Հինգշաբթի, 05 նոյեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +12 °C

«ԵԽ-ն սատարում է Լաչինի միջանցք միջազգային փաստահավաք առաքելության ուղարկելու գաղափարը»․ Նատալի Լուազո

«ԵԽ-ն սատարում է Լաչինի միջանցք միջազգային փաստահավաք առաքելության ուղարկելու գաղափարը»․ Նատալի Լուազո
362
Չորեքշաբթի, 21 հունիսի, 2023 թ., 22:18

Եվրոպական խորհրդարանն ամբողջությամբ սատարում է Լաչինի միջանցք միջազգային փաստահավաք առաքելության ուղարկելու գաղափարը։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարել է Եվրոպական խորհրդարանի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի Անվտանգության և պաշտպանության ենթահանձնաժողովի նախագահ Նատալի Լուազոն՝ պատասխանելով հարցին, թե իր՝ Հայաստան այցի շրջանակներում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ քննարկվե՞լ է Լաչինի միջանցք փաստահավաք խումբ ուղարկելու հարցը, և արդյոք այս պահին տեսնում է նման հնարավորություն։

«Առաջինը՝ Լաչինի միջանցքի ապաշրջափակման մասով գոյություն ունի Արդարադատության միջազգային դատարանի վճիռը, որը պետք է պատշաճ կատարվի։ Երկրորդ՝ Եվրոպական խորհրդարանը լրիվ սատարում է փաստահավաք առաքելություն ուղարկելու գաղափարը։

Եվրոպական խոհրդարանը նաև ողջունում է առհասարակ միջազգային ներկայության գաղափարը Լեռնային Ղարաբաղի բնակչության իրավունքները և շահերը լիարժեք պաշտպանելու համար։
Մենք նաև միանգամայն կողմ ենք, որպեսզի ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի բանաձև ընդունվի։ Եվ ինչքան շուտ, այնքան լավ կլինի, եթե ՄԱԿ անվտանգության խորհրդի անդամները նախապատրաստեն այդօրինակ բանաձևի նախագիծը»,- ասել է Լուազոն։