Կիրակի, 08 նոյեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +6 °C

«Ադրբեջանը նպատակ է հետապնդում էթնիկ զտման ենթարկել ԼՂ հայությանը»․ ՀՀ ԱԳ նախարարը՝ Ֆրանսիայի ԱԺ նախագահին

«Ադրբեջանը նպատակ է հետապնդում էթնիկ զտման ենթարկել ԼՂ հայությանը»․ ՀՀ ԱԳ նախարարը՝ Ֆրանսիայի ԱԺ նախագահին
345
Շաբաթ, 14 հունվարի, 2023 թ., 14:42

Հունվարի 14-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է Ֆրանսիայի ԱԺ նախագահ Յաել Բրաուն-Պիվեի գլխավորած պատվիրակությանը: Նախարար Միրզոյանը ողջունել է Ֆրանսիայի ԱԺ նախագահի մակարդակով առաջին այցը Հայաստան՝ ընդգծելով, որ այն վկայում է հայ և ֆրանսիացի ժողովուրդների ընդհանուր արժեքների վրա հիմնված պատմական բարեկամության և երկկողմ առանձնաշնորհյալ հարաբերությունների բարձր մակարդակի մասին: Հանդիպմանը քննարկվել են Հայաստանի և Ֆրանսիայի միջև համագործակցության հարուստ օրակարգին վերաբերող հարցեր:

Գոհունակությամբ ընդգծվել է միջ­խորհրդա­րանական մակարդակով ձևավորված սերտ համագործակցությունը և այս առումով առանձնահատուկ կարևորվել է երկու երկրների օրենսդիր մարմիններում գործող բարեկամական խմբերի գործունեությունն ու բազմակողմ հարթակներում փոխգործակցությունը:

Կողմերն անդրադարձ են կատարել տարածաշրջանային անվտանգությանը և կայունությանը վերաբերող հարցերի: Երկուստեք անդրադարձ է կատարվել 2022թ. դեկտեմբերի 12-ից Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղը Հայաստանին և աշխարհին կապող միակ կյանքի ճանապարհի՝ Լաչինի միջանցքի շրջափակման հետևանքով օրեցօր ահագնացող հումանիտար իրավիճակին և դրա հանգուցալուծման հրամայականին: Նախարար Միրզոյանն ընդգծել է, որ Ադրբեջանն իր շարունակական գործողություններով նպատակ է հետապնդում էթնիկ զտման ենթարկել Լեռնային Ղարաբաղի հայությանը:

ՀՀ ԱԳ նախարարը երախտագիտություն է հայտնել Ադրբեջանի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ ագրեսիայի և Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման առնչությամբ տարբեր մակարդակներում և ձևաչափերում Ֆրանսիայի սկզբունքային դիրքորոշման համար: