Շաբաթ, 07 նոյեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +7 °C

Փաշինյանն անդրադարձավ Հայաստանի միջոցով ՌԴ-ի նկատմամբ պատժամիջոցները շրջանցելու հնարավորության վերաբերյալ հարցին

Փաշինյանն անդրադարձավ Հայաստանի միջոցով ՌԴ-ի նկատմամբ պատժամիջոցները շրջանցելու հնարավորության վերաբերյալ հարցին
382
Հինգշաբթի, 02 մարտի, 2023 թ., 20:18

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ հանդիպումից հետո կայացած մամուլի ասուլիսին վստահեցրեց, որ Ռուսաստանի նկատմամբ սահմանված պատժամիջոցները չեն շրջանցվում Հայաստանի միջոցով:

Փաշինյանը, անդրադառնալով երրորդ երկրների, այդ թվում՝ Հայաստանի միջոցով ՌԴ-ի նկատմամբ պատժամիջոցները շրջանցելու հնարավորության վերաբերյալ հարցին ու դիտարկմանը, որ Հայաստանի հետ ԵՄ-ի առևտուրը մեծացել է, ասաց. «Որպես ժողովրդավարական երկիր և որպես երկիր, որի համար թափանցիկությունը շատ կարևոր է, մեր բոլոր արևմտյան գործընկերներին ասել ենք ու ասում ենք, որ այդ հարցում պատրաստ ենք ու թափանցիկ ենք: Այո, թվերը փոխվում են, ամբողջ աշխարհում են թվերը փոխվում, որովհետև փոխվում են լոգիստիկ շղթաները, հարաբերությունները: Ոչ միայն ԵՄ-ից դեպի Հայաստան ներկրումներն են ավելացել, այլ նաև Հայաստանից արտահանումն է ավելացել դեպի ԵՄ երկրներ»,- ասաց վարչապետը:

Անդրադառնալով պատժամիջոցները շրջանցելու հետ կապված խոսակցություններին՝ Փաշինյանն ընդգծեց. «Դրանք ոչ ավելին են, քան ուղղակի խոսակցություններ: Իրականությունն ուղիղ հակառակն է: Անցյալ տարվա գարնանը արևմտյան մի սեփականատեր ՀՀ-ից է իր տիրապետության տակ վերցրել ՌԴ ավիաընկերություններից մեկի կողմից օգտագործվող օդանավ: Եվ սա, կարծում եմ, այն ամենաուղիղ և պարզ օրինակն է, երբ մենք ցույց ենք տվել, որ, հարգելով մեր բոլոր հարաբերությունները, մեր բոլոր գործընկերներին՝ գործողությունների և գործունեության օրինականությունը մեզ համար ունի սկզբունքային նշանակություն»: