Սարսանգի ջրի մակարդակն աննախադեպ իջել է. ամենօրյա տեղեկագիր
![]() 955 Երեքշաբթի, 25 ապրիլի, 2023 թ., 20:30 1. Ադրբեջանական կողմը փակել է Արցախ-Հայաստան սահմանագծին գտնվող Հակարիի կամուրջը, որը գտնվում է ՌԴ խաղաղապահների պատասխանատվության տիրույթում, և սկսել անցակետի կառուցման աշխատանքներ Ադրբեջանական կողմը, հերթական անգամ կոպտորեն խախտելով 2020թ. եռակողմ հայտարարության դրույթները, ապրիլի 23-ին փակել է Արցախ-Հայաստան սահմանագծին գտնվող Հակարիի կամուրջը, որը գտնվում է ՌԴ խաղաղապահ զորակազմի պատասխանատվության տիրույթում՝ «Լաչինի միջանցք»-ում: Մինչ այդ Ադրբեջանական կողմը կեղծ տեղեկատվական արշավ էր սկսել՝ հող նախապատրաստելով Արցախի Հանրապետության դեմ նոր սադրանքների համար: Մասնավորապես՝ ապրիլի 22-ին Ադրբեջանի ՊՆ-ն տարածել էր ապատեղեկատվություն այն մասին, թե իբր Շուշիի շրջանում ադրբեջանական բանակի ռազմական բեռնատար է պայթել հայկական կողմի հատուկ տեղադրած ականների վրա։ Իսկ նշված հայտարարությանը նախորդել էր նաև ապատեղեկատվություն պարունակող մեկ այլ հաղորդագրություն, որում, մասնավորապես, ասվում էր, թե իբր ռուս խաղաղապահների ուղեկցությամբ Հայաստանից Արցախ ռազմամթերք է տեղափոխվել: Հակարիի կամուրջը փակելու կապակցությամբ ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը նույն օրը հրավիրել է Անվտանգության խորհրդի հրատապ նիստ։ Անվտանգության խորհրդի բոլոր անդամները միաձայն ընդունել են հայտարարություն, որում, մասնավորապես, նշված է. «Բացարձակորեն անընդունելի համարելով Արցախը Հայաստանի հետ կապող՝ ՌԴ խաղաղապահ զորակազմի պատասխանատվության տիրույթում գտնվող Լաչինի միջանցքի արգելափակումը և ապրիլի 23-ին այնտեղ անցակետի տեղադրումն Ադրբեջանի կողմից, Արձանագրելով, որ այդ քայլով Արցախի ժողովուրդը վերջնականապես դարձել է պատանդ Ադրբեջանի ձեռքում՝ էթնիկ զտման աճող ռիսկով, իսկ Եռակողմ հայտարարության հետագա գործունեությունը լրջորեն վտանգված է՝ Դիմում ենք Եռակողմ հայտարարության կողմերին և հատկապես Ռուսաստանի Դաշնությանը՝ անհապաղ քննարկումներ սկսելու Արցախի շրջափակման վերացման, ադրբեջանական անցակետի տեղադրման կանխարգելման և Արցախի ժողովրդի անվտանգության իրական երաշխիքների ապահովման շուրջ. Ակնկալում ենք ամենակարճ ժամկետում գործուն քայլեր Արցախի ժողովրդի առջև ծագած անվտանգային և հումանիտար հիմնախնդիրների լուծման ուղղությամբ, որոնց բացակայությունը թույլ կտա Արցախի իշխանություններին ու ժողովրդին որոշելու իրենց հետագա անելիքները»։ Հայտարարության մեջ, մասնավորապես, ասված է․ «Լաչինի միջանցքի նկատմամբ վերահսկողության հաստատմանն ուղղված Ադրբեջանի քայլերը ուղղակիորեն հակասում են 2020 թ․ նոյեմբերի 9-ի Եռակողմ հայտարարության 6-րդ կետին։ Եռակողմ հայտարարության տակ Ադրբեջանի նախագահի ստորագրությունն Ադրբեջան պետության ուղղակի և միանշանակ համաձայնությունն է՝ Լաչինի միջանցքի նկատմամբ բացառիկ վերահսկողություն փոխանցել ՌԴ խաղաղապահ զորակազմին։ Հրադադարի հաստատումից ի վեր Ադրբեջանը պարբերաբար խախտել է 2020 թ․ նոյեմբերի 9-ի Եռակողմ հայտարարության գրեթե բոլոր դրույթները։ Սակայն անցակետ տեղադրելու մասին ադրբեջանական կողմի պաշտոնական հայտարարությունը վկայում է Բաքվի՝ տվյալ փաստաթղթով ստանձնած պարտավորություններից հրաժարվելու մտադրության մասին։ Ակնկալում ենք ինչպես լայն միջազգային հանրության, այնպես էլ Եռակողմ հայտարարության կողմերի և, առաջին հերթին, հայտարարության իրականացման երաշխավոր հանդիսացող Ռուսաստանի Դաշնության միանշանակ և համարժեք արձագանքն ու գործուն քայլերը՝ ադրբեջանական անցակետի տեղադրումը թույլ չտալու, Լաչինի միջանցքը բացելու, Ադրբեջանի կողմից Եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտավորությունների իրականացումն ու Արցախի ժողովրդի ֆիզիկական անվտանգությունն ապահովելու ուղղությամբ: Պահանջում ենք ՄԱԿ-ի ԱԽ անդամ պետություններից իրականացնել ՄԱԿ-ի կանոնադրությամբ և միջազգային իրավունքով ստանձնած իրենց պարտավորությունները և վերջ դնել Արցախի էթնիկ զտման և նրա ժողովրդին ոչնչացնելու Ադրբեջանի հանցավոր քաղաքականությանը»։ Ապրիլի 23-ին, Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվան ընդառաջ,Ստեփանակերտում տեղի է ունեցել ավանդական ջահերով երթը: «Հիշե՛նք անցյալը, պաշտպանե՛նք ապագան» խորագրով ջահերթը մեկնարկել է Ստեփանակերտի Սուրբ Հակոբ եկեղեցու բակից։ Եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Մինաս քահանա Մովսիսյանը կատարել է ոգեկոչման արարողություն: Այնուհետև ջահերթի մասնակիցները շարժվել են դեպի Ստեփանակերտի հուշահամալիր՝ հայկական ազգային երաժշտության ներքո տանելով Հայոց երկու պետականությունների դրոշները։ Հուշահամալիրում՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող Զանգակատուն-հուշակոթողի մոտ, ջահերթի մասնակիցները հարգանքի տուրք են մատուցել: «Ամեն տարի ապրիլի 24-ին մենք ազգովի հիշում և ոգեկոչում ենք Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը, մեր 1.5 միլիոն սուրբ նահատակների, որ դարձան թուրքական յաթաղանի զոհ միայն այն բանի համար, որ հայ էին: Մարդկության դեմ ուղղված այդ հրեշավոր ոճրագործությունը վաղեմության ժամկետ չունի: Եվ քանի դեռ այն չի ճանաչվել ու դատապարտվել ամբողջ քաղաքակիրթ աշխարհի կողմից, մենք կարող ենք ականատես լինել ցեղասպանության նոր դրսևորումների ամբողջ աշխարհում: Այսօր Արցախը կանգնած է թուրք-ադրբեջանական հայատյաց ու ցեղասպանական քաղաքականության նոր և իրական վտանգների առջև: Մեծ Եղեռնից 108 տարի անց էլ հայը շարունակում է կենաց-մահու պայքար մղել իր հայրենիքում ազատ ու անկախ ապրելու, սեփական իրավունքներն ու ազատությունները, ազգային շահերն ու արժանապատվությունը պաշտպանելու համար: 134 օր շարունակվող շրջափակման մեջ պահելով Արցախի 120 հազար խաղաղ բնակչությանը, տասնյակ հազարավոր երեխաների ու ծերերի, ոտնահարելով միջազգային իրավունքի բոլոր նորմերն ու սկզբունքները, անտեսելով միջազգային հանրության հորդորները և ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի որոշումը՝ Ադրբեջանի բռնապետական իշխանությունները փորձում են ծնկի բերել մեր ժողովրդին: Սակայն մենք անդրդվելի ենք ու վճռական Արցախը միշտ հայկական