Շաբաթ, 07 նոյեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +7 °C

«Պետք է կատարվի վերլուծություն, թե ինչու է նման իրավիճակ ստեղծվել». նախարար

«Պետք է կատարվի վերլուծություն, թե ինչու է նման իրավիճակ ստեղծվել». նախարար
241
Շաբաթ, 11 մարտի, 2023 թ., 15:42

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը մեկնել է Կապան՝ այցելելու նախօրեին ողբերգական ավտովթարից տուժած դպրոցականներին և ուսուցիչներին։
«Սյունիքի մարզում նախօրեին տեղի ունեցած ավտովթարն իսկապես ողբերգություն է։ Պետք է կատարվի վերլուծություն, թե ինչու է նման իրավիճակ ստեղծվել։ Իրավապահ մարմիններն, իհրակե, իրենց գործն անում են, քննությունն ընթացքի մեջ է, բայց ԿԳՄՍ նախարարությունը՝ որպես կրթության ոլորտի լիազոր մարմին, պետք է հատուկ վերլուծություն իրականացնի, թե երեխաների տեղափոխման գործընթացն ընդհանրապես ինչպես է կազմակերպվում։ Մեր ուշադրությունն ու զգոնությունը պետք է բազմապատիկ մեծ լինի, երբ գործ ունենք երեխաների անվտանգության հետ: Համապատասխան չափորոշիչերն ու պահանջները պետք է շատ հստակ լինեն։ Վերահսկողության մեխանիզմները նույնպես կարգավորված և խիստ պետք է լինեն, երբ խոսում ենք երեխաներին տեղափոխող տրանսպորտային միջոցների մասին»,- նշել է նախարարը:
Նրա խոսքով՝ պետք է գործեն միասնական ստանդարտներ, անկախ նրանից, թե երեխաների տեղափոխումը որ կազմակերպության կողմից է իրականացվում։ Տվյալ դեպքում վթարված ավտոբուսի ծառայությունը պատվիրակված է եղել մասնավոր կազմակերպության կողմից, սակայն, ըստ նախարարի, դա խնդրի կարգավորման հետ որևէ կապ չունի. որակի միասնական չափորոշչի սահմանմամբ բոլորի համար ընդհանրական պահանջներ կլինեն։
«Շատ ցավալի է, որ պատահարի հետևանքով ուսուցչուհի է զոհվել․ ցավակցություն և զորակցություն եմ հայտնում հարազատներին։ Կատարվածը ողբերգություն է թե՛ դպրոցի, թե՛ աշակերտների, թե՛ մեզ համար»,- ասել է նախարարը։
Նշենք, որ երեխաներից շատերն արդեն դուրս են գրվել, մյուսների վիճակը գնահատվում է բավարար, ուսուցչուհիներից մեկը, որի վիճակը գնահատվում է ծանր, տեղափոխվել է մայրաքաղաքի բուժհաստություններից մեկը, մյուսների վիճակը կայուն է:

Աղբյուրը`   ԿԳՄՍՆ