Շաբաթ, 07 նոյեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +7 °C

Հավաստի՞ են ԱՀ նախագահի հրաժարականի մասին լուրերը. ԱՀ նախագահի խոսնակ

Հավաստի՞ են ԱՀ նախագահի հրաժարականի մասին լուրերը. ԱՀ նախագահի խոսնակ
599
Շաբաթ, 11 մարտի, 2023 թ., 20:42

Վերջին օրերին սոցիալական ցանցերում ու լրատվական դաշտում լուրեր են շրջանառվում Հայաստանի ու Արցախի պաշտոնատար անձանց միջև բախումների, Արցախում ներիշխանական լարվածության, քաղաքական ամենատարբեր պառակտիչ գործընթացների, Արցախում պաշտոնանկությունների ու հրաժարականների վերաբերյալ։ «Արցախպրես»-ը շրջանառվող այս լուրերի շարքում ամենաքննարկվող թեմայի՝ Արցախի Հանրապետության նախագահի հրաժարականի վերաբերյալ հարցադրում է կատարել Նախագահի մամուլի խոսնակ Լուսինե Ավանեսյանին, ով ի պատասխան նշել է, որ Արցախի Հանրապետության համար այս բարդ փուլում Նախագահ Հարությունյանը շարունակում է իրականացնել իր պարտականությունները։
«Հատկապես այս ժամանակաշրջանում ներքին ցանկացած ցնցում Արցախի համար կարող է կործանարար լինել, և Նախագահն իր լիազորությունների շրջանակներում բացառելու է նման իրավիճակները։
Նախագահը քանիցս հրապարակավ անդրադարձել է իր հրաժարականի թեմային և նրա ասածները մնում են ուժի մեջ, այն է՝ ինքը հրաժարական կտա առաջին իսկ հնարավորության դեպքում, երբ ստացվի ապահովել բնականոն իշխանափոխությունը և խուսափել վտանգավոր ցնցումներից: Արայիկ Հարությունյանը որևէ նպատակ չունի այսպիսի ծանր պայմաններում խուսափելու ստանձնած պատասխանատվությունից»,- ասել է Ավանեսյանը։
Անդրադառնալով ՀՀ իշխանությունների հետ հարաբերությունների հարցին, նա հավաստիացրել է, որ շարունակվում են աշխատանքային հարաբերությունները, քննարկումներն ու, ըստ կարիքի, բանավեճերը:
«Սակայն ինչ ներքին քննարկումներ ու գործընթացներ էլ տեղի ունենան՝ Նախագահ Հարությունյանը համոզված է, որ հայության տարբեր հատվածների միջև պառակտումն ու լարվածության աճն անընդունելի են և վտանգավոր»,- ընդգծել է ԱՀ նախագահի մամուլի խոսնակը։