Շաբաթ, 07 նոյեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +7 °C

Ընդգծվել է դատարանի որոշման կատարման ուղղությամբ մեխանիզմների գործարկման անհրաժեշտությունը

Ընդգծվել է դատարանի որոշման կատարման ուղղությամբ մեխանիզմների գործարկման անհրաժեշտությունը
275
Շաբաթ, 04 մարտի, 2023 թ., 16:06

«Ռաիսինա երկխոսություն» համաժողովի շրջանակներում Նյու Դելիում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը մարտի 4-ին հանդիպում է ունեցել Հնդկաստանի ԱԳ նախարար Սուբրամանյամ Ջայշանկարի հետ:

Հայաստանի և Հնդկաստանի ԱԳ նախարարները քննարկել են մի շարք ոլորտային ուղղություններով երկկողմ օրակարգի հարցեր՝ անդրադառնալով առևտրատնտեսական համագործակցության ու գործարար կապերի ակտիվացմանը, բարձր տեխնոլոգիաների, կրթության, մշակույթի, զբոսաշրջության և այլ ոլորտներում հարաբերությունների զարգացմանը:

Քննարկվել են տարածաշրջանային ու միջազգային անվտանգությանն առնչվող հարցեր: Արարատ Միրզոյանն իր գործընկերոջն է ներկայացրել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացի շուրջ վերջին զարգացումները:

Անդրադարձ է կատարվել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամին: Այս համատեքստում ընդգծվել է նաև Արդարադատության միջազգային դատարանի՝ Ադրբեջանի նկատմամբ հրատապ միջոցների կիրառման վերաբերյալ փետրվարի 22-ին կայացված որոշման կատարման ուղղությամբ հնարավոր մեխանիզմների գործարկման անհրաժեշտությունը: Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ-ը: