«Այս ծանր իրավիճակում հրատապ է բանակի արդիականացումը». Գարեգին Բ

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ ամենայն հայոց կաթողիկոսի ուղերձը՝ Հայոց բանակի օրվա առիթով
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Հայոց բանակի օրվա առիթով Հայրապետական Մեր օրհնությունն ու բարեմաղթանքն ենք բերում Հայոց բանակի սպաներին ու զինվորներին և համայն մեր ժողովրդին:
Հայոց բանակը կազմավորվեց մեր անկախության վերահաստատման տարիներին, դարձավ պատվարն ու պահապանը հայոց վերածնյալ պետականության, երաշխավորը մեր ժողովրդի խաղաղ ու անվտանգ կյանքի: Մեր խիզախ զորավարների ու զինվորների քաջագործություններով, նաև բանակին սատարող մեր ժողովրդի պայքարով ազատագրվեց Արցախ աշխարհը, և արցախահայությունը իր անկախ կյանքը կառուցելու հնարավորությունն ունեցավ։
Արցախյան 44-օրյա աղետալի պատերազմը, անցյալ տարվա սեպտեմբերին Հայաստանի սահմանների նկատմամբ ոտնձգությունները, հառնած մարտահրավերները և պաշտպանական լրջագույն հիմնահարցերը նոր հրամայականների առջև են կանգնեցրել մեր երկիրն ու ժողովրդին։ Այս ծանր իրավիճակում առաջնային և հրատապ է բանակի արդիականացումը՝ ժամանակի չափանիշներին ու պահանջներին համապատասխան։ Առաջնային և հրատապ է ազգային ողջ ներուժի համախմբումը, որպեսզի Հայոց բանակը շուտափույթ հաղթահարի պատերազմի պատճառած աղետալի հետևանքները, ամոքում գտնեն անդառնալի կորուստների վերքերն ու ցավերը, և բացառվեն այնպիսի ողբերգություններ, որ ապրեցինք շաբաթներ առաջ։ Հավատում ենք, որ Հայոց բանակը պիտի վերագտնի փառքի իր ճանապարհը և կարող լինի աննկուն ու հաղթական իրագործել իր սրբազան առաքելությունը:
Ի խորոց սրտի աղոթում ենք հայրենիքի պաշտպանության համար նահատակության պսակն ընդունած բոլոր քաջորդիների համար։ Հայցում ենք Երկնավորից, որ մխիթարություն պարգևի կորուստներից ու վշտերից բեկված հոգիներին: Թող Ամենակալն Աստված Իր պահպանությունն ու զորակցությունը շնորհի Հայոց բանակի քաջարի զինվորներին ու հրամանատարական կազմին, խաղաղություն ու բարօրություն՝ Հայաստան ու Արցախ մեր հայրենիքին և աշխարհասփյուռ մեր ժողովրդին։
«Շնորհք ընդ ձեզ եւ խաղաղութիւն յԱստուծոյ Հօրէ մերմէ եւ ի Տեառնէ Յիսուսէ Քրիստոսէ» (Հռոմ. 1.7) այսօր և միշտ. ամէն:

«Իմ խնդիրն է՝ Հայաստանն իր միջազգայնորեն ճանաչված տարածքներով ու բաց սահմաններով հանձնել երիտասարդությանը»․ Նիկոլ Փաշինյան
169Երեկ, 13:12
Հայաստանի, Միացյալ Նահանգների և Ադրբեջանի համատեղ հայտարարությունը
355Երեկ, 10:07
ՍԴ նախագահ է ընտրվել Վլադիմիր Վարդանյանը
30006.11.2026, 12:24
Մեկնարկում է նոյեմբերի 29-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզչությունը
48504.11.2026, 16:12
«Նախաձեռնված քրեական վարույթով 36 անձի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում». ՔԿ
45304.11.2026, 15:24
Գյումրու Կարա-Մուրզայի անվան պետական երաժշտական քոլեջի փոխտնօրենը մեղադրվում է կաշառք ստանալու մեջ (տեսանյութ)
44304.11.2026, 12:06
«Քրեական վարույթի շրջանակում 65 հասցեներում իրականացվում են միաժամանակյա խուզարկություններ»․ ՔԿ
41704.11.2026, 10:12
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Մեցոլայի հետ (տեսանյութ)
38503.11.2026, 15:42