Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +4 °C

«Ադրբեջանը փորձում է այդ գործընթացին նոր խորություն հաղորդել». Տիգրան Աբրահամյան

«Ադրբեջանը փորձում է այդ գործընթացին նոր խորություն հաղորդել». Տիգրան Աբրահամյան
264
Ուրբաթ, 03 մարտի, 2023 թ., 03:18

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Արցախում՝ ռուս խաղաղապահների կենտրոնակայանում, արցախցիների ու ադրբեջանցիների միջև կայացած հանդիպմամբ, Ադրբեջանը փորձում է այդ գործընթացին նոր խորություն հաղորդել:
Ադրբեջանը հայտարարում է, որ այդ հանդիպումների միջոցով նպատակ է դրել հասնելու Արցախի ադրբեջանական ինտեգրացիային, իսկ Արցախի իշխանությունը հակադարձում է, որ դրանք զուտ տեխնիկական, հումանիտար բնույթի նպատակ ունեն:
Միանգամից ասեմ, որ այստեղ այդքան կարևոր չեն ցանկությունների մասին հայտարարությունները, որքան բուն գործընթացն իր բովանդակությամբ և իր հետ բերող հետևանքներով:
Համենայդեպս, Ադրբեջանն արհեստական խնդիրներ ստեղծելով և «հերոսաբար» դրա վերաբերյալ լուծումներ առաջարկելով արցախցիների հետ մշտական կապի, հաղորդակցության և համագործակցության լայն դաշտ է ձևավորում, ինչը ինտեգրացիա ապահովելու հիմնական քայլերից է:
Դե դուք հայտարարեք, որ նման ցանկություն չունեք:
Պայմանական վերցնենք, որ Արցախում որոշում կայացնողները զուտ առկա խնդիրների հաղթահարման մասին են մտածում, սակայն փաստ է, որ Ադրբեջանի ընտրած մարտավարությունը բերելու է նրան, որ մի կետից հետո վերադարձի հնարավորություն չի լինելու, որովհետև պրոցեսն այսօր ադրբեջանական խաղի կանոններով է և նրա առաջ քաշած օրակարգով:
Ինչ վերաբերվում է վերջին հանդիպումներում արցախյան կողմը ներկայացնող գլխավոր անձին՝ ԱԽ քարտուղար Սամվել Շահրամանյանին, նրա ներկայությունը վերջին օրերին մամուլում ակտիվ քննարկվում է, ապա վերջինս, չնայած բանակցային գործընթացի մեծ փորձառություն չունի, սակայն կոփված տղա է, ճգնաժամային իրավիճակներում արդյունավետ գործելու ունակություն և անցած ճանապարհ ունի, ԱԱԾ գեներալ է:
Բայց խնդիրը նրա անձը չէ, այլ վերևից իջեցվող այն քաղաքականությունն ու որոշումները, որը նրա՝ որպես բանակցողի, աշխատանքային մոտեցումներում են դրվում:
Համոզված եմ, որ Շահրամանյանը գիտակցում է՝ առանց ականազերծման սարքի մտել է ականապատ դաշտ և ցանկացած անզգույշ քայլ կարող է պայթյունի բերել»: