Կիրակի, 08 նոյեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +6 °C

ԱՀ ԱԳՆ-ն մեկնաբանել է Լավրովի հայտարարությունը Լաչինի միջանցքի վերաբերյալ

ԱՀ ԱԳՆ-ն մեկնաբանել է Լավրովի հայտարարությունը Լաչինի միջանցքի վերաբերյալ
362
Չորեքշաբթի, 18 հունվարի, 2023 թ., 23:36

«Արցախպրես» լրատվական գործակալությունը ԱՀ Արտաքին գործերի նախարարությանը խնդրել է մեկնաբանել ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հայտարարությունն այն մասին, որ ռուսական խաղաղապահ զորակազմը, որը եռակողմ հայտարարությամբ լիազորված է վերահսկել Լաչինի միջանցքով երթևեկությունը, ունի տրանսպորտային միջոցները ստուգելու բոլոր հնարավորությունները:

ԱԳՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հարցմանն ի պատասխան նշել են, որ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության համաձայն՝ Լաչինի միջանցքը պետք է գտնվի Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմի վերահսկողության և պաշտպանության ներքո։ Այսպիսով, եռակողմ հայտարարությունը հենց ռուսական խաղաղապահ զորախմբին է լիազորում վերահսկել Լաչինի միջանցքով երթևեկությունը։ Կասկած չկա, որ ռուսական խաղաղապահ զորակազմն ունի բոլոր անհրաժեշտ, այդ թվում՝ տեխնիկական հնարավորությունները՝ ստուգելու տրանսպորտային միջոցները՝ միջանցքի անվտանգ գործունեությունն ապահովելու նպատակով։
«Միևնույն ժամանակ, հարկ է նշել, որ եռակողմ հայտարարության համաձայն՝ Ադրբեջանը պետք է երաշխավորի Լաչինի միջանցքով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների՝ երկու ուղղություններով տեղաշարժի անվտանգությունը՝ առանց որևէ սահմանափակումների»,- ասված է պաշտոնական մեկնաբանության մեջ։