաղթահարելով, մեզանից յուրաքանչյուրը յուրովի կարևոր առաքելություն է կատարում՝ հանուն հայ ժողովրդի լինելության և նրա ապագայի:
Ուզում եմ նաև խորին երախտագիտություն հայտնել մեր քույրերին ու եղբայրներին Մայր Հայաստանում և Սփյուռքում, բոլոր նրանց, ովքեր մեզ հետ են, մեր կողքին, իրենց աջակցությունն ու զորակցությունն են ցուցաբերում Արցախին այս դժվարին օրերին:
Խաղաղություն, բարօրություն, վճռականություն, հույս ու հավատ բոլորիս:
Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ:

«Իմ խնդիրն է՝ Հայաստանն իր միջազգայնորեն ճանաչված տարածքներով ու բաց սահմաններով հանձնել երիտասարդությանը»․ Նիկոլ Փաշինյան
206Երեկ, 13:12
Հայաստանի, Միացյալ Նահանգների և Ադրբեջանի համատեղ հայտարարությունը
426Երեկ, 10:07
ՍԴ նախագահ է ընտրվել Վլադիմիր Վարդանյանը
33406.11.2026, 12:24
Մեկնարկում է նոյեմբերի 29-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզչությունը
51704.11.2026, 16:12
«Նախաձեռնված քրեական վարույթով 36 անձի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում». ՔԿ
46904.11.2026, 15:24
Գյումրու Կարա-Մուրզայի անվան պետական երաժշտական քոլեջի փոխտնօրենը մեղադրվում է կաշառք ստանալու մեջ (տեսանյութ)
46004.11.2026, 12:06
«Քրեական վարույթի շրջանակում 65 հասցեներում իրականացվում են միաժամանակյա խուզարկություններ»․ ՔԿ
43304.11.2026, 10:12
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Մեցոլայի հետ (տեսանյութ)
40103.11.2026, 15:42