Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +3 °C

«2020թ. նոյեմբերի 9-ից չեմ հասկացել մեկ արտահայտության իմաստ». Սոֆյա Հովսեփյան

«2020թ. նոյեմբերի 9-ից չեմ հասկացել մեկ արտահայտության իմաստ». Սոֆյա Հովսեփյան
335
Ուրբաթ, 05 մայիսի, 2023 թ., 16:24

Արցախի սոցիալական զարգացման ծրագրերի հիմնադրամի տնօրեն Սոֆյա Հովսեփյանի գրառումը․ «2020թ. նոյեմբերի 9-ից միշտ չեմ հասկացել մեկ արտահայտության իմաստ. «Իմ սիրտը չի դիմանա Արցախ գամ, չեմ կարող Շուշիի կողքով անցնեմ ու տեսնեմ «Շուշա» գրած, չեմ պատկերացնում, որ Հադրութը չկա, ես կմեռնեմ» և այլն։
Երևի ես տարօրինակ ապրումակցման դեֆիցիտ ունեմ, որ նոյեմբերի 9-ից հետո էլ չեմ կարող Երևանում մնալ, իմ գյուղ գնալ, իմ տանը հանգիստ քնել, չեմ կարողանում ներել, սկսել եմ ատել ...
Հիմա՝ շուրջ 150 օր, մեկ այլ թեզի եմ հանդիպում «դե ի՞նչ հարցնեմ «ո՞նց եք», էն է չե՞նք տեսնում, ես ամաչում եմ զանգահարեմ Արցախ, ես ամաչում եմ հարցնել որպիսություն, ես փորձում եմ ինձ զբաղեցնել, որ չկենտրոնանամ Արցախի խնդրի վրա» և այլն (բոլոր նախադասությունները կամ բառերը վերցրած են հստակ ինչ-որ տեղերից, գրառումներից)...
Էլի տարօրինակ ապրումակցման պակաս կա մոտս, մտածում եմ՝ ա՜յ մարդ, եթե շուշեցին, որը քարը քարին է դրել, պապուպապով Շուշիում է ապրել, հիմա Ստեփանակերտից ամեն օր տեսնում է Շուշիիում ծածանվող թշնամական դրոշը ու ամեն առավոտ վերահաստատում է, որ վերադառնալու է, ես ո՞վ եմ, որ չեմ կարող տեսնել, մի հատ էլ չհաստատել իր հաստատածը։
Կամ եթե բազմազավակ տեղահանված մայրը իր մեջ ուժ է գտնում ասելու «Պինդ եմ, իմ հողի վրա եմ ու չեմ ընկճվելու ու չեմ գնալու», ո՞վ եմ ես, որ չկարողանամ ասել «ես էլ քո հետ եմ պինդ, քեզնով եմ պինդ ու քո հետ եմ ու էս հողը նաև իմն է ու ապրեմ իրենց հետո, իրենցով ու փորձեմ ձեռք մեկնել որքան կարող եմ։
Չէ՜, մի՛ ենթադրեք, ենթադրելով կորցնում եք վաղվա ձեռքբերումը և այսօրվա ունեցածը։
Հարցրե՛ք, գոտեպնդե՛ք, գոտեպնդվե՛ք, ժպիտով ապրե՛ք ու հավատացրե՛ք, որ իրենց հետ եք ու որ իրենց հետ կպահեք և հետ կբերեք, թե Շուշին ու Քարվաճառը, թե ատամներով կպահեք Սյունիքն ու Տավուշի...»:

Աղբյուրը`   Սոֆյա Հովսեփյան