ու անառիկ պահելու ճանապարհին: Մենք այլընտրանք չունենք։ Հայը չի կարող նորից հայրենիք կորցնել, դառնալ տարագիր ու սփռվել աշխարհով մեկ: Մենք պետք է դասեր քաղենք անցյալից ու միասնաբար կերտենք հայ ժողովրդի ապագան՝ այսօր և այստեղ: Պահն օրհասական է, լինել-չլինելու հարց է ոչ միայն Արցախի, այլև՝ հայոց պետականության համար: Այսօր քան երբեւէ պետք է խոսքից անցնել գործի։ Համազգային պատասխանատվության, արժանապատվության, պահանջատիրության պահն է՝կանգնել Արցախի կողքին և կանխել նորանոր համազգային ողբերգություններն ու ձախողումները։ Ուստի, ապավինելով Մայր Հայրենիքին, աշխարհասփյուռ հայությանը և օտարերկրյա բարեկամներին՝ մենք բոլոր կազմակերպություններին ու սրտացավ անձանց խնդրում ու հորդորում ենք կիրառել բոլոր հնարավոր գործիքակազմերը ի պաշտպանություն Արցախի մաքառող ժողովրդի՝ հանուն հայոց համազգային շահերի և համամարդկային արժեքների: Աստված պահապան հայ ազգին»: Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն ապրիլի 24-ին Հանրապետության բարձրաստիճան ղեկավարության և բազմաթիվ քաղաքացիներ հետ այցելել է Ստեփանակերտի հուշահամալիր և ծաղկեպսակ դրել Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին։ Հունվարի 9-ին Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող Աղավնո – Բերձոր հատվածում Ադրբեջանը վնասել է Հայաստանից Արցախ բարձրավոլտ հոսանքագիծը՝ արգելելով Արցախի մասնագետներին մոտենալ և վերականգնել այն: Էլեկտրաէներգիայի գլխավոր տեղական մատակարարը Սարսանգի ջրամբարի հիդրոէլեկտրակայանն է, սակայն մեծ ծավալի սպառման և քիչ տեղումների պատճառով Սարսանգի ջրի մակարդակն աննախադեպ իջել է: 600 մլն խորանարդ մետր տարողունակությամբ ջրամբարում այս պահին 100 միլիոն խորանարդ մետր ջուր կա, որի 70 տոկոսը մեռյալ ծավալն է ու ենթակա չէ օգտագործման: Ջրի ծավալը մեծ արագությամբ իջնում է անթույլատրելի մակարդակի, որից հետո հնարավոր չի լինի անվտանգ աշխատեցնել «Սարսանգ» ՀԷԿ-ը և ապահովել Արցախի բնակչության՝ նույնիսկ նվազագույն էներգետիկ կարիքները։ Հիշեցնենք, որ մարտի 21-ից ադրբեջանական կողմն ամբողջությամբ արգելափակել է նաև Արցախ մտնող միակ գազատարը՝ օրեցօր խորացնելով էներգետիկ ճգնաժամն ու հումանիտար աղետը, իսկ էլեկտրաէներգիան մատակարարվում է հովհարային անջատումներով։ Շրջափակման 131-րդ օրը առողջապահական համակարգի կողմից որոշվել է սուր վիրահատական դեպքերի հետագա բարդություններից խուսափելու համար մասնակիորեն վերականգնել պլանային վիրահատությունները: Հաշվի առնելով դեղորայքի և բժշկական պարագաների սահմանափակ պաշարները վիրահատական միջամտության են ենթարկվելու միայն առաջնահերթ և բարդացման էական ռիսկով դեպքերը: Չնայած Արցախի առողջապահական համակարգի գործադրած առավելագույն ջանքերին, Ադրբեջանի կազմակերպած շրջափակման հետևանքով Արցախի բազմաթիվ բնակիչներ մի շարք դեպքերում շարունակում են զրկված մնալ իրենց անհրաժեշտ բժշկական ծառայություններից։ Հարկ է նշել, որ ԿԽՄԿ միջնորդությամբ Հայաստան են տեղափոխվում միայն այն բուժառուները, որոնց բժշկական օգնությունը հնարավոր չէ կազմակերպել