Եվրոխորհրդարանը հրապարակել է ԵՄ-Ադրբեջան հարաբերությունների վերաբերյալ զեկույց
![]() 165 Չորեքշաբթի, 15 մարտի, 2023 թ., 19:06 Եվրոխորհրդարանը հրապարակել է ԵՄ-Ադրբեջան հարաբերությունների վերաբերյալ զեկույց, որտեղ անդրադարձ է կատարվել հայ-ադրբեջանական հակամարտությանը և ԼՂ հիմնախնդրին։ Նշվել է, որ 2020 թ. 44-օրյա պատերազմից հետո կնքված հրադադարը չի պահպանվում, ավելին՝ հրադադարը մի քանի անգամ խախտվել է՝ հանգեցնելով հարյուրավոր զոհերի և Ադրբեջանի զորքերի կողմից Հայաստանի արևելքում ու հարավ-արևելքում երկրի ինքնիշխան տարածքի բռնազավթման, հաղորդում է Լուրերը: Զեկույցում նշվում է, որ Լեռնային Ղարաբաղի շուրջ Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունը մեծապես խոչընդոտել է Հարավային Կովկասի տարածաշրջանի զարգացումն ու կայունությունը և ավելի լայն իմաստով ազդում է եվրոպական կայունության վրա: Փաստաթղթում հիշատակվում է Լաչինի միջանցքով քաղաքացիական երթևեկության արգելափակումը: ԵՄ-ն լրջորեն մտահոգված է Լաչինի միջանցքի շրջափակմամբ, կոչ է անում Ադրբեջանի իշխանություններին ապահովել այդ միջանցքով տեղաշարժի ազատությունն ու անվտանգությունը, ինչպես սահմանված է 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ, կոչ է անում Հայաստանին և Ադրբեջանին Լաչինի միջանցքի գործունեության հետ կապված բոլոր մտահոգությունները լուծել երկխոսության և բոլոր ներգրավված կողմերի հետ խորհրդակցությունների միջոցով: Եվրոպական խորհրդարանը դատապարտում է սեպտեմբերյան մարտերի ժամանակ ռազմագերիների խոշտանգումները, 2020 թ. և 2021 թ. սկզբին քաղաքացիական անձանց, այդ թվում՝ տարեցների նկատմամբ ոտնձգությունները և արտադատական հաշվեհարդարները: Եվրոպական կառույցը դատապարտում է նաև Թուրքիայի էքսպանսիոնիստական և ապակայունացնող դերը Հարավային Կովկասում, այդ թվում՝ 2020 թվականին Լեռնային Ղարաբաղի երկրորդ պատերազմում Հայաստանի դեմ Ադրբեջանի կողմից կռվելու համար սիրիացի վարձկաններ ուղարկելու միջոցով և կարծում է, որ տարածաշրջանում կառուցողական դեր խաղալու համար Թուրքիան պետք է վերանայի Ադրբեջանին իր անվերապահ աջակցությունը և շոշափելի քայլեր ձեռնարկի Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ: Հետևաբար, վճռականորեն աջակցում է ԵԽ նախագահ Շառլ Միշելի նախաձեռնությունը՝ հրավիրելու և միջնորդելու Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների երկկողմ հանդիպումները և խրախուսում է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցչի աշխատանքը: «ԵՄ-ն պատրաստ է ակտիվ դերակատարում ունենալ՝ որպես հուսալի առևտրային գործընկեր և արդար միջնորդ Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն խաղաղություն հաստատելու գործում՝ իր գործողությունները հիմնելով ժողովրդավարությունը, օրենքի գերակայությունը և մարդու իրավունքների հանդեպ հարգանքն առաջ մղելու վրա»,- նշում են զեկույցի հեղինակները՝ հավելելով, որ Ուկրաինայում Ռուսաստանի ծավալած հակամարտությունն ազդեցություն է ունեցել Հարավային Կովկասի վրա և էլ ավելի է բարդացրել տարածաշրջանի անվտանգային իրավիճակը: Եվրոպական խորհրդարանը խստորեն դատապարտում է 2022 թ. սեպտեմբերին Հայաստանի ինքնիշխան տարածքում բազմաթիվ թիրախների դեմ լայնածավալ ռազմական ագրեսիան… դատապարտում է ռազմական ներխուժումները, որոնք 2021 թ. մայիսից ի վեր իրականացվել են չսահմանազատված սահմանով, բոլոր ուժերին կոչ է անում վերադառնալ իրենց ելման դիրքեր, դատապարտում է խաղաղության գործընթացը խաթարող ցանկացած փորձ և բոլոր կողմերին կոչ է անում զերծ մնալ ուժի կիրառումից, ցանկացած թշնամական հռետորաբանությունից կամ գործողություններից, որոնք կարող են հրահրել ատելություն կամ բացահայտ բռնություն, կամ այնպիսի գործողություններից, որոնք վտանգում են վստահության, հաշտեցման, համագործակցության և կայուն մթնոլորտի ստեղծմանը։ Կոչ է անում երկու երկրի կառավարություններին ամբողջությամբ ներգրավվել համապարփակ և փոխադարձ ընդունելի խաղաղության պայմանագրի մշակմանը, որը պետք է անդրադառնա Լեռնային Ղարաբաղի ողջ բնակչության իրավունքներին և անվտանգությանը, ներքին տեղահանվածների և փախստականների վերադարձին և մշակութային ոլորտների, կրոնական ու պատմական ժառանգության պաշտպանությանը, ողջունում է այս կապակցությամբ երկու պետության արտաքին գործերի նախարարների հանդիպումները 2022 թվականի սեպտեմբերի 30-ին Ժնևում և 2022 թվականի նոյեմբերի 8-ին Վաշինգտոնում, ընդգծում է, որ Լեռնային Ղարաբաղի բնակչության իրավունքներին և անվտանգությանը վերաբերող կենսունակ իրավական լուծում պետք է գտնվի՝ ապահովելու հակամարտության տևական կարգավորումը: Ողջունում է Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելություն տեղակայելու համաձայնությունը՝ անվտանգության և պաշտպանության ընդհանուր քաղաքականության շրջանակներում Ադրբեջանի հետ միջազգային սահմանի հայկական կողմի երկայնքով՝ նպաստելու Հայաստանի սահմանամերձ տարածքներում կայունությանն ու վստահության ամրապնդմանը: Ողջունում է Հայաստանի պատրաստակամությունը՝ նպաստելու իր տարածքում առաքելությանը և կոչ է անում Ադրբեջանին թույլ տալ ԵՄ դիտորդների ներկայությունը նաև սահմանի իր կողմից: Եվրոպական խորհրդարանը նաև մտահոգություն է հայտնում հայ գերիների՝ ինչպես զինվորականների, այնպես էլ քաղաքացիական անձանց ճակատագրի առնչությամբ, որոնք կալանավորվել են հակամարտության ընթացքում և դրանից հետո և դեռ պահվում են Ադրբեջանի բանտերում: Կոչ է անում անհապաղ և անվերապահ ազատ արձակել մնացած բոլոր կալանավորներին, ներառյալ վերջին ռազմական առճակատումների ժամանակ գերեվարվածներին, և նրանց հետ վարվել միջազգային մարդասիրական իրավունքի համաձայն: Ապշած է կադրերից, որոնցում ցուցադրվում են Ադրբեջանի զինված ուժերի կողմից հայ զինծառայողի և անզեն հայ ռազմագերիների խոշտանգումները, անդամահատումն ու սպանությունը և դատապարտում է դրանց հրապարակային տարածումը: Կոչ է անում ամբողջական և անաչառ հետաքննել տեսանյութերը՝ բացահայտելու մեղավորներին և պատասխանատվության ենթարկելու իրենց գործողությունների համար: Հիշեցնում է, որ Եվրոպական հարևանության քաղաքականությունն ընդգծում է հարևանների միջև հարաբերություններն ամրապնդելու և տարածաշրջանային համագործակցությունը խթանելու անհրաժեշտությունը: |
Ըստ Շվեդիայի ԱԳՆ-ի, Ֆինլանդիայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին ամբողջական չի լինի առանց Ստոկհոլմի
127Երեկ, 21:42«Հռոմի կանոնադրության մասին ՍԴ որոշումը որևէ մեկին կալանավորելու քայլ չի պահանջում». ԱԺ փոխնախագահ
68Երեկ, 18:06Մետրոպոլիտենն աշխատում է արտակարգ ռեժիմով. քաղաքապետարան
75Երեկ, 16:30ԱՀ ՆԳՆ-ը՝ Արցախը Հայաստանին կապող ճանապարհի մասին
221Երեկ, 16:18Մետրոպոլիտենի աշխատանքը դադարեցվել է
107Երեկ, 15:24Կաշառք տալու կասկածանքով ձերբակալվել են Միասնական սոցիալական ծառայության աշխատակիցն ու ևս երկու անձ
85Երեկ, 15:00Ամենացածր ջերմաստիճանը սպասվում է ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը
83Երեկ, 14:12Իրանի ԱԳՆ խոսնակը կոշտ արձագանքել է Ադրբեջանին
131Երեկ, 14:00