Արցախում՝ հաշվի առնելով անհրաժեշտ բժշկական սարքավորումների և հետազոտությունների իրականացման բացակայությունը։ Ավելի քան չորսամյա շրջափակման հետևանքով Արցախում առաջացել են սոցիալական լուրջ խնդիրներ: Հազարավոր քաղաքացիներ զրկվել են իրենց եկամտի աղբյուրներից: Թեև պետության կողմից զգալի քայլեր են ձեռնարկվել բնակչության սոցիալական սուր կարիքների բավարարման ուղղությամբ, այնուամենայնիվ, ճգնաժամային իրավիճակում պետական հնարավորություններն ավելի քիչ են՝ կարիքների համեմատ։ Պետնախարարը պետական բյուջեից աշխատավարձ ստացող, ինչպես նաև ֆինանսական բավարար հնարավորություններ ունեցող հայրենակիցներին կոչ է արել հետևել իր օրինակին և կամավորությամբ եկամտի մի մասը փոխանցել ԱՀ կառավարության արտաբյուջետային հաշվին՝ կարիքավոր հայրենակիցներին լրացուցիչ աջակցություն ցուցաբերելու նպատակով՝ ապահովելով փոխօգնության միջավայր: Նախագահ Արայիկ Հարությունյանը ողջունել և միացել է պետական նախարարի նախաձեռնությանը և ընթացիկ ամսվա աշխատավարձը փոխանցել կառավարության արտաբյուջեի հաշվեհամարին։ Հավաքագրված գումարը կիրառվելու է ԱՀ սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարության կողմից՝ նյութական աջակցության տրամադրման ձևավորված մեխանիզմներով՝ դիմող ընտանիքի կամ անձի կարիքների գնահատման հիման վրա: Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Սերգեյ Ղազարյանն ապրիլի 24-ին Երևանում հանդիպել է Ֆրանսիայի Սենատում մեծամասնություն կազմող «Հանրապետականներ» խմբակցության ղեկավար, Սենատի՝ Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ միջազգային իրազեկման խմբի նախագահ Բրունո Ռըտայոյի գլխավորած պատվիրակության հետ: Քննարկվել է Ադրբեջանի կողմից արդեն 134 օր շարունակվող Արցախի շրջափակման հետևանքով ստեղծված հումանիտար իրավիճակը: Անդրադարձ է կատարվել 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության դրույթների կոպտագույն խախտումներին, մասնավորապես, նախօրեին՝ ապրիլի 23-ին Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքում անցակետի ապօրինի տեղադրմանը և ստեղծված պայմաններում միջազգային հանրության հրատապ արձագանքի անհրաժեշտությանը։ |
«Դարձար միակը ողջ հայոց պատմության մեջ, ով Արցախն ամբողջությամբ հայաթափեց». Աննա Կոստանյան
4703:06«Հայերը պետք ա դեմքով ճանաչեն սրանց». Հովհաննես Հարությունյան (լուսանկար)
31100:12«Թիկունք լինենք իրար, հայեր». գործարկվել է tikunq.am հարթակը
24900:00«Զանգի՛ր Բաքու, օդային միջանցք ուզի՛ր շատ կառուցողական գործընկերոջիցդ». Աննա Կոստանյան
207Երեկ, 23:48«Լեռնային Ղարաբաղում պետք է լինի միջազգային ներկայություն, Լաչինի միջանցքը պետք է բացվի». Սամանթա Փաուեր (տեսանյութ)
219Երեկ, 23:12«Միջազգայինները պետք է շտապ օգնեն՝ հասնել Ստեփանակերտի պայթունի հետևանքով վիրավորվածներին». Տաթևիկ Հայրապետյան
270Երեկ, 22:36«Միացյալ Նահանգներին չեն մտահոգում Հայաստանն ու հայերը». Կոլոկոլցևը՝ Փաշինյանին
566Երեկ, 22:30«Պետք է շտապ օդային միջանցք բացել պայթյունից վիրավորվածներին տեղափոխելու համար». Տիգրան Աբրահամյան
260Երեկ, 21:42